Jam-news.net. Դուշանբեում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին որոշում է ընդունվել դաշինքի անդամ-գործընկերների ինստիտուտի հիմնադրման մասին։ Այս մասին հաղորդել է ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը։ Ըստ այդ տեղեկության՝ առաջարկը նիստին հնչեցրել է ռուսական խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ գործընկեր երկրները կազմակերպության կառույցներում վճռորոշ ձայնի իրավունք չեն ունենալու, սակայն մասնակցելու են փաստաթղթերի նախապատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը։ Նա կարծում է, որ նման մոտեցումը թույլ կտա «ամրապնդել կազմակերպության անդամ երկրների փոխհարաբերությունները դրա սկզբունքները կիսող երկրների հետ»։
Վոլոդինը նշել է նաև, որ մի քանի երկրներ շահագրգռված են ՀԱՊԿ հետ համագործակցությամբ։ Իսկ եվրասիական ինտեգրման հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով՝ այս ձևաչափով ամենից շատ հետաքրքրվում են Ադրբեջանն ու Պակիստանը։
Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլիի կարծիքով՝ տարօրինակ ոչինչ տեղի չի ունենում։
Կարդացեք նաև
«Ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նշվում էր, Ռուսաստանը բարձրացնելու է Եվրասիական տնտեսական միությանն ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը։ Այդ փաստաթուղթն ու, որպես շարունակություն, 2021 թ-ի հունվարի 11-ին ստորագրված համաձայնագիրը որոշ առումով դարձել են եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի ներգրավման ճանապարհային քարտեզ։
Իհարկե, այս փուլում լիիրավ անդամակցություն հնարավոր չէ, քանի որ Հայաստանում դեռևս ոչ բոլոր խնդիրներն են լուծված, այդ պատճառով էլ օրակարգում են հայտնվել այնպիսի միջանկյալ կարգավիճակներ, ինչպիսիք են «դիտորդն» ու «գործընկերը»։ Միայն ճանապարհների (ներառյալ Զանգեզուրով անցնող հաղորդակցության) բացումից, սահմանային հարցերի լուծումից և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ոչ մի խոչընդոտ չի լինի Հայաստանի հետ միևնույն ռազմական դաշինքի անդամ և միասնական տնտեսական տիրույթում լինելու համար»,- ընդգծել է փորձագետը։
Ջաֆարլին նշել է, որ այս ամենը եվրասիական մեծ գործընկերության նախաձեռնության բաղկացուցիչ մաս է, որը 2016 թ-ին առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Սա է այն բանի հիմնարար պատճառը, որ Ռուսաստանն անցյալ տարի Ադրբեջանին չխանգարեց ազատագրել իր տարածքները։ Մոսկվան գիտակցել է, որ հակամարտության սառեցումը, տարածաշրջանը որպես «գորշ տարածք» թողնելը սկսում է վնասել իր շահերին, և սկսել է ավելի մեծ մասշտաբներով մտածել՝ հակամարտություններ ստեղծող և սառեցնող «խախտողի» դերից անցնելով «ստեղծագործողի» դերին։
Ներկա պահին եվրասիական տնտեսական միության լայն ինտեգրացիոն մոդելի ձևավորման մեկնարկ է տրվել, որը ներառում է ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքը։ Ենթադրվում է նաև Իրանի, Պակիստանի, Չինաստանի և Հնդկաստանի մասնակցությունը նախագծին։ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան նույնպես կմիանա այդ ինտեգրացիոն գործընթացներին։ Սրանով էր հենց պայմանավորված Ղարաբաղյան հարցի լուծմանն Անկարայի ներգրավումը»։
Ի՞նչ արդյունքների սպասել
«Այս գործընթացի դրական կողմն այն է, որ Ռուսաստանը թույլ է տվել վերադարձնել օկուպացված տարածքների մեծ մասը։ Իսկ Խանքենդին (Ստեփանակերտը. «Առավոտ») ու դրա հարակից բնակավայրերը մնացել են որպես գրավ, որպեսզի Ռուսաստանն օգտագործի դրանք, եթե հանկարծ կողմերից մեկը դուրս գա թույլատրված շրջանակներից։ Չի բացառվում, որ հրադադարի խախտման վերջին դեպքերը քաղաքական բնույթ են կրում և նախազգուշացման նպատակ կամ Բաքվին որպես հիշեցում են ծառայում։
Իսկ գործընթացի բացասական կողմ եմ համարում Ադրբեջանի վերադարձը Մոսկվայի ուղեծիր (այս փաստի բացասական գնահատականն իմ սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ մեր երկրում կան նաև մարդիկ, որոնք սատարում են Ռուսաստանի հետ խորն ինտեգրացիան)։ Իսկ եվրասիական աշխարհագրություն և արժեքների համակարգ ինտեգրումը, որտեղ հեգեմոններ են համարվում չինական տոտալիտարիզմն ու ռուսական ավտոկրատիան, մեզ համար նշանակում է, որ Ադրբեջանում երբևէ իրավունքների և ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական համակարգի հաստատումը կարող է վերածվել էլ ավելի բարդ խնդրի»,- իր խոսքերն է ամփոփել քաղաքագետը։