Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չունի անգամ իրավախախտներին «ասֆալտին պառկեցնելու», «լեզուները կտրելու» սահմանադրական լիազորություն»․ «Պատիվ ունեմ»-ի դիմումը լսվեց ՍԴ-ում

Հուլիս 11,2021 15:20

«Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսեւորմամբ, որը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, հետագա վրեժխնդրության  հստակ տարրեր»,-ՍԴ նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

«Դրանց արդյունքում ձեւավորվել է վախի, լարվածության մթնոլորտը, եւ ընտրողը ենթարկվել  է այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։ Ընդ որում, Փաշինյանի հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլեւ պաշտոնատար անձանց, ընտրողների առանցքային խմբերի։ Դրանք միտված են եղել «հիշեցնելու» հնարավոր հետեւանքների մասին՝ նպատակ ունենալով ազդել եւ ճնշել ընտրության ազատությունը։ Անգամ եթե Փաշինյանի խոսքերն ուղղված լինեին միայն օրինախախտներին, ինչպես ՔՊ-ն է պնդում, թեեւ դա այդպես չէ, ապա դա նույնպես անթույլատրելի է։ Անգամ իրավախախտներին «ասֆալտին պառկեցնելու», «լեզուները կտրելու», «վենդետա անելու», «վրեժ լուծելու» սահմանադրական լիազորություն Նիկոլ Փաշինյանը չունի»,-շեշտեց Դավիթ Հարությունյանը։

 

Նրա խոսքով՝ որեւէ իրավական նորմ վարչապետին կամ վարչապետի պաշտոնակատարին չի վերապահում նման գործառույթ, այլ հակառակը՝ պաշտոնյաներն իրավասու են կատարել միայն սահմանադրությամբ  լիազորված գործողություններ․ «Այո, իրավախախտները ենթակա են պատասխանատվության, բայց օրենքի առաջ։ Իսկ Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարություններից մարդկանց մոտ կարող է տպավորություն առաջանալ, որ մեղավորության աստիճանը եւս որոշելու է Փաշինյանն անձամբ։ Իսկ դա ակնհայտորեն կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ»։ Ապա Դավիթ Հարությունյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական վրեժ անելու, ոմանց վզակոթից բռնած դուրս շպրտելու մասին հայտարարությունները։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթներում օգտագործվել են նաեւ փողոցային հայհոյախոսությանը բնորոշ բառեր, որոնց արտաբերումը բարձր դատարանում հակասում է էթիկայի սկզբունքներին․ «Բայց ներկայացվածը բավարար է՝ փաստելու համար, որ Փաշինյանը սպառնացել է ոչ միայն իր քաղաքական մրցակիցներին, այլեւ այն բոլոր անձանց, որոնք այս կամ այն կերպ փորձել են աջակցել այլ քաղաքական ուժի՝ ՏԻՄ պաշտոնյաներ, գիտնականներ, հանրային ծառայողներ։ Քաղաքական վերնախավի կողմից բռնության, ագրեսիայի մթնոլորտի խրախուսումը պարունակել է հանրային աջակցություն արագորեն ձեռքբերելու ռիսկը՝ խիստ վտանգավոր հետեւանքներով։ Վառ օրինակ է Գեղադիրի բնակչուհու հրապարակային կոչը Փաշինյանին՝ «դուխով եղիր, դեմդ խոսողի գլուխը կտրի»։ Սրան Փաշինյանը հավանություն է տալիս ու գլուխը թափահարում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մուրճերով  քաղաքացիներ են եղել»։

Դավիթ Հարությունյանը նաեւ դատարանին հայտնեց՝ դիմումին կցել են հոգեբան-փորձագետի եզրակացություն այն մասին, թե ինչպես է Փաշինյանի վարքագիծն ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031