«Դեռեւս 2 տարի առաջ ստեղծել էինք ինտերակտիվ քարտեզ, որը պատմում է Արամ Խաչատրյանի շրջագայության եւ նրա հանդիպումների մասին` 20-րդ դարի անվանի մարդկանց հետ, որոնց թվում էին Էռնեստ Հեմինգուեյը, Չարլի Չապլինը, Բելգիայի թագուհին եւ այլք։ Քարտեզը, որ ստեղծեցինք, աշխատում է պլանշետի օգնությամբ, ու Արամ Խաչատրյանը տեսաձայնային հաղորդագրությամբ առաջին դեմքից է պատմում այդ շրջագայության եւ հանդիպումների մասին, բնականաբար, նրան կրկնօրինակում են»,- մեր զրույցում ասում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող, կրթական ծրագրերի համակարգող-իրականացնող Լենա Միսակյանը։
Օրերս կայացավ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը 4 լեզվով է` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք միջոցառման ընթացքում ոչ միայն դիտեցին ֆիլմը, այլ ունկնդրեցին հաճելի երաժշտական կատարումներ։
«Ունենք հյուրեր, որոնք զբաղվել են կրկնօրինակմամբ, հրավիրված է ողջ ստեղծագործական կազմը։ Սա ոչ միայն մուլտդիտում-քննարկում է, այլեւ ստեղծագործական կազմի հետ հանդիպում։ Ֆիլմը, ինչպես հայտնի է՝ 4 լեզուներով է, սակայն մինչ այս` այն ուղղակի քարտեզ էր, որն աշխատում էր պլանշետի օգնությամբ՝ համապատասխան հավելվածի միջոցով։
Կարդացեք նաև
Այս կրթական ծրագիրն իրականացրել ենք տարբեր տարիքի մարդկանց հետ` թե ուսանողների ու դպրոցականների, թե մեծահասակների, նաեւ թարմացրել ենք մասնակիցների աշխարհագրական գիտելիքները, Արամ Խաչատրյանի մասին ոչ այնքան բացահայտ պատմություններ պատմել, բացահայտել Խաչատրյանին նորովի»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կրթական ծրագրի իրականացումը պսակվել է հաջողությամբ ու դրանով հանդես են եկել ոչ միայն Երեւանում, այլ մարզերում։ Յուրօրինակ նախագծի գաղափարը պատկանում է թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար Աննա Ասոյանին, իսկ անիմացիոն ֆիլմի պատրաստման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Արդեն իսկ ձայնագրություններն ունեինք, դրանք ամբողջովին արվել էին կամավորության սկզբունքներով, հրավիրված են եղել՝ հայերեն կրկնօրինակման համար, երգիչ Արամոն, ջութակահար Կարեն Շահգալդյանը: Վերջինս կրկնօրինակել է ռուսերեն տարբերակը, անգլերեն տարբերակն արել է Ավստրալիայից հրավիրված հատուկ հյուրը` Վիդալ Գորդնը, իսկ հայազգի մի շատ շնորհալի երիտասարդ` Զատիկը ֆրանսերենը։ Ամեն բան կար, մնում էր ստեղծել միայն անիմացիա, որն այսօր արդեն կա»,-ասաց Լենա Միսակյանը:
Ի դեպ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նպատակ ունի նաեւ երեկոյան ժամերին` 19-ից հետո` ակտիվացնել կոմպոզիտորի տան այգին, կազմակերպել գեղեցիկ միջոցառումներ, կենդանի համերգներ, կինոդիտումներ։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ