Դիլիջանի քաղաքային այգու ամֆիթատրոնում այսօր տեղի ունեցավ «Դիլիջանի ներառական թատրոն» ծրագրի մասնակիցների «Իմ կյանքի գույները» ներառական ներկայացումը։
5 ամիս տևողությամբ «Դիլիջանի ներառական թատրոն» ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդներին Դիլիջանի մշակութային և սոցիալական կյանքում ներառելն է` թատերական արվեստի միջոցով։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին, որտեղ ներառված 16 մասնակիցները ոչ միայն Դիլիջանից են, այլ նաև Հաղարծին և Գոշ գյուղերից։
Կարդացեք նաև
«Ես արդեն մոտ 8-9 տարի Երևանում իմ ղեկավարած թատրոնում ներառական պարի խումբ եմ ղեկավարում, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող պրոֆեսիոնալ մարդիկ են հանդես գալիս։ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ տարիներ շարունակ համագործակցել եմ թատրոնի ուղղությամբ։ Անցյալ տարի միտք առաջացավ նմանատիպ խումբ կազմակերպենք Երևանից դուրս և ԴՀԿ-ն դիմեց Ամերիկայի դեսպանատանը ու ստացավ դրամաշնորհ, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նախագիծը»։
Գեղարվեստական ղեկավարի խոսքով` խումբը ձևավորվել է ընտրության միջոցով, քանի որ դիմողների քանակը շատ մեծ է եղել, սակայն ընտրվել են այն երեխաները, որոնք ամենամեծ պոտենցիալն ունեին թատրոնով զբաղվելու․
«Ես ուզում եմ նշել, որ սա իրենց համար իսկապես լրիվ նոր աշխարհ է։ Այս նախաձեռնությունը իրագործելու հարցում շատ կարևոր ներդրում է ունեցել Քրիստինա Դանիելյանը, ով եղել է ներկայացման խորեոգրաֆը»։
Բադալյանը խոսքով` նախագիծը նպատակ ունի հասարակության մեջ ձևավորել առանց սահմաններ ապրելու գաղափարը և բոլորին ընդունել իրենց հավասար․
«Հատկապես վիզուալ արվեստը լավագույն օրինակ է, որ առհասարակ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները պարում են միասին նշանակում է կարող են նաև միասին ապրել և աշխատել։ Ես վստահ եմ, որ երեխաների կյանքում այս նախագծով շատ բան փոխվեց, և նրանց մտահորիզոնը բացվեց, փշրվեցին մեր մտքում ստեղծված արհեստական պատնեշները։ Մեծ հույս ունեմ, որ նմանատիպ նախագծերը կենտրոնում կշարունակվեն և այս գաղափարն ավելի կմեծանա»։
Բադալյանը նաև ընդգծեց, որ մեծ ցանկություն կա նման նախագծեր իրականացնել հատկապես մարզերում, սակայն դրա համար հարկավոր է տեղի ինքնակառավարման մարմինները նախաձեռնությամբ հանդես գան և շահագրգռված լինեն դրանով։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ