«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի մասնակիցների շուրջ 50 տոկոսը, ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի, չի հաղթահարել նվազագույնի շեմը, ինչը մեկնաբանությունների տեղիք է տվել: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի հետ:
-Տիկին Աբաջյան, ո՞րն է պատճառը, որ երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցածների շուրջ 50%-ը չհաղթահարեց նվազագույնի շեմը:
– Նախևառաջ նշեմ, թե ովքեր իրավունք ունեին միասնական քննության երկրորդ փուլին մասնակցելու՝ բանակից զորացրվածները, արտերկրից եկածները, որևէ պատճառով 1-ին փուլին չներկայացածները, ինչպես նաև 1-ին փուլում քննությունը ընդհատած դիմորդները: Եթե նախորդ տարիներին քոլեջների շրջանավարտները (որպես կանոն լավ պատրաստված են լինում) մասնակցում էին 2-րդ փուլին, ապա այս տարի փոխվել էր կարգը, և նրանք մասնակցեցին 1-ին փուլին: Դժվար չէ նկատել, որ 2-րդ փուլի մասնակիցների ներուժը, մեղմ ասած, անհամեմատ համեստ է:
Ըստ ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների՝ 2021թ. միասնական քննության երկրորդ փուլին մասնակցել է 98 դիմորդ, 7,5-ից ցածր միավոր է հավաքել 46,9%-ը կամ 46 դիմորդ: Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա արդյունքների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ 2019թ. նույն փուլին մասնակցած 331 դիմորդից անբավարար է ստացել 35,6%-ը կամ 119 դիմորդ (համավարակով պայմանավորված՝ 2020թ. երկրորդ փուլ չի կայացել): Այսինքն՝ այժմ խոսքը ընդամենը 46 դիմորդի՝ նվազագույն շեմը չհաղթահարելու մասին է, որը չգիտես ինչու մեծ հնչեղություն է ստացել տարբեր հարթակներում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է միասնական քննության 1-ին փուլի արդյունքներին, ապա նշեմ, որ 4005 մասնակիցներից նվազագույն շեմը չի հաղթահարել 13%-ը, իսկ միջին միավորը կազմել է 12,26՝ ի տարբերություն 2020-ի 10,7 և 2019-ի 11,6-ի (մի փոքր էլ բարձրացել է միջին միավորը): Այս թվերը շատ նորմալ են և արտացոլում են երևույթի իրական պատկերը: Կարծում եք՝ եվրոպացի բոլո՞ր դիմորդներն են փայլում իրենց մայրենի լեզվի իմացությամբ:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ այլ առարկաներից 2-րդ փուլի քննություններին մասնակցածների մեջ անբավարար ստացածների տոկոսները, համաձայն ԳԹԿ-ի հրապարակած տվյալների, նույնքան, երբեմն ավելի բարձր են, սակայն ինչպես հաճախ է պատահում, շահարկման առարկա է դարձել հենց հայոց լեզվի քննությունը:
-Կրկին թեժ է հայոց լեզվի թեստերի թեման, որ առաջադրանքները շտեմարանից չէին, թեստերում սխալներ, անորոշություններ կային, ինչի պատճառով համատարած բարձրացվեցին քննության մասնակիցների միավորները: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նախ՝ չէի որակի թեժ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, միջին գնահատականը ավելի բարձր է եղել, և գոհ են թե՛ դիմորդները, թե՛ ուսուցիչները: Երկրորդ՝ շտեմարանները և նրանց առաջադրանքները արդեն մի քանի տարի է, ինչ քննական թեստերում նույնությամբ, անփոփոխ օգտագործվելու պարտադրանք չեն ենթադրում, ինչի շնորհիվ քննությունները դարձել են գիտելիքահեն. մեծապես կանխված է առաջադրանքը իր ճիշտ պատասխանով անգիր անելու միջոցով բարձր գնահատականներ ստանալու բազմիցս քննադատված երևույթը: Որպես 2019թ. թեստի հեղինակ՝ կարող եմ հավելել, որ թեստ կազմողը առաջադրանքը կարող է կազմել 2-3, երբեմն ավելի շատ այլ առաջադրանքներից, փոխել կառուցվածքը, դիցուք՝ կարճ պատասխանովը դարձնել ընտրովի և հակառակը, կազմել բոլորովին նոր առաջադրանք և այլն: Ուստի թեև շտեմարանը առաջադրանքների գերակշիռ մասի աղբյուրն է, սակայն նշված փոփոխությունների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել գնահատելու ոչ թե մեխանիկական հիշողությունը, այլ գիտելիքը:
Այս տարի, այո՛, թեստերում, ցավոք, տեղ էր գտել մեկ վիճահարույց, ինչ-որ տեղ հակասություն պարունակող հարց: Իմ գնահատմամբ՝ դա թեստերում առկա միակ թերությունն էր: Խոսքը վերաբերում է 1-ին թեստի 70/5 կամ 3-րդ թեստի 70-ի 6 պնդմանը (դա նույն հարցն է 2 տարբերակների համար): Այդ պնդումը հետևյալն է՝ հայերենի բոլոր գոյականները իրենց բոլոր հոլովաձևերով կարող են որոշյալ առումով հանդես գալ: Պատասխան՝ ճիշտ է: Հայտնի է, որ գոյականը որոշյալ առում ստանում է, երբ հանդես է գալիս ս, դ, ն, ը հոդերից որևէ մեկի կցումով: Եթե ը/ն հոդ գրական արևելահայերենում չեն ստանում բացառական, գործիական, ներգոյական հոլովները, ապա ս, դ կարող են ստանալ: Դժգոհողները պեղել են մերոնք, ձերոնք բառերը, որոնց գոյական լինելն էլ վիճելի հարց է, թեպետ Է. Աղայանի բառարանում նշված են որպես հավաքական գոյականներ: Թեք հոլովներով սրանք ևս կարող են հոդ ստանալ՝ մերոնցս, մերոնցիցս, մերոնցովս, ձերոնցդ, ձերոնցիցդ, ձերոնցովդ: Որպես փաստարկ՝ առարկողները նշում են այս բառերի՝ միայն ուղիղ ձևերի՝ հոդով հանդես գալու անհնարինությունը: Այլ բացառություններ չկան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտեմարանում առկա է բովանդակային առումով սույն պնդմանը համարժեք պնդում՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին՝ հարցը լուծվեց հօգուտ դիմորդի: Սա է ամբողջ պատմությունը: Ուրիշ թերություն չիք:
-Ինչո՞ւ են երեխաներն ավանդաբար հայոց լեզվից ավելի ցածր ստանում, քան օտար լեզուներից: Ո՞րն է պատճառը՝ ծրագրե՞րը, դասագրքե՞րը, առարկայական չափորոշիչնե՞րը, մայրենի լեզվի հանդեպ արհամարհական վերաբերմո՞ւնքը:
-Շատ ճիշտ եք նկատել: Այո՛, հայերենից ավելի ցածր են ստանում, և Ձեր նշած պատճառներից գրեթե բոլորն էլ այս կամ այն չափով ունեն մեղքի իրենց բաժինը: Օտարամոլ ազգ ենք. մանկապարտեզից սկսած՝ հայ ծնողն ամեն ինչ անում է, որ զավակը անգլերեն սովորի, դե հայերենն ի՛նչ է, գիտենք, էլի: Շատ-շատերն էլ հույս չեն կապում Հայաստանի հետ՝ ձգտելով օտար լեզվին լիարժեք տիրապետելու շնորհիվ հաստատվել արտասահմանում: Զարմանալի էր նաև այս ուստարվա ընդունելության քննություններում հայերենը կամընտրական դարձնելը. դա էլ խառնաշփոթության տեղիք տվեց: Մի՞թե կարելի է նույն հարթության վրա դնել մայրենին օտար լեզվի հետ: Երբևէ հնարավո՞ր բան է, որ Օքսֆորդի, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանի դիմորդը պետական լեզվի փոխարեն հանձնի ընդունելության քննություն, ասենք, չեխերենից կամ հունարենից:
-Մասնագետներից ոմանք պնդում են, որ փոխադրություն գրելը լավագույն միջոցն է գիտելիքները ստուգելու: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Այլ մասնագետներ էլ նախապատվությունը տալիս են թելադրությանը, ուրիշները՝ շարադրությանը, կան նաև բանավոր քննությունները նախընտրողներ: Աշխարհում դեռևս չի ստեղծվել գիտելիքների գնահատման՝ բոլոր առումներով կատարյալ ու անթերի ձև: Հարցն այն է, թե որ պարագայում ինչն ենք համարում առաջնային: Փոխադրության դրական առանձնահատկությունները որևէ մեկը չի ժխտում, սակայն այն ընդունելության քննությունների համար լավագույն միջոց համարելը, մեղմ ասած, անընդունելի է: Այդ դեպքում կրկին պետք է ձևավորվեն առարկայական քննական հանձնաժողովներ, ստուգման գործընթացն իրականացնի մարդը, ոչ թե մեքենան, քննությունը մեկ օրվա փոխարեն ձգվի շաբաթներ, անցկացվի մի քանի փուլով, տարբեր՝ ամենայն հավանականությամբ մեկը մյուսին ոչ համարժեք տեքստերով և այլն, և այլն: Այսինքն՝ կգանք ելման կետին՝ դարձ ի շրջանս իւր: Ուրեմն ինչո՞ւ ներդրվեց այս համակարգը, եթե նախորդը ավելի հաջող էր:
-Տարիներ առաջ բարձրացվել էր հայոց լեզվի տարբերակված քննություններ անցկացնելու հարցը ՝ հումանիտար բլոկի համար խորացված, մյուսների համար՝ ավելի թեթև: Ըստ Ձեզ՝ դա ողջունելի՞ առաջարկ է:
-Ըստ իս՝ որևէ նշանակություն չունի, թե անձը ինչ մասնագիտություն է ընտրում: Մայրենիին լավ տիրապետելը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր կրթված մարդու համար՝ անկախ մասնագիտությունից: Լեզուն աշխատանքային գործիք է, առանց որի լավ իմացության չի կարող ձևավորվել և լիարժեք գործունեություն ծավալել ցանկացած կիրթ անհատ: Մարդու կրթվածության մակարդակը, բարեկրթությունը առաջին հերթին երևում է նրա խոսքից՝ գրավոր թե բանավոր:
Որքան ինձ հայտնի է, մյուս ուսումնական տարվանից հայերենի քննությունը դառնալու է պարտադիր բոլոր բուհերի բոլոր ֆակուլտետների համար, ինչը միարժեքորեն ողջունելի է:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ Աննա Աբաջյանի ֆեյսբուքյան էջից