Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստածին որևէ ստատուս-քվո չի կարող կայուն խաղաղություն ապահովել, անհրաժեշտ է նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հայտարարություն

Հուլիս 12,2021 11:42
hyd

ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողովի հայտարարությունը

2021թ. հուլիսի 10-11-ը տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կազմակերպության 26-րդ Շրջանային Ժողովը, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի բոլոր շրջանների պատգամավորները, շրջանավարտ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները, հրավիրյալ ընկերներ:

Ժողովը քննարկեց ՀՅԴ Արցախի կառույցի անցած երկամյա գործունեությունը և ճշտեց առաջիկա երկամյակի ռազմավարական թիրախներն ու ուղեգիծը:

Ժողովը արձանագրեց, որ անցած երկամյակի ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը դիմագրավել է քաղաքական և ռազմական բարդ պայմաններից թելադրված մարտահրավերներին: Շրջանավարտ Կենտրոնական կոմիտեն իր երկամյա գործունեության ընթացքում դրսևորել է սկզբունքային կեցվածք, կայացրել ծանրակշիռ որոշումներ:

Արցախի կրած կորուստների հետևանքով ստեղծված ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակը պարտադրում է ուժերի գերլարում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի այս փուլը հաղթահարելու և հաջողություններ արձանագրելու համար:

Անդրադառնալով առաջիկա գործունեությանը՝ ժողովը որոշեց, որ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն իր գործունեությունը ծավալելու է հետևյալ ռազմավարական ուղղություններով.

-Հանուն Արցախի բնակչության անվտանգության երաշխավորման առաջնորդվելով ԱՀ Սահմանադրության դրույթներով՝ շարունակել պայքարը Արցախի անկախության և Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապով ճշգրտված սահմաններով Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ուղղությամբ:

-Ակնհայտ է, որ արհեստածին և անարդարացի որևէ ստատուս-քվո չի կարող կայուն խաղաղություն ապահովել և անհրաժեշտ է վերականգնել ու նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին:

-Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և փոխվստահության կարևորությունը՝ գործուն հիմքերի վրա դնել Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքական ուժերի և իշխանությունների հետ փոխհարաբերությունները:

-Ելնելով Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և գոյութենական անվտանգությունը երաշխավորելու հրատապ անհրաժեշտությունից՝ Շրջանային Ժողովը պահանջում է ԱՀ նախագահից և Ազգային Ժողովից պաշտոնապես դիմել Հայաստանի Հանրապետությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:

-Հրատապ անհրաժեշտություն է հետպատերազմյան ֆորս-մաժորային իրավիճակից և Արցախի սուբյեկտայնության ամրապնդման հրամայականից ելնելով հայեցակարգային մոտեցումների հստակեցումը, հանրային իշխանության գործուն և արդյունավետ կառուցվածքի ձևավորումը՝ ի խնդիր ժողովրդի միասնականության և համախմբման:

-Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական արդարության հաստատումը պետական համակարգի առանցքային գործառույթներից է: Այդ նկատառումով ամեն ջանք պետք է գործադրել՝ պետական համակարգը զերծ պահելու խմբակային շահերի սպասարկման աղետաբեր գործելաոճից:

-Պատերազմի հետևանքով անօթևան մնացած և տեղահանված բնակչության վերադարձն իրենց հայրենի օջախներ և նրանց կենցաղային, սոցիալական հարցերի լուծումը պետք է լինի ոչ միայն պետական համակարգի, այլ նաև համահայկական կառույցների և կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

-ՀՅ Դաշնակցությունը պետք է հնարավոր բոլոր միջոցներով հակազդի Արցախին տիրանալու նպատակով Ադրբեջանի ծավալած քաղաքական, քարոզչական և բիրտ ուժի գործադրման քաղաքականությանը՝ զորաշարժի ենթարկելով համահայկական ողջ ներուժը:
Ժողովն իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ-ում ստեղծված կացության վերաբերյալ, հատկապես Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների առումով:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր նվիրական առաքելությունը՝ ի խնդիր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի:

ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031