Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը լուծված չէ. մնացածը «բիսեդկայի» խոսակցություններ են»

Հուլիս 12,2021 14:00

«Գաղտնիք չէ, որ մինչեւ պատերազմը, դրա ժամանակ եւ դրանից հետո էլ Ալիեւը ձգտել է վերմակը քաշել իր վրա։ Զարմանալի կլիներ, եթե հակառակն աներ։ Հիմա էլ խաղաղության պայմանագրից է խոսում։ Դա ոչ թե կարելի է կամ ոչ, այլ դա ուղղակի հնարավոր չէ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ օրերս արած հայտարարությանը, թե «Ղարաբաղի հարցը լուծված է, եւ Ադրբեջանը Երեւանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի կնքման հարցում»։

Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ դա հնարավոր չէ շատ պարզ պատճառով. «Արցախյան հակամարտությունը մնում է չլուծված։ Առանց դրա լուծման՝ խաղաղության պայմանագրի այսպես կոչված նյութը բացակայում է։ Ինչպես մինչեւ հիմա է եղել, այդպես էլ շարունակվելու է, քանի դեռ արցախյան հակամարտությունը լուծված չէ, իսկ այն, այո, լուծված չէ։ Բացի Ալիեւից եւ մի քիչ էլ Էրդողանից, ՀՀ-ն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, միջազգային հանրության բազմաթիվ սուբյեկտներ նույնն են ասում, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, որ այն պետք է լուծվի միայն մեկ ճանապարհով՝ եռանախագահության ձեւաչափով։ Ալիեւի նման հայտարարությունը կոչված է եռանախագահության ձեւաչափը շրջանցելու, եւ հիմա մեր խնդիրն է դա թույլ չտալ»։

Հիշեցրինք, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի համատեքստում ընդդիմադիրներն ահազանգում են, թե Նիկոլ Փաշինյանն այն կստորագրի հայկական կողմի համար ոչ ձեռնտու պայմաններում, այսպես կոչված անկլավներն էլ կտա Ադրբեջանին։ Ի պատասխան Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդպես մտածողները գլուխը պատով են տալիս, պատն էլ՝ գլխով. «Նման բանը հիմնավոր չի։ Իրականությունն այն է, որ Արցախի հարցը լուծված չէ եւ պետք է լուծվի եռանախագահության ձեւաչափում, ու այդ հարցում հայկական կողմը եւ համանախագահությունը խոսում են նույն հարթության վրա։ Մնացած խոսակցությունները «բիսեդկայի» խոսակցություններ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031