«Դուք մատնանշել եք, որ խնդիր չեք տեսել։ Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն դրական կարձագանքեր ատելության, բռնության կոչերի հետ կապված ընտրական գործընթացի մասնակիցների դիմումներին։ Ըստ ձեզ, ո՞րն են ԿԸՀ լիազորություններն ու սահմաններն այս հարցում։ Ի՞նչ աստիճանի դա պետք է լիներ, որպեսզի ձեզ համար հիմք հանդիսանար»,-ՍԴ նիստում այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին նման հարցադրումներ հղեց ՍԴ դատավորներից Արեւիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «ԿԸՀ-ն երկու անգամ առիթ ունեցել է հրապարակային դիմելու բոլոր քաղաքական ուժերին եւ հորդորելու զերծ մնալ վիրավորանք, ատելություն օգտագործելուց։ Մեր կարծիքը եղել է հորդոր։ Նման հարցերում միջամտությունը կարող է ընկալվել որպես գրաքննություն»։
Կարդացեք նաև
Արեւիկ Պետրոսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԿԸՀ-ն եզրակացրել, որ ուղղորդումները եղել են ոչ համակարգային բնույթի։ Մուկուչյանը պատասխանեց, որ նման դեպքերը մոտ մեկ տասնյակ են եղել։ Դատավորը մեջբերեց նաեւ քաղաքական ուժերից մեկի դիմումում մատնանշված այն հանգամանքը, որ իրենց գնահատմամբ՝ զինված ուժերում ուղղորդումներ են եղել։
Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ դա դիմումատուի դիրքորոշումն է։ Արեւիկ Պետրոսյանը նաեւ հիշեցրեց, որ դիմումատու քաղաքական ուժերը հոսանքազրկումների հետ կապված են մտահոգություններ արտահայտել։ ԿԸՀ նախագահը տեղեկացրեց՝ քվեաթերթիկների հաշվարկն ավելի ուշ է սկսվում, ուստի հոսանքազրկման ժամանակ հաշվարկ չի եղել․ «Որեւէ տեղից ահազանգ չենք ստացել, որ հոսանքազրկմամբ պայմանավորված՝ այսինչ տեղամասերում եղել է ինչ-որ ապօրինություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ