«Տեսեք, 2016թ․-ի խմբագրությամբ ընդունված ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեաթերթիկը ներառում է ծանուցում՝ քվեաթերթիկի լրացման մարգի մասին։ Հետո ԸՕ-ն փոխվեց։ Հիմա այն պետք է ներառի ծանուցում՝ քվեարկելու կարգի մասին։ Այն հոդվածը, որը նախկինում վերաբերում էր քվեաթերթիկը լրացնելուն, փոխվել է, դարձել ոչ թե «քվեարկել», այլ ընտրել թեկնածուին»,-ՍԴ նիստում այսօր «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները: Այսօր «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին հարցեր հղելու հերթն էր՝ ավելի վաղ իր ներկայացրած խախտումների վերաբերյալ։
Հրայր Թովմասյանը շարունակեց․ «Երբ ես ինձ դնում եմ ԿԸՀ-ի տեղը եւ ասում, որ քվեաթերթիկը ծանուցում պետք է պարունակի քվեարկության կարգի վերաբերյալ, բայց խնդիրն օրենսդրական կարգավորման փոփոխության մեջ է, ըստ որի՝ քվեարկելու կարգի մասին առանձին դրույթ չկա, կան մի քանի հոդվածներ։ Դրանք ո՞նց կարող էին զետեղված լինել փոքրիկ քվեաթերթիկի վրա»։ Արտակ Գալստյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ պետք չէ ԸՕ բոլոր դրույթները տեղադրել, այլ բավական կլիներ, որպեսզի ընտրողը տեղամաս մտնելուց մի քանի տողով իմանար, թե ինչպես քվեարկել։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի քանի նախադասությամբ քվեարկության կարգը բացատրել է։ Ուստի այդ ամենը մի քանի տողով պետք է տեղադրվեր մի քանի էջի վրա, եւ հարցը փակվեր։ Եթե կա օրենսդրական պահանջ, որը քվեաթերթիկը պետք է պարունակի քվեարկության կարգի մասին ծանուցում՝ անկախ նրանից, թե դա ինչ ծավալի է, դա չի կարող պատճառ լիներ, որ իշխանությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարի»։
Հրայր Թովմասյանն ասաց․ «Ես չեմ ասում՝ խախտում կար, թե ոչ։ Խնդիրն օրենսդրական կարգավորման մեջ է։ ԿԸՀ-ն դա արել է, թե ոչ, դատարանն առանձին կգնահատի»։
Կարդացեք նաև
Արտակ Գալստյանը պատասխանեց․ «Խնդիրը նրանում է, որ երբ ընտրողը մտնում է քվեախցիկ, քվեաթերթիկը վերցնելիս պետք է պատկերացում ունենա, թե ինչպես է ընտրելու։ Բուն քվեարկության կարգի մասին է խոսքը։ Այստեղ օրենսդրական բաց չէ, այլ ԿԸՀ-ի կողմից անփութության արդյունք»։ Հրայր Թովմասյանը հետո մեջբերեց «Հայոց հայրենիքի» մատնանշած այն կետը, որ ընտրատեղամասերից կեսից ավելին կահավորված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Նշել եք 156 000 թիվը։ Դրանք այն ընտրողներն են, որոնք առհասարակ որեւէ հաշմանդամությո՞ւն ունեն, թե հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք են»։ Արտակ Գալստյանը պատասխանեց, որ դրանք «Ականատես» դիտորդական առաքելության տվյալներն են: Ապա ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ձեր կուսակցությունն ընտրությունների ժամանակ չի օգտվել վստահված անձանց ինստիտուտից։ Գալստյանը պատասխանեց․ «Դա կապված է եղել ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներից եւ այն հանգամանքից, որ մեր կուսակցության թիմը նոր էր ստեղծվում։ Դրա համար կենտրոնական շտաբում էկրանների միջոցով կարողանում էինք դիտարկել հազարից ավելի տեղամասեր, բայց հոսանքազրկման պատճառով ժամ ու կես չենք վերահսկել։ Ընդ որում, միայն մեր շենքում հոսանքն անջատվեց»։
Արեւիկ Պետրոսյանը նաեւ նկատեց՝ նշել եք, որ որոշ տեղամասերում հինգ ժամ բացակայել են ձեր կուսակցության քվեաթերթիկները, եւ խնդիրը վերացվել է ԿԸՀ դիմելուց հետո, կմանրամասնե՞ք։ Արտակ Գալստյանը պատասխանեց․ «Ընտրատեղամասերը տարբեր պատճառաբանություններ են ասել։ Մեկն ասել է, թե քվեաթերթիկները վերջացել են, չնայած ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են քվեաթերթիկները վերջանալ։ Առհասարակ, հիմնական պատճառաբանությունը եղել է այն, որ մեր քվեաթերթիկն «ավելի շուտ» է վերջացել։ Այդպես էլ չհասկացա, թե ինչպես»։ Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց, որ ԿԸՀ-ն այս հարցին դեռ կանդրադառնա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ