«Դիմումները ենթակա են մերժման՝ որոշակի պատճառաբանություններով։ Դրանցով որպես ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք վկայակոչված են այնպիսի խախտումներ, որոնք տեղի են ունեցել մինչեւ ընտրությունների նշանակումը»,-ՍԴ նիստում այսօր հայտարարեց պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Կարդացեք նաև
Վերոնշյալով պայմանավորված, ըստ Մուկուչյանի, դիմումներում առկա փաստերը չեն կարող այս գործով քննարկման առարկա դառնան։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար առաջնահերթ պետք է պարզել՝ ընտրությունների կազմակերպման, անցկացման, ձայների հաշվարկի ամփոփման ժամանակ արդյո՞ք տեղի ունեցել են ԸՕ-ով սահմանված պահանջների խախտումներ․ «Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետեւանքները կրեն անդառնալի բնույթ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ