«Բարձր դատարան, կարելի՞ է մեջբերել Սերժ Սարգսյանի հանրահայտ խոսքերը, որոնցում խոսվում է ատելության խոսքի մասին։ Կարելի՞ է այստեղ մեջբերել, եթե այն ուղիղ հայհոյանք է պարունակում»,-ՍԴ նիստում այսօր դատարանին դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը։
Նա նկատի ուներ նախընտրական քարոզչության ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որոնցում վերջինս մեջբերում էր, թե սյունեցին ինչպես է դիմել Նիկոլ Փաշինյանին։ «Ճակատին նայեն ու ասեն՝ ողջույն, **** տղա․․․ դրանից ավելի մեծ կոմպրոմատ ի՞նչ պետք է անեն։ Ախր էս երեսուն տարվա մեջ, երբ տարբեր ղեկավարներ են եղել, տեսե՞լ եք մեկի դեմքին նայեն ու նման բան ասեն»,-հունիսի տասին ասել էր Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Կարդացեք նաև
Ռուստամ Բադասյանը հարցեր էր հղում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին, որն ավելի վաղ այսօր մատնանշել էր ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սպառնալից արտահայտությունները, նաեւ՝ հայհոյախառն որոշ բնորոշումներ։
«Պարոն Հարությունյան, կարծում եմ՝ հասկացաք, թե ինչի մասին է խոսքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք հայհոյանքի օգտագործումը նախընտրական քարոզչության ընթացքում»,-հարցրեց Ռուստամ Բադասյանը։ Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ առհասարակ քարոզչության ընթացքում բառապաշարը եղել է անթույլատրելի․ «Հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշները չեն կարողանում զսպել զգացմունքները։ Իշխանական ուժից հատկապես հնչել է ահաբեկող, հայհոյող տարափ, որը ճիշտ մոտեցում չէ։ Առաջինն իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկեր, որ ՀՀ-ում նման իրավիճակ չստեղծվեր։ Դա իշխանության պոզիտիվ պարտավորությունն է։ Ձեր նշածն արձագանք է իշխանության պահվածքի։ Դա ցավալի երեւույթ է։ Երբեւէ քաղաքական բառապաշարը չպետք է դուրս գա քաղաքական մթնոլորտի սահմաններից»։
Ռուստամ Բադասյանը շարունակեց հարցադրումները․ «Դուք անընդհատ խոսում էիք, որ ընտրողի կամքի վրա ազդել է, ձեր ձեւակերպմամբ, ատելության խոսքը։ Կուզեի ձեր կարծիքն իմանալ։ Հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձությունները, խաղաղ ցուցարարների հանդեպ ջրցան կիրառելը կարո՞ղ էին այնպիսի անջնջելի ազդեցություն ունենալ ընտրողների կամքի վրա, որ այն քաղաքական ուժերը, ում օրոք նման դեպքեր են եղել, այլեւս երբեք չհավակնեն ստանալ ընտրողների հոծ զանգվածի վստահությունը»։ Դավիթ Հարությունյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննարկումը Ռուստամ Բադասյանի ձեռքով տեղափոխվում է քաղաքական հարթություն։ Բադասյանը չհամաձայնեց․ «Պարոն Հարությունյանը հենց քաղաքական հայտարարությունների մասին էր խոսում, որոնք, իր խոսքով, ազդել են ընտրողների կամքի վրա»։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պարզաբանեց՝ ընտրությունների վերաբերյալ վեճ են քննում, ուստի բացարձակ ապաքաղաքականացում ապահովել հնարավոր չէ, բայց առավելագույնս պետք է զերծ մնալ քաղաքական հայտարարություններից․ «Ակնհայտ դեպքերում դատարանը կմիջամտի»։
Ապա Դավիթ Հարությունյանը պատասխանեց Բադասյանի հարցադրմանը․ «Ըստ գործող իշխանության՝ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը ծանրագույն հարված էր հայոց պետականությանը։ Բայց դա կապելն այդ պահի իշխանության հետ անմտություն է եւ անբարոյականություն։ Իսկ մարտի մեկի վերաբերյալ կարծում եմ պետք է սկսել Նիկոլ Փաշինյանի ելույթներից, թե ինչպես են ցույցերի ժամանակ բախումներ հրահրվել։ Եթե դա շաղկապենք իշխանության ապագա ճակատագրի հետ, սխալ կլինի, բայց ընտրողները գնահատում են եւ բացասականը, եւ դրականը։ Ընտրություններն են չափում, թե ընտրողի վրա ինչպես են ազդել այս կամ այն իրադարձությունները»։ Ռուստամ Բադասյանն այնուհետեւ հարցրեց՝ եթե այս անգամ ընտրությունների կամքի վրա ազդող մթնոլորտ է եղել, ինչպես Դավիթ Հարությունյանն է պնդում, ապա ինչու է ստացվել այնպես, որ ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքում իշխանությունը մեծամասամբ պարտվել է։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Բադասյանի ասածը փայլուն օրինակ էր՝ իր խոսքերն ապացուցող․ «Դուք ազդել եք մեր քարոզիչների վրա, դուք չէիք ահաբեկել ՔԿՀ-ներում, այդ պատճառով մենք այդտեղ հաղթեցինք, մենք չէինք կարող ՔԿՀ-ներ քարոզիչներ ուղարկել։ Դուք ճնշեցիք, հետապնդեցիք մեր քարոզիչներին ՔՀԿ-ներից դուրս, դրա համար պատկերն այլ էր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ