«Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելը իրավապահ մարմինները հիմնավորում են նրանով, որ իբր փորձել են ծանուցագիր տրամադրել, իբր տանը մարդ չի եղել, դրա համար բերման են ենթարկել։ Եվ սա այն դեպքում, երբ ես անձամբ մի քանի անգամ զանգել եմ Մեղրիի հերթապահ մաս և ասել եմ՝ ընկերներ, տանը մարդ կա, սպասում է, տարեք ծանուցագիրը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա բնորոշմամբ նման իրավիճակում իրավապահ մարմինների՝ ինքնաձիգներով և դիմակներով ներկայանալն արդեն իսկ պաշտոնեական լիազորությունների անցում է, քանի որ չի կարելի նույն կերպ վարվել ցանկացած հանցագործության դեպքում և ցանկացած վտանգավորություն ներկայացնող անձի նկատմամբ։
«Մխիթար Զաքարյանն այս պահին մեղադրվում է տուգանքով պատժվող արարքի համար, որը որևէ աղերս չունի անձանց կյանքի և առողջության նկատմամբ վտանգ ներկայացնելու հետ։ Հետևաբար, ակնհայտ է, որ այս գործողություններն այլ նպատակ էին հետապնդում»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Մխիթար Զաքարյանը 44-օրյա պատերազմում ստացած վնասվածքներ ունի, ուստի առանձին անդրադարձ կկատարեն նաև իրավապահների կողմից վերջինիս հասցված վնասվածքներին։
Կարդացեք նաև
Ամփոփելով՝ Երեմ Սարգսյանն ասաց․ «Եթե իրավապահ մարմինը փորձում է հանցագործություններով, ապօրինություններով իբր օրինականություն հաստատել, ապա չի կարողանալու այլ անձանցից պահանջել նույնը չանել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ