Այսօր պետք է ցանկապատվի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի տարածքը, որպեսզի սկսվեն քանդման աշխատանքները: Հուշարձան-շենքն ապամոնտաժվելու է՝ տեղում կառուցվի բազմաֆունկցիոնալ շենք, որի 9 հարկանի հատվածը լինելու է հուշարձանի տարածքում:
Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի մի խումբ անդամներ սակայն դեմ են շենքի քանդմանը: Նրանք այսօր հավաքվել էին այդ հասցեում՝ նշելով, որ անկախ այն բանից, որ պահպանվելու է ֆասադը, շենքի ապամոնտաժումն անթույլատրելի է. «Հուշարձանը քանդելու ոչ մի արդարացում ընդունելի չի, հուշարձանը մենակ ֆասադը չի կամ մի քանի մետրը, այլ կառույցն իր ամբողջականությամբ»,-նշեցին ցույցի մասնակիցները:
Շենքի կառուցապատողը «Կաէռ Մայնինգ» ընկերությունն է: ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ Արման Մկրտչյանը, որը եկել էր հանդիպելու բողոքի ցույցի մասնակիցներին, ասաց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն տրամադրել է ճարտարապետաշինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տարածքի քանդման աշխատանքները։ Ասաց, որ այսօր ցանկապատելու են տարածքը:
Արման Մկրտչյանը որեւէ փաստաթուղթ չներկայացրեց ցույցի մասնակիցներին, միայն ցուցադրեց հեռախոսում առկա շինարարական նախագիծը: Նրա պնդմամբ, որեւէ հարկ չի ավելանալու հուշարձան-շենքին, իսկ շենքի պատմամշակութային մասն ընդամենը ֆասադային 6 մետր հատվածն է, որը պահպանվելու է, իսկ մնացածը կավային հատվածն է։
Կարդացեք նաև
Կառուցապատողը խոստացավ այլ փաստաթղթերը ներկայացնել վաղը:
«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն Երեւանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսիի կառուցապատողներից մեկն է: Նրա երեք լոտերից մեկը գտնվում է Հանրապետության 46 hասցեում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից