Էմմա Բեգիջանյանը՝ Մեղրիի չարաբաստիկ միջանցքի կառուցման խոսակցությունների մասին
«Իրանում հիմա սպասողական վիճակ է. պետք է օգոստոսին իշխանափոխություն տեղի ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը: Նա հայտնեց՝ փոխվելու է Իրանի ԱԳ նախարարը, եւ իշխանության են գալու պահպանողական քաղաքական գործիչներ ու մանրամասնեց. «Ընդհանուր գծերով Իրանում ոչինչ չի փոխվելու, քանի որ հիմնական որոշումները կայացնում է Իրանի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը, ներքին, արտաքին եւ մշակույթի նախարարները: Ու այդ երեք քաղաքական հիմնական գծերը որոշում է հեղափոխության առաջնորդը: Եթե Ռոհանին ասում էր՝ առաջին հերթին պետք է հարեւանների հետ փոխհարաբերությունները սերտացնենք, նույնն ասում է Իբրահիմ Ռաիսին: Բայց պահպանողականները գուցե ազգային շահերի նկատմամբ ավելի շահագրգիռ լինեն: Օրինակ՝ Ռոհանին, որը չափավորական հոսանքի ներկայացուցիչ էր, իր ժամանակ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններն աննախադեպ ընդարձակվեցին բոլոր ոլորտներում»:
Էմմա Բեգիջանյանը զրույցի ընթացքում նաեւ փաստեց՝ Իրանի գերխնդիրն այն է, որ հանկարծ չկառուցվի իր բնորոշմամբ՝ այդ չարաբաստիկ միջանցքը՝ նկատի ունենալով Մեղրիի միջանցքի կառուցումը: Մեր դիտարկմանը՝ գնալով ավելի համառ են դառնում այդ ծրագրի իրականացման խոսակցությունները, բայց Իրանի կողմից այդպես էլ կոշտ արձագանք չտեսանք, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Այդպիսի արձագանք չի էլ լինի: Հիմա Իրանն այլ խնդիրներ ունի: Մինչդեռ երբ ես ամսի 10-ից տարբեր հարցազրույցներում նշել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մրցույթներ էին հայտարարում շինարարության համար, ՀՀ-ում այդ ժամանակ անգամ չէին խոսում այդ մասին: Հիմա նրանք ունեն շանս, որը չեն ուզում բաց թողնել. այդ շանսն այսպես ասած՝ ճանապարհների ապաշրջափակումն է: Հիմա Ադրբեջանն ուզում է այդ առիթն օգտագործել ինչքան հնարավոր է արագ: Իրենց երկրի շահերը ու իրենց համաթուրքականության շահերը ատամներով պաշտպանում ու առաջ են գնում»:
Էմմա Բեգիջանյանի հավաստմամբ՝ միանշանակ է, որ այդ ծրագրի իրականացումը ձեռնտու չէ Իրանին, իսկ թե, այնուամենայնիվ, ինչու կոշտ չի արտահայտվում, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Իրանը մի քանի անգամ ասել է, որ դա Իրանի կարմիր գծերն են: Հիմա Իրանը գերծանր վիճակում է՝ տնտեսական խնդիրներ, համավարակ, իշխանափոխություն: Եթե նկատել եք՝ թուրքերը պատմության ընթացքում միշտ պահը որսացել են: Անգամ, երբ ստեղծեցին Ադրբեջանի Հանրապետություն, ստեղծեցին օսմանյան կայսրության թուրքերը, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը չափից ավելի թույլ էր: Հիմա փաստորեն այդ նույն վիճակն է: Իրանում հոսանքների անջատում է ամբողջ երկրով մեկ, համավարակի պատճառով հարյուրից ավելի քաղաքներ կարմիր են հայտարարված, կան տնտեսական բազմաթիվ խնդիրներ: Իրենք ուզում են այդ առիթն օգտագործել, քանի դեռ Իրանը չի կարող կոշտ արձագանք ունենալ»:
Կարդացեք նաև
Իրանագետը մյուս կողմից էլ նշեց՝ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ճանապարհի իրականացման ուղղությամբ: Իսկ այսպես կոչված Մեղրիի միջանցքի հետ կապված, ըստ Էմմա Բեգիջանյանի՝ կարեւորը հայկական կողմի դիրքորոշումն է. «Եթե մենք կարողանանք այդ միջանցքի հետ կապված հարցը հետաձգել, բոլոր դեպքերում 5+1 Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն կստորագրվի, դրանից հետո Իրանում կարող է նոր իշխանություն գալ, կարող են շունչ քաշել: Հիմա Իրանը չի կարող որոշում կայացնել. Ռաիսին զբաղված է իր կառավարության ձեւավորմամբ, Ռոհանին էլ՝ ճամպրուկները հավաքելով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2021