Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառիկ խիզախ, արի ու հայրենասեր Մհերը

Հուլիս 12,2021 13:30

Հայրենիքին մատուցած ծառայության համար Մհեր Մուրադխանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ցավոք՝ հետմահու

«Եռաբլուր» պանթեոնում հազարավոր հայորդիների կողքին այսօր նաեւ հերոսացած Մհերի մարմինն է ամփոփված: Արցախյան վերջին պատերազմը նրան էլ է խլել հարազատներից, ընկերներից: Ինչպես հարազատներն են պատմում, պատերազմի ողջ ընթացքում զինծառայող Մհեր Մուրադխանյանն աչքի է ընկել սխրանքներով. զոհվել է զինադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին: Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար, Արցախի նախագահի հրամանագրով, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Մհերը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2020 թվականի հունվարի 15-ին: Ծառայել է Մարտունի 3 պաշտպանական շրջանի հակատանկային դասակում:

«Մեկ օր առաջ մեծ խնջույք էինք կազմակերպել իր ընկերների հետ միասին։ Հիշում եմ` շատ բարձր տրամադրություն ուներ, երբ գնում էր բանակ, երբեք չէր խուսափում ծառայությունից, իսկ ծառայության ընթացքում եւ պատերազմի ժամանակ երբեք չի բողոքել, միշտ ասում էր` ամեն ինչ ընտիր է: Տիրապետում էր ֆագոտ հակատանկային համակարգին»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Մուրադխանյանի եղբայրը` Դավիթ Մուրադխանյանը:

Եղբոր խոսքով՝ դեռ վաղ տարիքից ինքնուրույն է եղել, նպատակասլաց եւ համառ բնավորության տեր։ 16 տարեկանից արդեն աշխատել է ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ: «Միշտ ասում էր` իմ խնդիրները ես պետք է լուծեմ։ Հետաքրքրված էր նաեւ ռեժիսուրայով։ 17 տարեկանում սցենար էր գրել ու ընկերոջ համար տեսահոլովակ նկարահանել, կարողացել էր կազմակերպել նկարահանման ողջ ընթացքն ու մոնտաժը: Street Workout ֆեդերացիայի անդամ էր, մասնակցել է շատ մրցումների, արժանացել բազում հավաստագրերի եւ պատվոգրերի: Ֆեդերացիայի հետ միասին կազմակերպում էր սպորտային միջոցառումներ եւ ողջ հասույթով բարեգործություններ էին անում: Մեծ սիրտ ուներ ու պատրաստ էր օգնել բոլորին»,-պատմում է Դավիթը:

Մհերն ընտանիքում կրտսեր զավակն է: Երկու եղբայրներն ավելի վաղ են ծառայությունն ավարտել: Դավիթը պատմում է, որ սեպտեմբերի 27-ից մասնակցել է հայրենիքի պաշտպանության թեժ մարտերին՝ Մարտունու շրջանում: Ֆագոտ տեսակի զենքով խոցել է թշնամու մի քանի տեխնիկա՝ ոչնչացնելով թշնամու մեծ քանակությամբ մարդկային ուժ։ Նոյեմբերի 8-ին Մարտունու շրջանի Ղուրուչուղ բարձունքի պաշտպանության ժամանակ դուրս է եկել հակառակորդի տանկի դեմ՝ փորձելով ֆագոտով խոցել եւ կասեցնել գրոհը, սակայն անհավասար մարտի ժամանակ զոհվել է տանկի կրակոցից:

«Վերջին անգամ իր հետ խոսել եմ զոհվելուց մեկ օր առաջ, ինչպես միշտ, ասում էր` ամեն ինչ ընտիր է։ Զոհվելու մասին ինձ հայտնել են նրա զինակից ընկերները` նոյեմբերի 10-ին»,-ասում է Դավիթն ու պատերազմից եւս մեկ դրվագ պատմում. «Հակատանկային դասակից Ղուրունչուղի պաշտպանությանը մասնակցել են 2 զինվոր՝ եղբայրս եւ իր սերժանտը։ Դասակի հրամանատարի առաջարկով երկուսով կամավոր մեկնել են Ղուրունչուղ, որպեսզի օգնեն այնտեղ գտնվող հետախուզական վաշտին, քանի որ միայն ֆագոտով կարող էին կասեցնել տանկային գրոհը։ Եղբայրս ու իր սերժանտը մեկնել են Ղուրունչուղ հոկտեմբերի վերջին։ Երկուսն էլ զոհվել են նոյեմբերի 8-ին, մի քանի ժամվա տարբերությամբ»։

Մհերի մայրը՝ Անահիտ Ղազարյանը, որդուն նկարագրում է՝ համեստ, բարի, ընկերասեր ու պարտաճանաչ մարդ. «Դպրոցում, աշխատանքի վայրում, իրենց ֆեդերացիայում եւ ընկերական շրջապատում մեծ հարգանք ու սեր էր վայելում։ Ամեն ինչի պատրաստ էր ընկերների եւ եղբայրների համար, օրվա որ ժամին էլ զանգահարեին` միշտ օգնության էր հասնում։ Ամեն առավոտ եւ երեկո թիմակիցների հետ մարզվում էր, ու այդ ամենի հետ նաեւ հասցնում էր քոլեջի դասերին պատրաստվել ու աշխատել։ Մասնակցել է մի քանի մրցաշարերի ու ունի մեծ թվով պատվոգրեր։ Իր ընկերների եւ ֆեդերացիայի հետ միասին կազմակերպել էին Yerevan Color Run 2018 միջոցառումը։ Փոքր ժամանակվանից շատ ինքնուրույն էր, միշտ փորձում էր իր խնդիրները ինքը լուծել, չէր թողնում, որ իրեն օգնեն։ Նույնիսկ իր ծննդյան միջոցառումները ինքն էր կազմակերպում, իր վաստակած գումարներով։ Ամեն երեկո սպասում էր, որ տան բոլոր անդամները վերադառնան տուն, նոր գնում էր քնելու»։

Անահիտ Ղազարյանը նաեւ պատմեց. «Ծառայության ժամանակ ամեն օր զրուցում էի Մհերիս հետ, երբեք չէր բողոքում։ Նույն զորամասում էր ծառայում նաեւ իր մանկության ընկերը։ Պատերազմը սկսվելու ժամանակ 8 ամսվա ծառայող էր, շատ էի անհանգստանում, փորձում էի հնարավորինս հաճախ կապ հաստատել իր հետ, բայց մի քանի օրը մեկ էինք կարողանում զրուցել, այն էլ մի քանի վայրկյան։ Ինձ ասում էր, որ դիրքերում չէ, այլ շատ ապահով վայրում, ամեն ինչ ընտիր է, բայց զրուցելիս լսում էի արկերի պայթյունների ձայները»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031