Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշումը կարող էր լինել գրիչով, ֆլոմաստերով կամ շրթներկով, ասենք՝ Փաշինյանին սիրահարվածը որոշել է համբույր դնել»․ Արտակ Գալստյանը՝ ԿԸՀ քարտուղարին

Հուլիս 11,2021 13:23

«Դուք ծանոթ եք եղել քվեաթերթիկի նմուշին եւ ստորագրել, որ չունեք առարկություն։ Կարող էիք բողոքարկել ԿԸՀ որոշումը, եթե համաձայն չէիք քվեաթերթիկի նմուշի հետ։ Ընտրողներն արդեն երրորդ անգամ էին այս կարգով քվեարկում, եւ քվեաթերթիկի վրա կա նշում՝ գրիչ չօգտագործելու մասին։ Ինչո՞ւ չբողոքարկեցիք»,-ՍԴ նիստում այսօր «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին հարցրեց պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ նկատի ունենալով կուսակցության այն մեղադրանքը, թե ԿԸՀ-ն քվեաթերթիկների վրա համառոտ չի նշել քվեարկության կարգը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Արտակ Գալստյանը պատասխանեց․ «Ուզում էինք բողոքարկել, բայց երկար փնտրելուց հետո ԿԸՀ կայքում այդպես էլ չկարողացանք գտնել քվեաթերթիկի նմուշի հաստատման մասին ԿԸՀ որոշումը։ Բացի այդ, մեր ստորագրությունը դրել ենք առաջին էջի վրա, երկրորդ էջի մասով էլ մտածել ենք, որ ԿԸՀ-ն ողջամտորեն պետք է կատարեր օրենքի պահանջը։ Իսկ առաջին էջում գրիչի մասին խոսք չկա, ուղղակի գրված է, որ քվեաթերթիկի վրա նշում չի արվում։ Իսկ դա կարող էր լինել գրիչով, ֆլոմաստերով կամ շրթներկով։ Դիցուք՝ մեկը սիրահարվել է Փաշինյանին ու որոշել համբույր դնել»։

Արմեն Սմբատյանը պատասխանեց, որ ԿԸՀ որոշմանը կուսակցությունը ծանոթ է եղել․ «Ի՞նչ է նշանակում՝ կայքում չեք գտել։ Կայքում բոլոր որոշումները կան։ Այն կարող էիք ստանալ ԿԸՀ-ից, եւ չեք բողոքարկել։ Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ քվեաթերթիկը երկրորդ էջ պետք է ունենա»։ Արտակ Գալստյանը պնդեց, որ խոսքը երկրորդ էջի մասին չէ, այլ ըստ օրենքի՝ քվեաթերթիկը պետք է ունենա քվեարկության կարգի մասին ծանուցում․ «Այն երկար է, եւ տրամաբանորեն՝ այն երկրորդ էջ պետք է ունենար, որպեսզի տպվեր քվեարկության կարգը»։

Ապա Արմեն Սմբատյանը շեշտեց, որ ԿԸՀ-ն տեղեկատվական հոլովակներով էլ է ընտրողներին տեղեկացրել քվեարկության կարգի մասին, սակայն Արտակ Գալստյանը չհամաձայնեց՝ ասելով, որ դա բավարար չէ, քանի որ շատերը տեղամասում չեն կողմնորոշվել, թե ինչպես քվեարկել, ինչն առաջացրել է խառնաշփոթ, անկառավարելի իրավիճակներ։ Ինչ վերաբերում  է «Հայոց հայրենիքի» մեղադրանքներին այն մասին, որ որոշ տեղամասերում իրենց կուսակցության քվեաթերթիկը չի եղել, Արմեն Սմբատյանը պնդեց, որ նման բան չի եղել․ ստուգել են ու ահազանգը ու պարզել, որ քվեաթերթիկներն առկա են։ Արտակ Գալստյանը չհամաձայնեց․ «Մենք չենք ասել, թե չեն եղել, այլ ասել ենք, որ մեր քվեաթերթիկները  տեղադրված չեն եղել քվեաթերթիկների համար նախատեսված սեղանին»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031