ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու ընթացքում Սահմանադրական դատարանում Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Բարձր դատարանը որպես կողմ ներգրավել է դատախազությանը, ոստիկանությանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին եւ որպես երրորդ կողմ՝ նաեւ ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժերից մեկին: Ընդ որում այն ուժին, որն առավել ձայներ է ստացել, որն իշխանության ուժն է եւ իշխանության հավակնորդն է՝ անտեսելով մյուս 21 քաղաքական ուժերին: Այսինքն, լրիվ անտրամաբանական որոշումներ, որոնցով անհարկի ծանրաբեռնվել է դատավարության սուբյեկտների քանակը, եւ դա իր հերթին նպաստում է դատաքննության դանդաղ ընթացքին եւ, իմ կարծիքով, հանգեցնելու է վտանգավոր ռիսկերի, որ կարող է դատարանը ստիպված լինի այլ որոշումներ կայացնել: Տեսեք, արդեն հիմա դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել՝ սահմանափակել կողմերին դիմումները ներկայացնելու ժամկետները, պատասխանող կողմին ժամանակային սահմանափակում է ներկայացրել՝ իր մոտեցումները ներկայացնելու: Մյուս կողմերին նույնպես, որ դրա կարիքը չկար: Այսինքն, եթե պատասխանող կողմ մնար միայն ԿԸՀ-ն, մենք այսօր, ըստ էության, կունենայինք լրիվ այլ տեսակի դատավարական պրոցես:
Մյուս կարեւոր խնդիրը, որ արդեն նկատելի է այս երկու օրվա ընթացքում, նիստը նախագահող Արման Դիլանյանի գործողություններն են: Նախ, Արման Դիլանյանը նիստը նախագահելու իրավասություն չունի, որովհետեւ նա չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ: Ըստ էության, նիստն այսօր պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը: Բայց Դիլանյանը, ինչպես ապօրինի կերպով ստանձնել եւ կատարում է դատարանի նախագահի պարտականությունները, նույն կերպ ապօրինի նախագահում է այս նիստը: Եվ չի կարողանում նախագահել օրենքի պահանջներին համապատասխան, որովհետեւ ընտրական վեճերի հետ կապված ՍԴ նիստերի մի ռեժիմ է նախատեսվում՝ բանավոր ընթացակարգը: Բայց մենք ականատեսն ենք, որ դատարանն ընդհատում է նիստը, գնում է խորհրդակցական սենյակ ոչ թե աշխատակարգային նիստի, ոչ թե վերջնական որոշում կայացնելու, այլ ինչ-որ խորհրդակցությունների: Այդպես է հայտարարում Արման Դիլանյանը, ինչը Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով նախատեսված չէ: Սահմանադրական դատարանը խորհրդակցություն ինստիտուտ չունի: ՍԴ-ն ունենում է աշխատակարգային եւ հիմնական նիստեր: Սա խորհրդակցական, հանրային մարմին չէ, սա բարձր դատարան է:
ՍԴ մասին օրենքը հստակ ասում է, թե ինչպես պետք է կարեւորագույն հարցերը քննարկվեն: Այսինքն, դատաքննության փուլում դատավորի ներկայացրած միջնորդությունը, որ պետք է անմիջապես քննարկվի, նա այդ հարցի քննարկումը հետաձգում է, տանում փակ քննարկման, այսինքն, հանրությունից, դատավարության մասնակիցներից դուրս քննարկման՝ փակ սենյակում. մի բան, որ ՍԴ մասին օրենքով նախատեսված չէ: Տեսեք, այսօր մոտ կես ժամ քննարկել են մեկ ժամ ընդմիջման գնալու հարցը: Սա նիստի կազմակերպման ունակությունների տեսանկյունից ուղղակի ձախողում է: Կա՞ դրանում դիտավորություն: Որոշակի իմաստով կարող է լինել: Բայց իմ տպավորությամբ, ավելի շատ հետեւյալն է: Արման Դիլանյանը որոշումներ կայացնելիս ինքնուրույնություն չունի, կաշկանդված է, գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ