Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթի արդյունք էր, որ բռնապետությունը տեղը զիջեց դեմոկրատիային»

Հուլիս 12,2021 12:30

Հարցազրույց դերասան Կառլոս Մուրադյանի հետ

– Դուք ավելի քան տասը տարի պրոֆեսիոնալ բեմում եք եւ առաջին քայլերը սկսել եք, եթե չենք սխալվում՝ «Ագորա» թատերախմբում, որը հայտնի է իր նորարարական մոտեցումներով։

– «Ագորան» հետո էր։ 2006թ. ընկերներով, համախոհներով հիմնեցինք «Ֆորում ինտերակտիվ թատրոնը», որն անվանել էինք փոփոխությունների թատրոն։ Այն գործեց մինչեւ 2010թ., իսկ դրանից հետո վերականգնելով «Ֆորումը», շարունակեցինք մեր գործունեությունն արդեն որպես «Ֆորում թատրոն ՀԿ թատերախումբ» մինչեւ 2018թ.։

– «Ագորայի», «Ֆորումի» տարիներին դուք բավարարվա՞ծ էիք ձեր գործունեությամբ։

– Երկու թատերախմբերի դեպքում էլ, համենայնդեպս, մեր իրականությունում, նոր ձեւաչափով էինք հանդես գալիս։ Օրինակ՝ հիշում եմ «Ֆորում թատրոնի» առաջին ներկայացումների ժամանակ հանդիսատեսը բառի իսկական իմաստով շոկ էր ապրում, քանի որ նա մասնակից էր դառնում ներկայացմանը, միջամտում սցենարական գծին։

– Նման ձեւաչափի սկիզբ, այս պահին չենք հիշում՝ որ երկրում, բայց դրվել է դեռեւս անցյալ դարի կեսերին։

– Այո, նման ձեւաչափը սկիզբ է առել 1960-70-ականներին՝ Բրազիլիայում, ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Աուգուստո Բուալի սոցիալական թեմաներով ներկայացումներով։ Դրանցում սոցիալական, հոգեբանական ընկճվածության հետեւանքով հերոսը չէր կողմնորոշվում, ոչ ճիշտ քայլերի էր դիմում եւ հենց այդտեղ է, որ հանդիսատեսին տրվում էր հնարավորություն միջամտելու, փրկելու իրավիճակը, ավելին՝ հենց հանդիսատեսն էր առաջարկում հերոսի հետագա քայլերը։ Եվ նման ներկայացումների միջոցով Բուալը փաստորեն ժողովրդի մոտ արթնացրեց սեփական իրավունքների համար պայքարելու կամքը։ Իսկ արդյունքում՝ մոտ 10 տարի հետո այդ երկրում կարծես հեղափոխություն կատարվեց՝ բռնապետությունը տեղը զիջեց դեմոկրատիային։

– Դուք երբեւէ չեք աշխատել ոչ մի պետական թատրոնում, բայց ոգեւորությամբ ներկայացնում եք Բուալի՝ ըստ էության ներկայացումների միջոցով երկրում կատարված նույնիսկ քաղաքական փոփոխության մասին։ Ուրեմն ի՜նչ ուժ ունի մշակույթը…

– Իհարկե, նորություն չէ, որ մշակույթը մեծ դերակատարում ու մեծ ուժ ունի։ Մեր դեպքում պետք է այն պահել հատուկ հոգածության կենտրոնում՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն։

– Նշեցիք հատուկ հոգածություն, չե՞ք կարծում, որ նման վերաբերմունքը պետք է սկսվի համապատասխան օրենք ընդունելով։ Տեսեք՝ զարգացած թատերական կյանք ունեցող Լեհաստանում խորհրդարանը յուրաքանչյուր ամիս իր աշխատակիցներին աշխատավարձի հետ պարգեւավճարի կարգով նվիրում է թատրոնների ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու երաշխիք է։ Համենայնդեպս, այս մասին մեզ հետ զրույցներում քանիցս նշել են նաեւ հյուրախաղորդ թատերական գործիչները։ Նրանք փաստել են, որ Լեհաստանում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեո-լուսանկարչական արխիվը…

– 1970-ականները համարվում է մեր մշակույթի, մասնավորապես՝ թատերարվեստի, ոսկե ժամանակահատված, ինչքան էլ, այո, ցենզուրա էր գործում եւ նման բաներ։ Իսկ ձեր բերած Լեհաստանի օրինակը մեր երկրում 70-ականներին էլ էր գործում. գործարաններում, տարբեր հիմնարկներում աշխատակիցներին տրամադրում էին մշակութային օջախների, այդ թվում՝ թատրոնների տոմսեր։ Այ հենց դա է, ինչի մասին վերջին շրջանում անընդհատ խոսվում է, նաեւ նման ճանապարհով են կրթում քաղաքացուն։

– Նշեցիք «Ֆորում» եւ «Ագորա» թատրոններում ձեր գործունեության մասին։ Ըստ էության դրանք նոր մտածողության թատրոններ են։ Մեզ մոտ ընդունված է դրանք անվանել փորձարարական։ Նման թատրոններով հարուստ երկիրը եղել եւ մնում է Չեխիան։ Դեռեւս Չեխոսլովակիայում նման թատրոնները պետության հոգածության ներքո էին։ Հիմա էլ այդ հոգածությունը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցությամբ է արտահայտվում, ինչն իր վրա է վերցրել Չեխիայի խորհրդարանը։ Շուտով նոր կազմով իր աշխատանքը կսկսի մեր Ազգային ժողովը։ Դուք՝ որպես ազատ արվեստագետ, սպասելիքներ՝ մշակույթի մասին օրենքի տեսքով, ունե՞ք նոր խորհրդարանից։ Օրինակ՝ ԱՄՆ-ի խորհրդարանը՝ այլ երկրների համեմատ, ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի նկատմամբ…

– Ճիշտ եք, ոլորտը գրեթե թողնված է շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական եւ ազգային արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որն իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի։ Բայց, տեսեք, նույն այդ երկիրն ունի «Մետրոպոլիտեն» թատրոնի նման մշակութային օջախ։ Գիտե՞ք, այնտեղ՝ Ամերիկայում, ամեն ինչ այլ կերպ է։ Մանհեթն թաղամասում գործող բրոդվեյյան թատրոնի արտիստները կամ հանրահայտ շոու աստղերը, որոնք միլիոնատերեր են, բեմ են բարձրանում ոչ միայն թատրոններում, ինչը նրանք բնութագրում են որպես տաճար գնալ, այլեւ զբաղվում են մանկավարժությամբ եւս։ Այսինքն՝ առաջնայինը կրթելն է, այլ ոչ գումար աշխատելը։ Որոշ աստղերի կամ ճանաչված դեմքերի ուսուցչի դերում կարելի է հանդիպել նույնիսկ ոչ այնքան հեղինակավոր կրթական հաստատություններում… Ինչ վերաբերում է նոր խորհրդարանից նոր մշակութային օրենքների ակնկալիքին, կարծում եմ, ոչ միայն ես, այլեւ բոլորն ունեն։ Թեեւ կրկնվեմ, բայց բացահայտեմ մի բան. Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մշակույթի ոլորտը։

– Նշեցիք ամերիկյան աստղերի, անվանի դերասանների՝ նաեւ մանկավարժությամբ զբաղվելու փաստը։ Մեզ մոտ էլ վաղուց արդեն սնկի պես աճել են, ասենք՝ թատերական ստուդիաները…

– Հարցի ենթատեքստը հասկանալի է։ Կուզեի, որ ստուդիաներում ուսանած երիտասարդներին պատրաստեին ոչ միայն սերիալներում նկարահանելու համար…

– Ձեզ հաճախ հանդիպում ենք նաեւ սերիալներում։

– Հավանաբար սերիալների «մասով» խոսքս դուք զուտ բացասական իմաստով ընկալեցիք։ Կարծում եմ ոչ միայն դուք, այլ նաեւ ընթերցողը համակարծիք կլինի, որ վերջին շրջանի հայկական սերիալներն ավելի դիտարժան են։ Սերիալը յուրօրինակ մարզասրահ է դերասանի համար, որը հնարավորություն է տալիս «ֆորմի» մեջ մնալ։

– Հայկական սերիալների թեման կարելի է անվերջ շարունակել։ Վերադառնանք ձեր, այսպես կոչված՝ երկրորդ մասնագիտությանը։ Մեր տեղեկություններով՝ դերասանի կարիերան սկսել եք զուգահեռել «արտադրական» գործունեության հետ։

– Այո, իրականացնում եմ ֆիլմերի, սերիալների գովազդների պրոդյուսինգ, արտասահմանում այդ մասնագիտությունը կոչվում է գծային պրոդյուսեր։ Հենց այս օրերին կինոթատրոններում ցուցադրվում է կինոռեժիսոր Հարութ Խալաֆյանի «Մի անգամ դպրոցում» հրաշալի ֆիլմը, որի գծային պրոդյուսերն եմ։ Ֆիլմը միանշանակ տարբերվում է մինչ այժմ դպրոցական թեմայով նկարահանված հայկական ֆիլմերից, բայց դրա մասին ավելի մանրամասն կխոսի ռեժիսորը…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031