Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ Վարդեւանյանին․ «Տերմինը մի քիչ վտանգավոր է, չարաշահվում է․ ի՞նչ  սահմանադրական ճգնաժամի մասին է խոսքը»

Հուլիս 10,2021 14:04

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատաքննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ներկայացրեց իրենց դիմումում առանձնացված հանգամանքները։

Ներկայացնելով զինծառայողների ընտրության վերաբերյալ հանգամանքը, Վարդեւանյանն ասաց․ «Զինծառայողների քվեարկության գործընթացը բացառապես գաղտնի է։ Այդ գաղտնիությունը չի տարածվում բացառապես մեկ սուբյեկտի համար՝ քաղաքական, իշխանական, վարչական լծակ ունեցող միավորի, որը մասնակցում է  քվեարկությանը։ Զինծառայողներին բերում են ընտրատեղամաս։ Երբ նախկինում խոսում էին, որ մարդկանց մեքենաներով բերում են տեղամաս, բոլորն ասում էին՝ դա ընտրախախտում է, իշխանությունից դուրս բոլորն  ասում էին՝ դա ընտրախախտում է։ Հիմա պատկերացրեք՝ եթե մարդկանց բերում է  ընտրատեղամաս փաստացի իրենց վերադասի իրավահարաբերության մեջ գտնվող անձ, հերիք չէ նման անձ բերում է  ընտրատեղամաս, մի հատ էլ  ռազմական ոստիկանության ծառայողներն էլ հսկում են պրոցեսը։ Դրա վերաբերյալ տեսանյութեր էինք հրապարակել»։

Վարդեւանյանն ասաց՝ այս պայմաններում ինչպե՞ս կարող են քաղաքական գործընթացին  մասնակցող ուժերն ապահովել վերահսկողություն, երբ ոչ մեկ չի տեղեկացնում, թե որտեղ են քվեարկելու զինծառայողները եւ  հարց է առաջանում՝ դրա գաղտնիության  հատուկ պահպանման ռեժիմի օրենսդրական նպատակը ո՞րն է եղել»։

Ըստ Արամ Վարդևանյանի,  զինծառայողների առհասարակ քվեարկության  սկզբից մինչեւ վերջ գործընթացը որեւէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության 7-րդ, 75-րդ հոդվածին, ուղղակի չի կարող․«Չի կարող լինել մի իրավիճակ, որ  ցուցակներն ամբողջությամբ գաղտնի են եւ հարց է առաջանում՝ նույն ընտրական օրենսգիրքը սպայական անձնակազմի համար նախատեսում է հնարավորություն ընտանիքի անդամներին, այդպես կարելի է ասել՝ գաղտնի ցուցակով քվեարկելու համար։ Հիմա այդ ընտանիքի անդամները, որոնք գնում են գաղտնի ցուցակով քվեարկում են, հանո՞ւմ են ընդհանուր ցուցակից ոստիկանության ներկայացուցիչները։ Չգիտենք, որովհետեւ մենք գործընթացից ուղղակիորեն դուրս ենք մնում։ ԿԸՀ-ն էլ է միգուցե դուրս մնում այս գործընթացից, որովհետեւ այն պահվում է գաղտնի»։

Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝  քվեարկությանը մասնակցած 109 հազար 618 քաղաքացու դեպքում նրանց անձնագրերը չէին աշխատում, նկատեց՝ արդյոք նորմալ է, որ ընտրություններին մասնակցում է 1 միլիոն 281 հազար մարդ, որոնցից 109 հազար 618-ի անձնագիրը չի աշխատում․«   Այդ 109 հազար 618-ի քվեի մասով վստահությունը դնում ենք բացառապես մասնագետի վրա, մասնագետ, որը կարող է այդ պահին լրացնել այլ անձի տվյալ։ Ենթադրենք Արամ Վարդեւանյանը մասնակցելով քվեարկությանը չաշխատող  անձնագրով, դառնում է լրիվ այլ անձ, որն, օրինակ, տեւական ժամանակ բնակվում է  ՌԴ-ում  ու չի վերադարձել Հայաստան, եւ մենք ունենում ենք ընտրակեղծարարության դասական հստակ աշխատող մեխանիզմ»։

Վարդեւանյան ասաց, որ ՍԴ-ին են ներկայացրել 109 ընտրական  տեղամասերի վերաբերյալ կատարված իրենց ուսումնասիրությունը, որը կարելի է անվանել գոյություն չունեցող ստորագրություններ․«Խոսքը վերաբերում է 4 հազարից ավել բացակայող ստորագրություններին։ Նշվել է, որ հնարավոր է, որ այդ բացակայող ստորագրությունները դիտարկվել է, որպես քվեարկած անձինք,  եւ դրանք վերաբերում են հնարավոր է զինծառայողներին։ Հնարավոր է։ Ես այդ տեղեկությունը չունեմ, որովհետեւ այդ տեղեկությունը մեզանից գաղտնի են պահում»։

Ներկայացնելով դիմումում առկա այլ հանգամանքներ, Վարդեւանյանն ասաց՝ գտնում են, որ անվավերության հիմքերն առկա են, պնդում են, որ առհասարակ ընտրություն արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը կան, դրանք պայմանավորված են ընտրական ոլորտում թե քանակական, թե որակական այն  իրավախախտումների հետ կապված, որոնք ներկայացրեցին․«Բարձր դատարանին խնդրում ենք՝ եթե  արձանագրվում է  անվավեր ճանաչելու հանգամանքը, օգտվել կամ -կամ հնարավորությունից՝ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ»։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը «Հայաստան» դաշինքի դիմումից մեջբերեց եւ հարց ուղղեց․ «Անհիմն շարունակելով պաշտոնավարել եւ ողջ ծավալով իրականացնելով վարչապետի լիազորությունները, ըստ էության՝ խաթարել է Սահմանադրության առանցքային  գործառույթների  իրականացման երաշխավորվածությունը, ինչի արդյունքում հանգեցրել է սահմանադրական ճգնաժամի։ 2 հարց՝  արդյոք դուք ինքնին վարչապետի՝ գործընթացներին մասնակցությունն եք համարում խնդրահարույց եւ մյուս տերմինը մի քիչ վտանգավոր է, թեպետ շատ է չարաշահվում՝ սահմանադրական ճգնաժամ։ Ի՞նչ  սահմանադրական ճգնաժամի մասին է  խոսքը»։

Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Եթե հերթական ընտրություններ են եւ կարելի է ասել՝ իրավունքի ուժով կառավարությունը հրաժարական է տալիս, որի արդյունքում ունենում ենք կառավարության հրաժարական տված կարգավիճակ պաշտոնակատարներով եւ իրենք մասնակցում են նախընտրական գործընթացին, ինքնին մասնակցության մեջ չէ խնդիրը, այլ խնդիրը վարչական ռեսուրսը չարաշահելու գայթակղությանը  դիմադրելու կամ չդիմադրելու մեջ է։ Օրինակ՝ ես երեկվա դատական նիստին ներկայացրեցի՝ 2012 թվականին բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը գտնում էր մի քիչ այլ կերպ՝ ինքնին դիտարկելով օրինակ՝ հանրապետության նախագահ, վարչապետ, պաշտոնյաներ իրենց մասնակցությունը նախընտրական գործընթացին՝ արդեն իսկ հավասարության  սկզբունքի խախտում է։ Եթե դու վարչապետ ես, մեկնում ես արձակուրդ, ապա դե պետք է լինի ոչ թե ֆորմալ, այլ՝ իրական, դու պետք է այդ լծակներից դուրս մնաս։ Եթե մեկնում ես քո ծառայողական ավտոմեքենայով, ունենում ես հազարավոր պետական պահպանության ներկայացուցիչներ եւ ոստիկաններ, գնում ես քո կառավարական ամառանոցից հանդիպումներ ես ունենում, մարդկանց հետ հանդիպումների ժամանակ նրանք իմանում են ոչ թե պատգամավորի թեկնածուի են հանդիպում, այլ՝ վարչապետին, դրանով  ազդում ես ընտրողների կամքի վրա, ընկալման վրա։ Իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ այդպիսին չպետք է լինի կամքը, դրա համար են ասում՝ գնա արձակուրդ»։  Վարդեւանյանն  ասաց, որ Նիկոլ  Փաշինյանը չպետք է ունենար վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ, քանի որ հրաժարական էր տվել։

Ինչ վերաբերում է սահմանադրական ճգնաժամի մասին հարցին, ապա Վարդեւանյանն ասաց՝ ընդունում եմ, որ այդ տերմինը չարաշահվում է․ «Բայց կներեք, մենք խոսում ենք ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձի մասին, ով Սահմանադրության բովանդակության էության մեկնաբանման պայմաններում հրաժարական տալուց պետք է   հրաժարական տված լինի, պետք է իր կարգավիճակից դուրս մնացած լինի, բայց մնում է այդ կարգավիճակում հստակ նպատակով․ «Օրինակ՝ գալիս է ԱԺ հարցուպատասխանի, բայց խոսում է. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Սա Սահմանադրական ճգնաժամ․․․ Ամբողջ իր դրսեւորումների արդյունքում, դրա համակցութամբ գալիս ենք այն եզրակացության, որ  սահմանադրական ճգնաժամ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031