2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 01:08-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սրճարանում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 02:05-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից այն մասին, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը Ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժած երիտասարդների ինքնությունը:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ հյուրանոցի սրճարանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանությանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին