Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան․ «Հոսանքազրկումները կարող էին քվեատուփերը փոխելու լավ առիթ հանդիսանալ»

Հուլիս 10,2021 22:52

Այսօր Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատաքննության ժամանակ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց, որ  իրենց արձանագրած խախտումները բավարար են, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն:

Պարոն Զոհրաբյանն ասաց, որ  արտահերթ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում․ «Հատկապես կարեւորում ենք երկու փաստարկ, 1-ինը՝ բռնության կոչ եւ հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ եւ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն։ Մենք դիմել ենք Վարչական դատարան»:

Ըստ պարոն Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Ըստ «Զարթոնքի», մինչ քարոզչության մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը մարզերում ծառայողական հանդիպումներ է ունեցել, ինչը փաստացի քարոզչություն է եղել,  այդտեղ օգտագործվել է վարչական ռեսուրս․ «Այսինքն՝ նա մարզերում հանդիպումների է  գնացել որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել եւս նոր սկսող կուսակցությունների»։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մի շարք հարցեր ուղղեց Արա Զոհրաբյանին․ օրինակ՝ «Զարթոնք»-ի դիմումին կից կան տեսանյութեր, որոնք դիտելիս  դժվար է պատկերացնել՝  ինչ իրավախախտման մասին է խոսքը եւ ինչ ազդեցություն կարող էին ունենալ․ «Օրինակ՝  կան երկու-երեք դեպքեր, երբ տեղամասում տեսախցիկը տեղադրված է այնպես, որ  քվեախցերը երեւում են  ոչ ամբողջությամբ կամ քվեատուփը գտնվում է այնպիսի վայրում, որ դժվար տեսանելի է եւ այլն,  կամ տեղամասում հերթ է։ Դրանք ինչպե՞ս են ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ տեսախցիկը տեղադրվել է, որպեսզի տեսանելի լինի տվյալ ընտրատեղամասը, եւ յուրաքանչյուր անձ, որը գնում է ընտրության, իմանա, որ ինքը վերահսկելի է․ «Մենք արձանագրել ենք, որ տեսադաշտից դուրս է եւ  վերահսկելի չի եղել, եւ կարող է մեզ համար ապացուցողական խնդիր առաջացնել։ Մենք չգիտենք՝ այդտեղ ինչ խախտում է եղել կամ չի եղել։  Արձանագրել ենք խախտման փաստը»։

Մուկուչյանն ասաց, որ «Զարթոնքը» երկու-երեք դեպք է ներկայացրել  տեսախցիկի հետ կապված, մինչդեռ տեղադրված է եղել 1517 տեսախցիկ, ապա հարց ուղղեց՝ միայն այդ երե՞քն է, թե՞ էլի կան, որոնք չեն ներկայացրել։

«Չենք ուսումնասիրել այդ ծավալով։ Ձեր տրված հնարավորությունը չի լուծում այդ տեսախցիկի տեսադաշտից  դուրս գտնվելու այդ հատվածը»,-պատասխանեց Զոհրաբյանը։

Այս քաղաքական ուժը որպես ընտրությունների վրա ազդելու դեպք նաեւ արձանագրել է ընտրությունների օրը մի շարք շրջաններում հոսանքազրկումները։  Մուկուչյանը հետաքրքրվեց՝ հոսանքազրկումն  ինքնին ընտրախախտո՞ւմ է։

Արա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ է քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել ընտրական տեղամասը։ Սա  կարող է, օրինակ՝ քվեատուփերի փոխելու լավ առիթ հանդիսանալ եւ այդպիսի հիմնավոր կասկած առաջացնել»։

Մուկուչյանը մեկ այլ հարց էլ տվեց՝  ապացույցներում  այս ուժը մի կտորն է ներկայացրել, որի վրա լուսանկար առկա չէ․«Դա ընտրական օրենսգրքի խախտո՞ւմ է եւ ի՞նչ ապացուցելու նպատակով է դա ներկայացվել»։

Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ՝  սարքը երբ կտրոնները տպում է՝ լուսանկարը արտացոլված է լինում տվյալ կտրոնի վրա․«Մեզ մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ օգտագործվել են կեղծ անձնագրեր, անձը հաստատող կեղծ փաստաթղթեր եւ դրանցով կրկնաքվեարկություններ են եղել։ Մեզ մոտ այդ փաստը այդ կասկածն է առաջացրել»։

Ապա Մուկուչյանը «Զարթոնք»-ի դիմումին անդրադառնալով, ասաց՝ դուք վկայակոչում եք վարչական դատարանի կայացրած ակտը, որը վերաբերում էր թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով վարչական դատարանի դիմելուն․ «Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասը՝ եթե առկա են նախընտրական քարոզչության սահմանված կարգի  այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ  թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա։ Իրավանորմում շեշտվում է երեք հիմնական գործոն՝ խախտման առկայություն, խախտման շարունակականություն եւ էական ազդեցություն։ Այս երեքի միաժամանակյա գործողությունն է օրենքը նախատեսում։ Դատական ակտը, որը նաեւ ձեր կողմից ներկայացվեց, երկու հանգամանքների մասով դուք ներկայացրեցիք, որ դրանով հաստավել է, որ տեղի է ունեցել խախտում, այն կրում է շարունակական բնույթ, բայց ընտրական  հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր դատարան դիմել, այդ որոշումը թողնվել է ուժի մեջ, քանի որ դատարանը էական ազդեցություն ընտրության արդյունքներ վրա ունենալու հանգամանքը չի հաստատել։  Այդ նույն դատական ակտից կարելի՞ է եզրակացնել, որ այս եռամիասնությունը առկա չի եղել»։

Պարոն Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ փուլում դատարանը փաստել է, որ իրենք ապացույցներ չենք ներկայացրել, որով կարող էին  հավաստել, որ այդ խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․« Ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ազդել են»։

Այդ դեպքում չի՞ ստացվում, որ վերը նշված հոդվածի 8-րդ մասն իմաստազուրկ հոդված է դառնում, եթե չկա արդյունք։ Հարցրեց Մուկուչյանը։ Ի պատասխան Զոհրաբյանն ասաց՝ այդ փուլում  չեն ներկայացրել նման ապացույց, որ ընտրության արդյունքի վրա կազդեր, հետեւաբար դատարանը նման հետեւության չէր հանգել․«Այդ ազդեցությունը դրսեւորվելու էր ավելի ուշ։ Պարզ է, որ ատելության խոսքի ազդեցությունը այդ պահին չէ մարդն այդ ազդեցությունը դրսևորում, այլ՝ ընտրությունների ժամանակ, այդ ազդեցությունն իր հետքը թողել է մեր ընտրողի ազատ կամքի վրա։ Բայց այս փուլում այդ ազդեցությունը մեր կարծիքով կապացուցվի»։

«Այս դատական ակտի վերաբերյալ Մուկուչյանի մեկ այլ հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանը դիմելով Մուկուչյանին, ասաց․ «Ես ուղղակի ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր ղեկավարած պետական մարմինը դրսեւորել է ապօրինի անգործություն, ավելին՝ այս ամեն  ինչի հետեւանքների պատասխանատուն նաեւ ձեր կառույցն է, որովհետեւ եթե դուք պատշաճ միջամտեիք եւ անգործություն չդրսևորեիք, այսինքն, երբ  նման խոսքը արձանագրեիք եւ ինքներդ նախազգուշացում կիրառեիք, մենք այս վիճակը չէինք ունենա, եւ գուցե այս դատարանում էլ չհայտնվեինք»։

Վաղը Սահմանադրական դատարանը դատաքննությունը շարունակելու է․ բարձր դատարանը չի բացառել,  որ վաղն ավելի երկար ժամանակով կաշխատի, մինչեւ 24:00-ն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031