Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր հիմա եթե ասեմ, կասեք՝ գնահատական եմ տալիս դատական ակտին»․ Մուկուչյանի պատասխանները ՍԴ դատավորին

Հուլիս 12,2021 13:23

«Կա՞ որեւէ փաստարկ, որի վերաբերյալ դիրքորոշում չունեք, այսինքն՝ համաձայն եք, գիտակցաբար չեք անդրադարձել այդ ահազանգերին»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից Սուրեն Գրիգորյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ օրենքի՝ ապացուցողական բեռը պատասխանող կողմի վրա է, եւ եթե չկան հակափաստարկներ, ապա պատասխանողը համաձայն է հնչեցվածի հետ։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Բոլոր փաստարկներին անդրադարձել ենք՝ հաշվի առնելով ժամանակի հնարավորությունները։ Եթե կան ինչ-ինչ բաներ, որոնք դուրս են մնացել իմ պատասխաններից, դիրքորոշում կհայտնենք»։

Ապա ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հետաքրքրվեց․ «Գտնում  եք, որ ամբողջությամբ արձագանքե՞լ եք բոլոր փաստերին։ Եթե այո, ես համադրություն անեմ եւ որեւէ փաստին պատասխան չլինելու պարագայում դա գնահատեմ որպես դիրքորոշման բացակայություն։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ, նախ, բավականին դրական եմ գնահատում այն փաստը, որ երեկ բարձրաձայնվեցին խախտումները։ Ամեն պետական մարմնի համար կարեւոր է դրանից հետեւություններ անելը։ Պարոն Մուկուչյան, չէի ուզի անդրադառնալ այս հարցին, որովհետեւ դուք նախկինում դատավորի պատմուճան կրած անձ եք։ Ասացիք, որ կխուսափեք գնահատական տալ վարչական դատարանի դատական ակտերին, եւ խրախուսելի է ձեր՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտին գնահատական չտալը,  բայց դրանով հանդերձ մտահոգություն հայտնեցիք, որ վարչական դատարանի երկու դատական ակտերը, ձեր գնահատմամբ, մեկը մյուսին հակասում են։ Դրանք այս քննության հետ կապ չունեին, դրանք թեկնածուների գրանցման մասին էին։ Ինչո՞ւ խոսեցիք այդ դատական ակտերի մասին, դա կարեւո՞ր էր»։

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Ընդհանուր խոսք գնաց դատական ակտերի մասին, դրա համար այդ օրինակն էլ բերեցի։ Անգամ դրա մասին խոսելով՝ ես գնահատական չեմ տվել ակտին, ուղղակի փաստել եմ, որ դրանց իրավական դիրքորոշումները նպաստում են հետագա պրակտիկայի զարգացմանը»։

ՍԴ դատավորն այնուհետեւ հարցրեց․ «Ի՞նչ գործողություններ են արվել ձեր կողմից՝ ի կատարումն վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի։ «Զարթոնքի» դիմումի մասին է խոսքը։ Վերջինիս հայցը մերժվել էր, բայց վճռով գնահատականներ էին տրվել քարոզչության ժամանակ արտահայտված մի շարք մտքերի առ այն, որ որոշ արտահայտություններ կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք։ Ի կատարումն այդ վճռի, ի՞նչ եք արել, որեւէ գործիքակազմ իրացրե՞լ եք»։

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ոչ։ «Բայց ձեր կողմից գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է ճանաչվել»,-նկատեց Երվանդ Խունդկարյանը։ «Հանձնաժողովի համար պարտավորություն սահմանված չի եղել»,-պնդեց Մուկուչյանը։

Խունդկարյանը շարունակեց․ «Զարթոնքը» բարձրաձայնել է նաեւ հոսանքազրկումների մասին։ Արդյոք եղե՞լ է իրավիճակ, որ քաղաքը հոսանք չունենա»։ ԿԸՀ նախագահը տեղեկացրեց․ «Մեզ պարզաբանել են, որ բարձրավոլտ հոսանքագծերի հետ է կապված։ Մարզերում է եղել 10-15 րոպե՝ երեկոյան 21:00-ի շրջանակում։ Օրվա մեջ կարող են դեպքեր եղած լինել, զանգվածային եղել է միայն իմ նշած ժամին»։

Երվանդ Խունդկարյան-«Զարթոնքը» կասկածներ է հայտնել՝ ՀՀ-ում չգտնվող անձանց անունից քվեարկելու վերաբերյալ, եւ այդ կասկածները մեծ թվի են հանգեցնում։ Այն գործիքակազմը, որը ԿԸՀ-ն ունի, բավարա՞ր է այդ ամենը ստուգելու համար։ Դրա կիրառման համար անհրաժեշտ դիմումներ ունեցե՞լ եք։

Տիգրան Մուկուչյան-Չունենք, մինչեւ այսօր էլ չունենք։

Երվանդ Խունդկարյան-«Հայաստան» դաշինքի դիմումի մեջ մատնանշվում է  լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարության մասին։ Ի՞նչ գործողություններ եք արել։

Տիգրան Մուկուչյան-Որոշում ենք կայացրել։ Նախազգուշացում ենք կիրառել։

Երվանդ Խունդկարյան-Դուք դա դիտել եք որպես ի՞նչ։

Տիգրան Մուկուչյան-Որպես լռության օրվա կանոնի խախտում։ Հետո դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր որոշումը։

Երվանդ Խունդկարյան-Իսկ դատարան ի՞նչ հիմքով է անվավեր ճանաչել։

Տիգրան Մուկուչյան-Կա դատական ակտ․․․ախր հիմա եթե ասեմ, կասեք՝ գնահատական եմ տալիս դատական ակտին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031