Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան բեկը

Հուլիս 12,2021 12:00

Ալեքսան բեկը պետական խորհրդական էր: Նա ծնվել է 1837թ. Շուշիում, Տեր Ղեւոնդ քահանա Հեթումյանի ընտանիքում: Ամուսնացել էր Անուշկայի (ծն. 1844թ.) հետ: Նրա ընտանիքը զոհ է դառնում 1905թ. օգոստոսին, Շուշիում, թուրքական հարձակումների ժամանակ: Բարեբախտաբար, փրկվում է որդին, ով Բաքվում էր:

Թուրքերի կատարած այդ բարբարոսությունը 1906թ. սրտաճմլիկ նկարագրել է Գրիգոր Տեր-Միքայելյանը (Սերմացան). «Ալէքսան բէկի տունը գտնւում էր Շուշի քաղաքի առաջնակարգ փողոցում, Ագուլեաց եկեղեցուց ոչ հեռու եւ կազմում էր ճիշտ այն կէտը, որը բաժանում է հայերին թուրքերից եւ թուրքերին հայերից: Ինքը բէկը յայտնի էր ամբողջ քաղաքին իբրեւ մի գործունեայ, պարզ ու անկեղծ մարդ եւ, որ գլխաւորն է, մի բարի հայ-քրիստոնեայ: 15 երկար տարիներ անկաշառ եւ անբիծ վարելով իր պետական պաշտօնը, նա գրեթէ զրկւել էր տեսողութիւնից:

Ալեքսան բեկի ջարդված հուշակոթողը

Ամենայն առաւօտ որոշ վայրկեանին դուրս էր գալիս տանից, անցնում ամբողջ թուրքաց մասը եւ գնում էր իր պաշտօնատեղին քաղաքի ծայրում դարպասի մօտ: Թուրքերի մէջ նա մեծ յարգ էր վայելում ու երախտիք: Նրա նման «ղօնչի», «քիրվա» եւ «գին-այրի գարդաշ» թուրքերը չունէին հայերի մէջ: Ալէքսան բէկը այն տեսակ մարդկանցից էր, որոնք իրանց կեանքում, ինչպէս ասում են, մի մրջիւն անգամ չէր սպանել:

Հուշակոթողի տապանագրությունը

Ապրում էր նա առանձին իր պառաւ կնոջ հետ, հագիստ ու լուռ: Միայն այս վերջին ամսին կենդանացել էր նրանց տունը: Բագուի կոտորածներից ու սարսափներից փախել, նրա մօտն էին եկել իր հարսն ու թոռը, մի աշխուժ ու կայտառ եօթը տարեկան տղայ: Օրը երեքշաբթի էր, ճաշից յետ ժամը 4-ը: Պապն ու տատը հանգստանում էին, հարսը զբաղւած էր տնային գործերով, իսկ թոռը անհոգ խաղում էր պատշգամբի վրայ: Յանկարծ լսւեց հրացանի չարագուշակ առաջին հարուածը, որին յաջորդեցին մի քանի ուրիշներ: Երեխան մի ակնթարթում ներս վազեց սենեակ եւ կէս-սարսափած, կէս-ուրախ, բացականչեց.

-Մայրի՛կ, սկսուեց…

Փետրւարեան կոտորածներին ականատես եղած փոքրիկ մանուկը վարժ էր արդէն մեր նոր տերմիններին: Վեր թռան տեղներից պապն ու տատը. վազեց եկաւ եւ հարսը. բոլորը քարացած, լուռ նայում էին միմեանց եւ յետոյ դէպի դրացի թուրքերի տները: Հրացանաձգութիւնը, պահ մի դադարեց, յետոյ շարունակւեց աւելի առատութեամբ: Փողոցներում մարդիկ, գլուխ կորցրած, խեագարի նման վազում – փախչում էին, ով որ կողմ կարողանում էր, ով որտեղ իրան ապահով էր համարում: Վերջապէս՝ առաջինը խզեց լռութիւնը հարսը.

-Ես վախում եմ, մայրիկ … մեր տունը ամենից մօտիկն է թուրքերից, այս րոպէին ներս կը խուժեն, փախչե՞նք, ազատուե՞նք:
Ալէքսան բէկը նայեց հարսին ու հեգնաբար ծիծաղեց.

-Ոչինչ չկայ եւ ոչինչ էլ չի լինի: Թուրքերը մեզ ձեռք չեն տայ:

Յանկարծ խօսքը ընդհատեց. շատ մօտիկ թնդաց հրացանների որոտը: Հարսը լեղապատառ վազեց ու գրկեց իր երեխային, իսկ Ալէքսան բէկը շտապեց դէպի պատուհանը եւ փակ փեղկերի արանքով նայեց դէպի փողոցը: Եւ տեսաւ մի դիակ մէջքի վրայ գետնատարած՝ սալայատակի ուղիղ մէջտեղը…Մռայլ ու սպրդնած ետ եկաւ պատուհանից: Ձեռքերը դողում էին ու շրթունքները շարժւում. երեւի աղօթք էր ասում: Երեկոն եւ ամբողջ գիշերը անցաւ տագնապալի, ահը նկարւած էր կանանց դէմքին: Երեխան միայն քնել էր անվրդով, իսկ մայրը նստած նրա կողքին արտասւում էր լուռ: Լուռ էին եւ պառաւները: Ալէքսան բէկը ծխում էր անընդհատ:

Ժամը չորսը կը լինէր ճաշից յետոյ:

-Չորս, հինգ, վեց. համարում էր փոքրիկը պատշգամբում կանգնած: Նա համարում էր հեռու դիրքերից լսւող հրացանի հարուածները:
Յանկարծ ընդհատեց ու նայեց ցած:

Պարտիզի ցածլիկ պատի ետեւից մագլցելով վեր ելաւ մի մարդ, յետոյ մի ուրիշը, յետոյ մի երրորդը եւ երեք զինւած թուրքեր արձանացան պատի վրայ եւ սկսան նայել իրանց շուրջն ու դիտում էին տան եւ բակի դիրքը:

-Պապիկ, թուրքերը եկան, շշնջաց նա, Ալէքսան բէկի ականջին, սարսափահար սենեակ վազելով:

Մի ուրիշը գուցէ բղաւէր, իրարանցում գցէր տունը: Բայց Բագուի դառն դասերը եօթնամեայ մանուկին իմաստուն էին շինել եւ փորձառու:

Թուրքերի անունը լսելով տատը վեր թռաւ տեղից, նայեց դուրս ու խփեց ծնկներին… թուրքերը բարձրացել էին սանդուղներից եւ արագ իրանց ձեռքի ամաններից նաւթ էին ածում պատշգամբը, դռներին, սանդուղին, շորերին, կահերին: Մի երկու վայրկեանից թուրքերը արագ ցած էին շտապում սանդուղներից: Եւ երբ Ալէքսան բէկը բաց արաւ դուռը, բնազդաբար փակեց նորից անմիջապէս, ամբողջ պատշգամբը ամեն կողմից բոցերի մէջ էր…Այս միջոցում հրդեհը քանի գնում, մեծ ծաւալ էր ընդունում: Կանաք ճչում էին պատուհանից քաշ ընկած: Շատ չնցած ահագին ճարճատիւնով փլւեց պատշգամբը. նրան հետեւեցին բոցավառուած սանդուղները: Կորա՜ւ որեւէ հրաշքով ազատւելու վերջին յոյսը… Այս ինչե՞ր ես անում, Աստուած, Աստուած, գոռաց Ալէքսան բէկը մի ոչ մարդկային ձայնով: Ու բարձրացրեց ձեռքերը դէպի վեր երկինք եւ շարունակեց, բայց նոյն րոպէին մեղմացած մրմնջաց արտասուքը աչքերին.

-Ո՛չ, Տէ՛ր, մեղայ քեզ. թող լինի քո սուրբ կամքը…

Եւ ձեռքերը ծալեց կրծքին:

Հրեղէն սոսկալի լեզուները լիզում էին արդէն սենեակի դուռը եւ մի ակնթարթում գրկեցին ամբողջ առաստաղը, որից թափւող կրակները բոցավառեց կահ կարասիքն ու գորգերը:

-Ննջարա՛ն, ննջարա՛ն, – հրամայեց բէկը:

Եւ բոլորը խելայեղ վազեցին կից սենեակը: Ալէքսան բէկը վերջինը մտաւ ներս ու փակեց դուռը: Տիրեց մի վայրկեան ահռելի լռութիւն. դուրսի մահուան սարսուռ տւող բոցերի ճարճաթն էր լսւում միայն: Կանայք երեխան գրկած կծկւել էին վառարանի ետեւը, կարծես թաք էին կացել: Յանկարծ կարծես շարժւեց ամբողջ տունը, որոտալից դղրդիւնով փլւեց յատակը դէպի ներքեւ այն սենեակում, որտեղից նրանք նոր էին փախել: Ներքին եւ վերին յարկերի սենեակները միացան եւ կազմեցին զարհուրելի մի անդունդ լի բոցով եւ թանձր ծուխով: Դռները ուժով բացւեցին ու կրակը ներս խուժեց նրանց վերջին ապաստարանը. մի ակնթարթում վառւեցին մահճակալները: Հարսը ուշաթափւեց ընկաւ գետնին: Պառաւը կանգնել էր ապուշ հայեացքով: Ալէքսան բէկը մոլոր աչքերով, մազերը պիզ-պիզ նայեց չորս կողմը, նայեց կանանց ու երեխին եւ մի ուրախ ծիծաղով դարձաւ նրանց.

-Եկէք, եկէք ազատուած ենք. ահա՛ ճանապարհը:

Եւ մի արագ շարժումով գրկեց ծխից ու ահից թուլացած երեխին ու բարձրաթռիչ ոստիւնով ինքն իրան ձգեց դրացի սենեակի բոցավառ անդունդը:

Ալէքսան, ճչաց պառաւը նրան բռնելու ճիչով: Բայց ներս խուժող յորդ ծուխը խցկեց նրա աչքերն ու բերանը… Մարդկային ճենճերի անախորժ ու ծանր հոտը բարձրացաւ բոցերից եւ տարածւեց ամբողջ թաղում: Շուշու աւերակ դարձած փողոցներում, սրբապղծւած եկեղեցիներում կատարւեցին, երեք տարից յետոյ, հանդիսաւոր թափօրներ հայերի եւ թուրքերի հաշտութեան առիթով: Երդումներ էլ տեղի ունեցան, որ այսուհետեւ միշտ հայերն ու թուրքերը միմեանց հետ պիտի ապրեն իբրեւ բարեկամ – դրացիներ եւ եղբայրներ: Բարեսիրտ մարդիկ Ալէքսան բէկի տան փլատակների տակից ժողովեցին մի-քանի բուռն ոսկորներ, տեղաւորեցին մի դագաղի մէջ եւ տարան յանձնեցին սեւ հողին՝ «եղբայրական կոչւող նոր գերեզմանատանը»: Հանգիստ նրանց աճիւնին»:

Ավարտելով պատումը, նշենք, որ Ալեքսան բեկի ընտանիքի անդամները անգամ հանգիստ չգտան գերեզմանում, թուրքերի ավերածությունները շարունակվել են նաեւ խորհրդային տարիներին, երբ ջարդել են նրանց նշխարների վրա կանգնեցված հուշակոթողի վերնամասի խաչը, որը վերականգնվել է միայն 2003թ.: Կոթողի հարավային եւ արեւելյան կողերին փորագրված է 22 տող արձանագրություն. «Այս տապանի տակ հանգչում են 1905 թիւ օգոստոսի 18-ին հայ-թրքական ազգակործան, անմիտ աղետի ժամանակ թուրքերի ձեռքով իր հրդեհուած տան մէջ նահատակուած 68 ամեայ նադւորնի սովետնիկ Ալէքսան բէկ Տէր-Ղեւոնդեան Հեթումեանցի, նրա 61 ամեայ կին Անուշկայի եւ սրանց սիրելի 8 ամեայ թոռ Պողոսի աճիւնները. աղոթեցէք նոցա համար»: Եվ վերջում. Շուշիի գերեզմանոցը թշնամական ուժերի վերահսկողության տակ անցնելով, դարձյալ խորհում ես, արդյո՞ք հանգիստ կգտնեն Ալեքսան բեկի ընտանիքի անդամները գերեզմանում, թե այն նույնպես թուրքերը կոչնչացնեն:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Շուշեցիներ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031