Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին. Գեղամ Նազարյան

Հուլիս 12,2021 14:12

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել

Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: Նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել…

Իսկ ի՞նչ ենք անում մենք. hավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը ապօրինի գործողությունների մասին:

Հարգված բժշկին, պրոֆեսորին առանց որեւէ պատճառի ու բոլորին հասկանալի մոտիվացիայով կալանավորում են, պահում անազատության մեջ: Մենք հանդուրժում ենք, բժշկական համայնքը հանդուրժում է, թիմակիցները եւ ընդդիմադիր դաշտը հանդուրժում է։

Համայնքապետերին՝ Քաջարանի համայնքապետին, Քարահունջի կին ղեկավարին, Գորիսի քաղաքապետին բերման են ենթարկում, ձերբակալում, կալանավորում,ստորացնում, ահաբեկում, իսկ մենք կրկին հանդուրժում ենք: Ի՞նչ է մեզ եղել: Ինչո՞ւ փողոցում չենք: Ինչո՞ւ փողոցում չեն վերոհիշյալ համայնքների բնակիչները: Լոլիկը ջրելու հետ խնդիր է լինում, վազում, փողոց են փակում, մարդուն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում են, իսկ մարդիկ տանն են: Մխիթար Զաքարյանը միայն քաղաքապետ չէ: Նա երեք պատերազմի մասնակից է: Նա Մեղրիի ինքնապաշտպանության ղեկավարն է:

Ինչո՞ւ բժիշկները փողոցում չեն, գործադուլի մեջ չեն, նիկոլի դռան դեմը չեն։ Չկա ցանկությո՞ւն, թե՞ լավը չեն կազմակերպիչները: Գուցե իսկապես կազմակերպիչները լավը չեն, գուցե նախընտրական դաշինքները ճիշտ չէին։

Նիկոլն Արցախ հանձնելուց, մի սերունդ զոհելուց, հինգ հազար տան ճրագ մարելուց, Կապանի եւ Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին թուրքին կանգնեցնելուց հետո կարողանում է Հայաստանում իրեն միապետ զգալ ու անել այն ամենը, ինչ ուզում է: Տպավորություն է, որ եթե նա վաղը որոշի Եռաբլուրը վերածել դիսկոտեկի, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր ծնողի ընդվզումից բացի ոչինչ չի լինի:

Դիլիջանում հայտարարում է, թե «անկլավները» պետք է հանձնի Ադրբեջանին, իսկ օրեր անց ստանում է տավուշցիների մեծամասնության աջակցությունը, սյունեցին նեղսրտում է, որ թուրքը խախտում է սահմանները, իսկ մեկ շաբաթ անց գնում եւ քվեարկում է թուրքին Սյունիք բերածի օգտին: Իսկապես, ի՞նչ է մեզ հետ կատարվում:

Վստահ եմ,մի կարճ ժամանակ անց Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական եւ համընդհանուր ամոթի: Իսկ հիմա դեռ պետք է մտածենք դիմադրության ձեւերի մասին: Նիկոլի սցենարի համաձայն, հաջորդ փուլում լինելու է ընդդիմադիր վերնախավերին որպես թալանչի ներկայացնելը՝ «Մանվել Գրիգորյան- 2» ժանրում, նրանց հրապարակային ունեզրկման շոուները։ Ո՞վ է հիմա հիշում, որ Մանվել Գրիգորյանի գործը կեղծ էր։ Նույնը անելու է շատերի հետ՝ սուտ, մեծ սուտ եւ կեղծիք իրար հետ խառնելով՝ թունավորելով տասնյակ մարդկանց, նրանց ընտանիքների ու ողջ հասարակության կյանքը։

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել՝ստեղծելով առողջ քաղաքացիական դիմադրություն։ Այս պահին ուրիշ անելիք չկա։

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Ճշմարտություն սերունդների համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031