Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտավորյալ չեն ասում, որ Փաշինյանն ասել է՝ մուրճը սիմվոլ է, օրենքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ»․ դատախազը՝ ՍԴ-ում

Հուլիս 12,2021 14:23

«Դիմումատուները շռայլորեն օգտագործել են «բռնության կոչ» եզրույթը, դատարանին ներկայացրել քաղաքական ուժերի առաջնորդների հայտարարությունների քրեաիրավական նշանակություն ունենալու հանգամանքը, բայց չմոռանանք՝ ամեն հարկադրանք չէ, որ բռնություն է, սա պարզ բացատրություն է»,-ՍԴ նիստում այսօր անդրադառնալով դիմումատու քաղաքական ուժերի մատնանշած հանգամանքին, որ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարությունները բռնության կոչ են պարունակել, վախի մթնոլորտ սերմանել եւ ազդել ընտրողների կամարտահայտության վրա՝ ասաց դատարանում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։

«Եթե իրավական հարկադրանքի մասին է խոսքը, ապա բռնության մասին խոսք լինել չի կարող։ Քրեաիրավական տեսանկյունից հարցին գնահատական տալիս հաշվի ենք առել կոչեր արած անձանց կարգավիճակն առանց բացառության։ Բոլոր կոչերն արվել են մասնակից քաղաքական ուժերի ղեկավարների կողմից։ Մյուս կարեւոր հանգամանքը հայտարարությունների համատեքստն է։ Գուցե դիմումատուները դիտավորյալ չեն ասում այն մասին, որ ՔՊ ղեկավար  Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած արտահայտություններում կարմիր թելի նման անցել է այն գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է, որը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակը։ Ակնհայտ է, որ խոսքի համատեքստը բռնությանը չի վերաբերում։ Գուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց ամեն հարկադրանք չէ, որ բռնություն է։ Հարկադրանքը կարող է լինել օրինական եւ իրավական»,-նշեց Կարեն Բիշարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ելույթներում քանիցս շեշտել է, որ մուրճի ցուցադրումը բառացի պետք չէ հասկանալ, այն օրենքի դիկտատուրայի սիմվոլ է, ուստի խոսքը պատշաճ պետք է գնահատվեր դիմումատուների կողմից։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031