«Տեղամասերից մեկում նկարահանված է զինվորների քվեարկության ընթացքը, երեւում է, որ զինվորները քվեաթերթիկները ծրարում են տեղավորում քվեախցիկից դուրս։ Տարածքում կան սպաներ, որոնք անմիջական հրամանատարներն են, ուղեկցողները։ Սա մատնանշել է «Հայաստան» դաշինքը։ Ի՞նչ կարող եք ասել»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը։
«Մենք էլ ենք նայել տեսանյութը։ Կարծում ենք՝ միանշանակ դատողություն անել ուղղորդումների հետ կապված հնարավոր չէ։ Դա այդ տեսանյութով չի փաստվում»,- պատասխանեց պրն Մուկուչյանը:
Ռուստամ Բադասյանը շարունակեց, որ ըստ քաղաքական ուժերի դիմումներում մատնանշված մեկ այլ դեպքի՝ տեղամասերից մեկում զինվորներին ուղեկցել է ռազմական ոստիկանության ներկայացուցիչը եւ ինչ-որ ցուցակով հաշվագրել նրանց։ «Տեսանյութից պարզ է, որ զինվորները բաց են քվեարկում՝ երրորդ համարի օգտին, իսկ կտրոնների վրա բացակայում են քվեարկողների լուսանկարները»,-մեջբերեց Ռուստամ Բադասյանը։
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Նույնն է։ Առկա է տեսանյութ, որի հետ կապված ամբողջական հանգամանքների վերաբերյալ անհնար է բացարձակ դատողություններ անել եւ ընտրախախտում փաստել։ Բողոքարկում չի եղել երկու դեպքերի հետ կապված էլ»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ