Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկային խնդիրների հաղթահարմանը նպաստող պարզ գործոններն ու 5 միջոց, որոնք անհրաժեշտ է ունենալ ձեռքի տակ, եթե պետք է շտապ «կարգի բերել» դեմքը

Հուլիս 11,2021 23:00

Ակնեն մաշկային ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը շատ մեծ ծավալով հանդիպում է 12-24 տարեկան մարդկանց շրջանում։

Այն ոչ միայն սև և սպիտակ կոմեդոնների, բշտիկների առկայություն և յուղոտ մաշկ է ենթադրում, այլև հոգեբանական բարդություններ է հարուցում՝ առաջացնելով տագնապի զգացողություն, դեպրեսիա ու ցածր ինքնագնահատական։

Ակնեն առաջին հերթին ախտահարում է մաշկի համեմատաբար շատ ճարպագեղձեր պարունակող հատվածները՝ դեմքը, կրծքավանդակը, թիկունքը, ուսերը։ Ըստ մասնագետների՝ առաջանում է, երբ մաշկի ծակոտիները խցանվում են մահացած բջիջներով և ճարպով, ինչն էլ բակտերիաների աճ ու բորբոքում է հարուցում։

Ակնեն սոսկ էսթետիկ խնդիր չէ, այն խոսում է օրգանիզմում, հատկապես աղիներում առկա խնդիրների մասին, այդ պատճառով տեղային բուժումը ոչ այնքան արդյունավետ կարող է լինել։

Դեմքի մաշկի փոփոխությունները՝ չորությունը, կարմրությունը, բորբոքումը կամ բծերի առաջացումը խոսում են օրգանիզմում առկա ավելի խորը խնդիրների մասին, որոնք ուշադրության կարիք ունեն։ Ահա թե ինչու է կարևոր տեղային, էսթետիկ բուժումից զատ գտնել խնդրի առաջացման բուն պատճառը։

Սակայն ախտորոշիչ գործողություններից  ու բուժումից պակաս կարևոր չեն այն գործոնները, պետք է հաշվի առնել, եթե տրամադրվել եք հաղթահարել մաշկային անցանկալի երևույթները։

Առաջին քայլերից մեկը սննդակարգի վերանայումն է․ խուսափեք օսլա, շաքար, ածխաջրեր պարունակող մթերքներից, կաթնամթերքից, փոխարենն ավելի շատ օգտագործեք օգտակար ճարպաթթուներ պարունակող մթերքներ՝ ավոկադո, ձիթապտուղ, ձիթապտղի, կոկոսի յուղ, կարագ։

Կնդանական ծագում ունեցող օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են կարգավորել մաշկի լիպիդները, նվազեցնել բորբոքումն ու կանխել մաշկի ջրազրկումը։ Ճարպաթթուների անբավարարությունը հաճախ է դրսևորվում կրունկների ճաքճքվածության, մաշկային այլ խնդիրների տեսքով։

Սնվեք ցինկով հարուստ մթերքներով, քանի որ այս հանքանյութը նպաստում է մաշկային խնդիրների հաղթահարմանը։ Ցինկով հարուստ են տավարի միսը, դդմի սերմերը, սունկը, սպանախը և այլն։

Ուրախալի է այն փաստը, որ միայն հրաժարվելով արագ ու անառողջ սննդից՝ ակնեն հաղթահարելու առաջին քայլն է կատարվում։ Նախ փորձեք նվազեցնել քաղցր ածխաջրերը՝ թխվածքաբլիթներն ու տորթերը փոխարինելով բանջարեղենով ու բարձրորակ ճարպաթթուներով։
Այնուհետև փորձեք կրճատել ածխաջրերի այլ՝ առավել տարածված աղբյուրները, օրինակ՝ մակարոնեղենը կամ կարտոֆիլը և կտեսնեք, որ քայլ առ քայլ մաշկի վիճակը բարելավվում է։

Հոգացեք օրգանիզմի առողջ միկրոֆլորայի մասին՝ սնունդը հարստացնելով ֆերմենտացված, պրոբիոտիկներով հարուստ մթերքներով։ Դա հատկապես կարևոր է, եթե հակաբիոտիկներ եք ընդունում, քանի որ հակաբիոտիկները վերացնում են ոչ միայն ախտածին, այլև օգտակար բակտերիաները, որոնց պաշարն անհրաժեշտ է լրացնել, քանի որ դրանք կենսականորեն անհրաժեշտ են աղիների առողջ աշխատանքի, ամուր իմունային համակարգի համար։

Շատ ջուր խմեք․ մաքուր ջրի օգնությամբ մաշկի խոնավացումը նպաստում է բջիջների աճին ու վերականգնմանը, բարելավում մաշկի տոնուսը։

Հոգացեք օրգանիզմում վիտամին D-ի բավարար մակարդակի մասին, առանց որի օրգանիզմը չի կարողանա արդյունավետորեն պայքարել տարատեսակ, այդ թվում՝ մաշկային ինֆեկցիաների դեմ։

Ժամանակ գտեք մարզվելու համար, քանի որ կանոնակարգված մարզումները բարելավում են արյան շրջանառությունը, կարգավորում հորմոններն ու օգնում ազատվել սթրեսից, ինչն էլ լավ է ազդում մաշկային խնդիրների հաղթահարման վրա։

Միշտ հիշեք գիշերային առողջ քնի կարևորության մասին, չէ՞ որ դա ամենալավ ժամանակահատվածն է մաշկի վերականգնման, սթրեսի ու հոգնածության թոթափման համար։ Բավարար չափով ժամանակ հատկացրեք քնելուն, եթե ցանկանում եք առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալ։

5 բնական միջոց ակնեի սրացումներից ժամանակավորապես ազատվելու համար

  • Հալվե- գդալի օգնությամբ քերեք ալոեի տերևներում պարունակվող դոնդողանման նյութն ու քսեք մաքուր մաշկին՝ այն խոնավացնելու ու թարմացնելու համար։
  • Խնձորի քացախ– ⅓ հարաբերակցությամբ խառնեք խնձորի օրգանական քացախն ու ջուրը և բամբակով քսեք մաշկի վնասված հատվածներին։ Սպասեք 5-20 վայրկյան, այնուհետև լվացվեք ու չորացրեք դեմքը անձեռոցիկի թեթևակի հպումներով։ Ըստ անհրաժեշտության օրական կարող եք կատարել 1-2 անգամ։
  • Կանաչ թեյ– կանաչ թեյը թրմեք եռման ջրում 3-4 րոպե, հովացրեք, այնուհետև բամբակի օգնությամբ քսեք դեմքին։ Սպասեք մինչև չորանա, այնուհետև լվացրեք դեմքն ու չորացրեք թեթևակի հպումներով։
  • Մեղրով ու դարչինով դիմակ– 2 ճաշի գդալ մեղրն ու 1 թեյի գդալ դարչինը խառնեք, ստացված մածուկը քսեք դեմքի վնասված հատվածներին 10-15 րոպեով։
  • Թեյի ծառի յուղ – 1/9 հարաբերակցությամբ խառնեք թեյի ծառի յուղն ու ջուրը և օրը 1-2 անգամ քսեք դեմքի վնասված հատվածներին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031