Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Քննարկվում է կոնկրետ ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայց բոլորը ակտիվ են դատարանում, բացի ԿԸՀ-ից»

Հուլիս 10,2021 21:21

Այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու գործով նիստի երկրորդ օրն էր:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը այնքան էլ վստահ չէ, որ բարձր դատարանը կհասցնի սահմանված ժամկետում լիարժեք ուսումնասիրել ներկայացված նյութերը եւ արդար որոշում կայացնել: Այս առիթով նա  նիստերի միջեւ ընդմիջումներից մեկի ժամանակ Aravot.am-ին ասաց. «Արդեն երկրորդ օրն է, բայց ըստ էության դատարանը գտնվում է առաջին փուլի սկզբում, դեռեւս հարցուպատասխանի փուլում է: Եթե նկատի ունենանք, որ կա չորս դիմող սուբյեկտ, մենք դեռ չենք լսել ԿԸՀ պարզաբանումներն առաջին սուբյեկտի ներկայացրած բացատրությունների վերաբերյալ:

Ես անհանգստություն ունեմ, որ դատարանի նիստերը կազմակերպվում են շատ վատ, եւ սա կարող է հանգեցնել նրան, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտի պարագայում, իսկ դա պետք է լինի հուլիսի 17-ին, դատարանը չհասցնի ավարտել քննության փուլը այդ ժամանակահատվածում: Ես այդ ռիսկերը տեսնում եմ:

Դրա հիմնական պատճառներից մեկը դատարանի՝ մինչ այժմ կայացրած աշխատակարգային անտրամաբանական եւ ոչ հիմնավոր որոշումներն են: 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո նոր օրենսդրության պայմաններում դատարանը քննում է ոչ թե ամբողջ ընտրական գործընթացը, այլ ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Եվ այս նոր իրողությունների պայմաններում տրամաբանությունը հուշում է, որ բացի ԿԸՀ-ից, ուրիշ որեւէ սուբյեկտ դատավարական կարգավիճակով չպետք է մասնակցեր դատավարությանը: Մինչդեռ, մենք արդեն երկրորդ օրն է տեսնում ենք, որ ընթանում է ակտիվ դատաքննություն, որի ամենապասիվ դերակատարը ԿԸՀ-ն է: Նման բան ընտրական վեճի ժամանակ աննախադեպ է նույնիսկ այն պարագայում, երբ մինչ այդ քննարկվել է առհասարակ ընտրախախտումների հետ կապված հարցը, իսկ հիմա քննարկվում է կոնկրետ ԿԸՀ որոշումը: Բոլորը ակտիվ են դատարանում, բացի ԿԸՀ-ից: Եվ սա առավել քան տարօրինակ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031