Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանն է «աննախադեպ խայտառակ» որակում, դա ձեր խոսքերի հետ ո՞նց համադրեմ»․ Արտակ Գալստյանը՝ Մուկուչյանին

Հուլիս 12,2021 12:50

«Արձանագրված խախտումները դուք պատճառաբանում եք ծավալների աննախադեպ լինելով, ինչի հետ ես համաձայն եմ։ Բայց ձեր խոսքերի արդյունքում կարո՞ղ եմ կարծել, որ նախապատրաստական փուլում ոչ ԿԸՀ-ն, ոչ ՏԸՀ-ները պատրաստ չեն եղել պատշաճ ընտրություններ անցկացնելուն, որովհետեւ ահռելի ծավալի պատճառով ԸՕ-ի խախտումներ են թույլ տրվել»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Ոչ, չեք կարող նման հետեւություն անել, որովհետեւ չնայած ահռելի ծավալին՝ որեւէ ժամկետային խախտում չի եղել»։

Արտակ Գալստյան-Երեկ, երբ «Հայաստան» դաշինքը ձեզ հարցրեց, թե ինչու են ստորագրված ցուցակները երկու օր անց հրապարակվել, դուք դա ծավալով բացատրեցիք։ Եթե նույն հաջողությամբ հաշվարկը երկու օր հետո սկսվեր, դա կպատճառաբանվեր ծավալներո՞վ։

Տիգրան Մուկուչյան-Նման դեպք չի եղել։ Ցուցակները 24 ժամվա մեջ են հրապարակվել, ինչպես օրենքն է պահանջում։

Արտակ Գալստյան-83 տեղամասերում վերահաշվարկի արդյունքում 1629-ով ավելացել են «կողմ» ձայները։ Եթե ես սա տարածեմ ընդհանուրի վրա, ապա կասկած է առաջանում, որ եթե բոլոր տեղամասերում վերահաշվարկ լիներ, 30․000 ձայների տարբերություն կլիներ։ Այդ դեպքում ԲՀԿ-ին ընտրական շեմը հաղթահարելու համար կպակասեր 1,1 տոկոս։ Այսինքն, պատկերը լրիվ կփոխվի։ Գուցե պարզվի, օրինակ, որ ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն է ստանում։

Տիգրան Մուկուչյան-ԲՀԿ-ն ունեցել է հանձնաժողովականներ։ Եթե նման խնդիր լիներ, նրանք կարող էին վերահաշվարկի դիմումներ ներկայացնել։ Հազարից ավելի վստահված անձինք են ունեցել։ Եթե նման խնդիր էր եղել, իրենք լիարժեք ունեին իրավունք դիմումներ ներկայացնելու։ Իսկ ձեր շեշտածը միանշանակ չի կարող տարածվել եւ տարածական մեկնաբանություն ստանալ բոլոր տեղամասերի առնչությամբ։

Արտակ Գալստյան-Այն տեղամասերում, որտեղ վերահաշվարկներ եղել են, ձայները փոխվել են, ու վստահված անձինք էլ են եղել․․․Պարոն Մուկուչյան, ասում եք, որ տեղի չեն ունեցել աննախադեպ քանակի ընտրակաշառքներ, խախտումներ: Բայց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հունիսի 19-ի հայտարարում է՝ տեղի են ունեցել և արդեն իսկ  բացահայտված են աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքեր եւ աննախադեպ քանակի ընտրական այլ խախտումներ: Ուզում եմ հասկանալ՝ ձեր պնդումները եւ պետության ամենատեղեկացված մարդու այս արտահայտությունն ընտրություններից մեկ օր առաջ ինչպե՞ս համադրեմ: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գրեթե բոլոր ընտրություններին, խայտառակ է որակել 2008-ի, 2013-ի, 2017-ի ընտրությունները: Եթե այս դեպքում ասում է «աննախադեպ խայտառակ», ուրեմն այս ընտրությունների խայտառակությունը մի քանի անգամ ավելի շատ է։

Տիգրան Մուկուչյան-Ես իմ պնդումները, որոնք ներկայացրել եմ հանձնաժողովի անունից, ըստ էության, պնդում եմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031