Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդավոր խաբեբան (պատմվածք)

Հուլիս 11,2021 18:28

Ինչպես միշտ, Խորենը դանդաղորեն բարձրացավ ավտոբուսի առջևի դռնից և մոտենալով  դիմացի երկտեղանի նստարանի ազատ տեղին, տնքալով նստեց, որի ձախ մասում միջին հասակի տղամարդ էր նստած: Տղամարդը դիմակ էր կրում, ինչպես ավտոբուսի մնացած ուղևորները: Խորենը նստելուց հետո բարեխղճորեն ուղղեց իր դիմակը և սկսեց հետաքրքրությամբ շուրջը նայել:

Որոշ ժամանակ անց, կողքին նստած տղամարդը դիմեց նրան՝ հարցնելով.

-Դո՞ւք էլ եք Արևմտյան թաղամաս գնում:

-Այո՛, ինչ կա ո՞ր,-հարցական նայելով անծանոթ տղամարդուն հարցրեց Խորենը, նրա առոգանությունից զգալով, որ արտասահմանյան հայ է:

-Իսկ մինչև այնտեղի եկեղեցի հասնում ե՞ք:

-Այո՛:

-Ես կխնդրեմ Ձեզ, երբ հասնենք այդ եկեղեցուն ինձ զգուշացնեք, որ իջնեմ:

-Սիրով,-պատասխանեց Խորենը ու լռեց:

-Իսկ դրանից հետո, Դուք երկար եք՞ գնալու,-հետաքրքրվեց անծանոթը:

-Ընդամենը երկու կանգառ եկեղեցու կանգառից հետո,-պատասխանեց Խորենը:

Բայց տղամարդը դրանով չավարտեց իր խոսքը ու դիմելով Խորենին, մտերմիկ տոնով հարցրեց.

-Հայրիկ, քանի՞ տարեկան ե՞ք:

-Ես սովորաբար իմ տարիքը հարցնողներին հակադարձում եմ, իսկ քանի տարեկան կլինեմ,-ասաց Խորենը:

-Դե՛, մի 65-70:

-Մի քիչ բարձրացեք,-ժպտալով շարունակեց Խորենը:

-75,- հարցական նայեց անծանոթը:

-Մի քիչ էլ բարձրացեք,-արձագանքեց Խորենը:

-80,-հարցական նայեց տղամարդը:

-Մի քիչ էլ, որ բարձրանաք կհասնեք տեղին:

-85,-զարմացավ անծանոթը:

-84,-հաղթական ժպտաց Խորենը:

-Ես զարմացած եմ, չեմ հավատում,-արձագանքեց տղամարդը,-Իսկ դուք երևանցի ե՞ք:

-Իմ պապերը Արևմտյան Հայաստանից են գաղթել, բայց ես Երևանում եմ ծնվել:

-Ես Քուվեյթից եմ եկել հայրենիք, բարեգործական կազմակերպության կողմից  գումար եմ բերել, մի մասը պետք է նվիրեմ այդ եկեղեցուն, իսկ մի մասն էլ կարիքավոր ընտանիքներին:

-Լավ նպատակով եք եկել, ողջունելի է,-արձագանքեց Խորենը:

-Բայց պիտի մի բան կխնդրեմ Ձեզանից,-աշխուժացավ տղամարդը և գլուխը մոտեցնելով Խորենի ականջին, կամացուկ փսփսաց,-Ես հասկացա, որ Դուք պարկեշտ ու ազնիվ մարդ եք և կարելի է Ձեզ վստահել, կարո՞ղ եմ մի ծրար տալ, որ պահեք տանը, ես հետո կզանգահարեմ, կհանդիպենք և կվերցնեմ, մեջը բավականին գումար կա, վախենում եմ թողնել հյուրանոցում, իսկ հետս պտտացնել նույնպես վտանգավոր է, կարող է գողանան:

Խորենը մտատանջության մեջ ընկավ, արդյո՞ք իրականում նա ճիշտ է ասում, հարցրեց ինքն իրեն ու հենց այդ պահին էլ ավտոբուսը կանգ առավ եկեղեցուն մոտ գտնվող կանգառում:

Նրանք երկուսով ցած իջան ավտոբուսից, իսկ երիտասարդ անծանոթը վճարեց նաև Խորենի փոխարեն:

Նրանք ուղղություն վերցրին դեպի եկեղեցի և զրուցելով հասան նրա ցանկապատին, որտեղից պետք է մուտք գործեին եկեղեցի: Սակայն անծանոթը կանգ առավ ու դիմելով Խորենին կամացուկ շշնջաց, ձեռքը պարզելով դեպի եկեղեցուն կից այգու նստարաններից մեկը.

-Արի գնանք այն նստարանի մոտ, ես քեզ կհանձնեմ ծրարը, բայց մի փոքր պետք է փոփոխություն կատարեմ:

Այնքան վստահ ու առանց վարանելու էր խոսում նա, որ Խորենը միանգամայն վստահեց նրան:

Հասան նստարանին, հարմարավետ տեղավորվեցին, անծանոթը զգուշությամբ բացեց ձեռքին բռնած կաշվե տոպրակը, գաղտագողի նայեց աջ ու ձախ, քթի տակ մրթմրթաց, ապա մի ծրարից մյուս ծրար փոխադրեց ինչ-որ գումար, նորից գողունի աջ ու ձախ նայեց, ապա տեղից վեր կացավ: Իսկ այդ միջոցին Խորենը նայում էր այգու ծառերին ու զարմանում այս տղամարդու միամտության վրա, չէ որ կարող էր նրան խաբել և գումարը հետ չվերադարձնել:

-Հիմա այստեղ գրեք Ձեր հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում  զանգահարեմ ու գումարը հետ վերցնեմ տերերին բաժանելու համար,-գրպանից հանելով փոքրիկ բլոկնոտը և ինքնահոսը պարզեց Խորենին:

Խորենը հնազանդորեն նրա ձեռքից վերցրեց բլոկնոտը և ինքնահոսը, ապա մաքուր էջի վրա գրեց իր անունը և բջջային հեռախոսի համարը, որից հետո դրանք հետ վերադարձրեց տիրոջը:

Անծանոթը ծրարը հանձնեց Խորենին, ապա մեղմիկ տոնով ասաց.

-Բայց լավ կլինի, որ մի բան թողնեք ինձ մոտ, վստահության համար:

Խորենը մի փոքր մտածելուց հետո, գրպանից հանեց իր դրամային քարտը, որի վրա մի փոքր գումար կար և պարզեց անծանոթին: Նա վերցրեց քարտը, ձեռքում շուռումուռ տվեց ու պարզելով Խորենին ասաց.

-Իսկ մի քիչ արժեքավոր բան չե՞ք կարող տալ:

-Խնդրեմ,-ասաց Խորենը ու ձեռքից արձակելով ժամացույցը, պարզեց նրան:

-Իսկ Ձեր այդ վզնոցը չե՞ք կարող տալ-,մատնացույց անելով Խորենի վզին կախված ոսկյա վզնոցին:

-Ինչո՞ւ ոչ, կարող եմ և այս թողնել Ձեզ մոտ, քանի որ Դուք ինձ վստահել եք այդպիսի մեծ գումարի պահպանումը,-ասաց Խորենը և վզից արձակելով ոչ այնքան թանկարժեք վզնոցը պարզեց նրան:

Ավարտելով փոխանակությունը, նրանք ջերմորեն հրաժեշտ տվեցին իրար, առանց ձեռք սեղմելու և դիմակները հանելու:

Անցավ մի քանի օր ու այդպես էլ անծանոթը չզանգահարեց Խորենին: Դժբախտաբար Խորենը չէր վերցրել նրա հեռախոսահամարը և միայն հիշում էր անծանոթի գուցե և կեղծ անունը ու հյուրանոցի անվանումը:

Անցավ ևս մի քանի օր, Խորենը գնաց անծանոթի նշած հյուրանոց, դիմեց հերթապահին, որն էլ հաղորդեց, որ այդպիսի անունով հյուր և այն էլ Քուվեյթից չեն ունեցել: Իսկ անծանոթը հաղորդել էր, որ երեք օրից հետ է վերադառնալու Քուվեյթ:

Պարզ էր, որ անծանոթը այլևս անհետացել էր:

Խորենը տուն եկավ և ստիպված բացեց անծանոթի սոսնձված ծրարը, որը այդպես էլ մինչ այդ չէր բացել և այնտեղ հայտնաբերեց 10000 ԱՄՆ կեղծ դոլարներ:

Խորհրդավոր պարկեշտ մարդը իրականում փորձված խաբեբա էր եղել:

Սակայն Խորենը այն քան էլ ծանր ապրումներ չունեցավ, քանի որ այդ ոսկյա վզնոցը հազիվ 3 ոսկի պարունակեր և այն էլ՝ ոչ այնքան բարձր որակի:

Հ.Գ. Այս իրողությունը ինձ պատմել է իմ մոտիկ ընկերը, որի իսկական անունը հայտնի պատճառներով ես այստեղ չեմ նշել, բայց պատմությունը  իր հետ համաձայնեցրել եմ այն նպատակով, որ այլ դյուրահավատ և ազնիվ մարդիկ  չընկնեն նման խաբեբաների լարած թակարդը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031