Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան․ «Պարոն Վարդեւանյան, գայթակղությունը մեծ է դրա մասին երկար խոսելու, բայց ինձ կզսպեմ, դրան չեմ անդրադառնա»

Հուլիս 10,2021 14:30

Այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքի
դատաքննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմումի 5-րդ կետի վերաբերյալ հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանին․ «Դիմումում գրում եք՝ վարչապետը միանձնյա որոշել է նաեւ ԱԺ կողմից  վարչապետի ընտրվելու բաղադրիչների ամբողջությունը։  Նախ ի՞նչ է նշանակում բաղադրիչների ամբողջություն, եւ ի՞նչ խնդիր կա, եթե վարչապետը մեծամասնության ղեկավարն է եւ իր քաղաքական մեծամասնության հետ կարող է նախօրոք քննարկած եւ որոշած լինի, թե ինչ ընթացքով է այդ  ողջ  պրոցեսն ընթանալու եւ  որտե՞ղ է այստեղ ձեր կողմից մատնանշած խախտումը եւ դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, երբ ինքն է որոշում քաղաքական առումով՝ խորհրդակցելով իր թիմի հետ՝ եթե ունի 50+1, այո կարող է ընթացակարգն ու ժամանակն էլ որոշած լինի։ Որտե՞ղ եք այստեղ խախտում արձանագրում»։

Ի պատասխան Վարդեւանյանն ասաց․ «Խախտումը տեսնում ենք հետեւյալ տրամաբանության մեջ՝ բոլոր դեպքերում եթե մենք ունենում ենք իրավիճակ, որ գործադիր իշխանությունն ու ԱԺ-ում մեծամասնությունը առհասարակ սերտաճում են ու միաձուլվում են, մենք առհասարակ խնդիր ենք ունենում խորհրդարանական վերահսկողության։ Խորհրդարանական կառավարման համակարգի մոդելը, ես վստահ եմ նաեւ, որ Սահմանադրի կողմից 2015 թվականին, չի ենթադրել այն, որ գործադիր իշխանությունը պարզապես ղեկավարի դիրքով պետք է հանդես գա նաեւ ԱԺ-ում։ Այդ դեպքում է՛լ ինչի համար ենք ունենում գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություն ների տարանջատումը։ ԱԺ-ն պետք է լինի առանձին սուբյեկտ՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, իսկ այս պարագայում դրանք պարզապես միաձուլման իրավիճակում են»։

Մինչդեռ, ինչպես Վարդեւանյանն ասաց, հակառակը պետք է լինի՝ ԱԺ-ն պետք է օրինակ՝ վարչապետին ասի՝ երբ հրաժարական կտաս կամ չես տա․«Իսկ այս դեպքում ունենք միահեծան կառավարման մեխանիզմ»։

Հրայր Թովմասյանն արձագանքեց․«Պարոն Վարդեւանյան, գայթակղությունը մեծ է դրա մասին երկար խոսելու, բայց ինձ կզսպեմ եւ դրան չեմ անդրադառնա, խորհրդակցական սենյակում դրա մասին կխոսեմ»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի Սահմանադրության հեղինակներից մեկը Հրայր Թովմասյանն է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031