Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք Եվրոպայից ու ԱՄՆ-ից Ադրբեջանին ասում են՝ այ, այ, այ, դա վատ է, ինչը բավարար չէ». Քաղաքագետը գերիների վերադարձի մասին

Հուլիս 12,2021 13:11

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ Հայաստանի Հանրապետության առաջ այս պահին ծառացած են հետեւյալ խնդիրները՝ սահմաններ, կայունություն եւ կոմունիկացիաներ: «Այս հարցերը առաջ կգնան ՌԴ-ի միջնորդությամբ կամ ճնշման ներքո, ու դեռ կտեսնենք, թե այս ամենն ինչ զարգացում կստանա առաջիկայում»,-ասաց քաղաքագետը: Ապա հավելեց, որ մինչ այդ պետք է սպասել ՍԴ որոշումներին, ԱԺ-ի եւ նոր կառավարության ձեւավորմանը:

Պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջան, Թուրքիա եւ Վրաստան առաջիկայում կայանալիք համատեղ զորավարժությունների վերաբերյալ հարցին, ու դիտարկմանը՝ արդյոք սա Հարավային Կովկասի նոր իրողությունների, նոր գործընթացների սկիզբ կարելի է համարել, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Այդ ձեւաչափով էլի են եղել զորավարժություններ, եւ դեռ կլինեն: Ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը շատ ուժեղ շեշտադրում է իր գործակցությունը ոչ թե Վրաստանի, այլ հենց Թուրքիայի հետ: Իսկ վրացական զինված ուժերը հազիվ թե օգտակար լինեն Ադրբեջանին՝ Հայաստանի հետ ունեցած հակամարտության պարագայում:

Թուրքիայի հետ համագործակցությունն իսկապես նրանց դիվիդենտներ է բերում, ինչը երեւաց նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Եթե Թուրքիան նման ներգրավվածություն չունենար Արցախյան երկրորդ պատերազմում, արդյունքները լրիվ այլ կլինեին: Նույն էլ վերաբերվում է հետպատերազմյան շրջանում եղած բաց դիսկուրսներին եւ հնչեցված հայտարարություններին: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը գնալով ավելի կաճի, ինչ վերաբերվում է Վրաստանին, դա մի երկիր է, որն ուղղակի գտնվում է այդ երկու երկրների միջեւ:

Վրաստանը բազմաթիվ ձեւաչափերով՝ թուրք-վրացական, ադրբեջանաթուրքական, համագործակցում է մի շարք ուղղություններով՝ կոմունիկացիոն, էներգետիկ, տնտեսական եւ այլն: Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում սեղմված երկիր է, քանի որ Ռուսաստանի հետ սահմանները փակ են, ուստի ինքը կախում ունի այդ տանդեմից»: Քաղաքագետը կարծում է, որ նման զորավարժություններ դեռ շատ կլինեն:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ պրակտիկա է՝ գերիների դիմաց ականապատ տարածքների քարտեզների հանձնումը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ճիշտ կամ ոչ ճիշտ պրակտիկա, դա այն է, ինչ հնարավոր է այսօր: Ադրբեջանը գերի է վերցրել եւ սակարկում է այդ գործոնը՝ պահանջելով գնալ ինչ-ինչ փոխանակումների: Եվ այդ ինչ-ինչը նրանց հաջողվում է, որովհետեւ այլ միջոցներ չկան, Հայաստանը չունի ռեսուրսներ՝ ուղիղ Ադրբեջանի վրա ազդելու, իսկ ճնշման ոչ ուղղակի միջոցները քաղաքական ձեւաչափերն են: Ճիշտ է՝ ոմանք Եվրոպայից, ԱՄՆ-ից Ադրբեջանին ասում են՝ այ, այ այ, դա վատ է, ինչը բավարար չէ, հետեւաբար առկա է այն գործընթացը, ինչին ականատես ենք: Ես շատ կուզենայի սխալվել, բայց այդ գործընթացը դեռ երկար կշարունակվի՝ ընդհուպ ամիսներ, եթե ոչ տարիներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031