Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան․ «Հայաստանի Հանրապետությունն արժանի է շատ ավելի այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի»

Հուլիս 10,2021 12:36

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է քննվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել դատարան, եւ նրանից լսել՝  նախագահի վրա որեւէ ճնշում, հարկադրանք  եղե՞լ է, որպեսզի  ընտրությունները նշանակվի  հունիսի 20-ին: Միջնորդության քննարկման   ժամանակ ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը խնդրեց  վկայակոչել ՍԴ-ի մասին օրենքի եւ ՍԴ աշխատակարգի այն նորմերը, որի հիմա վրա երեկ որոշում է կայացվել, եւ ի՞նչ ընթացակարգով է եղել, որտեղ է կայացվել, ինչ է հիմք ընդունվել։

ՍԴ դատավոր Վահե  Գրիգորյանն ասաց․ «Մենք այստեղ հավաքվել ենք դատաքննություն իրականացնելու համար, եթե որեւէ դատավոր պարզաբանումներ ունի ՍԴ-ից, առավել եւս ՍԴ կողմից կայացված որոշման օրինականության վերաբերյալ եւ այդ որոշման օրինականությունը պետք է այստեղ քննարկման առարկա դառնա, ես կարծում եմ, որ դա ամենավտանգավոր բանն է, ինչը ՍԴ-ն կարող է  թույլ տալ այս դահլիճում անել։ Յոթ դատավոր երեկ ՍԴ մասին օրենքը որպես դատարան մեկնաբանել եւ կայացրել են որոշումներ։ Որեւէ դատավոր կարող է դրա հետ ունենալ անհամաձայնություն դա արտահայտելու եւ հնարավորություն կարող է ունենալ եւ ունի հնարավորությունը ե՛ւ օրենքով, ե՛ւ աշխատանքային կարգով։ Հայաստանի հանրապետությունում  հիմա քննում ենք Սահմանադրության երկրորդ հոդվածով նախատեսված ժողովրդի կողմից իշխանություն իրականացնելու առանցքային հարցը։ Այդ կապակցությամբ 9-ը դատավոր ներկա է դահլիճում, ողջ հանրապետությունը սպասում է այս գործի ելքին, երեկ ողջ օրը ծախսել ենք ընթացակարգային որոշ հարցեր լուծելու համար։ Չեմ կարծում, որ անարդյունավետ է այդ ժամանակը ծախսվել, բայց այսօր մենք դեռ չենք  վերջացրել 9-ը կողմերից մեկի բացատրությունը եւ եթե ՍԴ-ն  թույլ տա, որպեսզի այս  դատավարությունը վերածվի դատավորների   միջեւ կարծիքների բախման, թեկուզ ակադեմիական եւ կոռեկտ, այս վեճը շատ մեծ հավանականությամբ չի կարող լուծվել պատշաճ ընթացակարգով, արդարադատության պատշաճ որակի մատուցմամբ եւ ժամկետների ընթացքում։ Սա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Խնդրում եմ  անցնել դատաքննության։  Եթե որեւէ դատավոր  կայացված որոշման հետ կապված վերապահումներ ունի, դրանք արտահայտելու այլ ձեւ կա, մենք չենք կարող ողջ հանրապետությանը գերի դարձնել մեր կարծիքների բախմանը»։

Արեւիկ Պետրոսյանն էլ ասաց․ «Ես իրավունք ունեմ իմ կարծիքը հնչեցնել, սա հրապարակային դատաքննություն է, դատավոր, որը իր կարծիքը հիմա հնչեցրեց Սահմանադրական դատարանում, մեկ տարի շարունակ իր գործողությունները չիրականացնելը հիմնավորում էր նրանով, որ դատարանի նկատմամբ գոյություն ունի հանրային անվստահություն, իսկ այդ անվստահության հիմքում նաեւ ոչ հրապարակային գործունեությունն էր, գործողություների վիճարկումն էր»։

Նա  կրկին խնդրեց ներկայացնել՝ աշխատակարգային որոշումն ինչպես է կայացվել։ Պետրոսյանն ասաց, որ երեկ Արա Զոհրաբյանը միջնորդություն է ներկայացրել իր ներկայացուցչի փաթեթաթղթի վերաբերյալ․ «Ես որպես դատավոր այդ նյութը չեմ ստացել։ Ես չեմ ստացել նաեւ դատական դեպարտամենտի կողմից երեկ ՍԴ մուտքագրված կից ներկայացված դատական ակտերը, 1153  էջանոց  նյութ է, ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրքորոշումը ձեւավորեմ եւ կարողանամ որոշում կայացնել»։

ՍԴ նախագահ Դիլանյանը ՍԴ-ի մասին օրենքի 14 հոդվածը մեջբերեց՝  ցանկացած գործողություն իրականացնելիս եւ  բոլոր հանգամանքներում ՍԴ  դատավորը պարտավոր է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց՝ բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակներում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի․ «Հիմա մենք այստեղ գիտական գործունեությամբ չենք զբաղվում»։

Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց․«Սահմանադրական դատարանի գործողությունները եւ դատական իշխանությունը վարկաբեկող համապատասխան տեսակետներ եւ մեկնաբանություններ ՍԴ դատավորներից մեկը մեկ տարի եւ ավելի վարքագիծ դրսեւորել է։ Ես չեմ տեսել ձեր հետեւողականությունը նույն ձեւով շեշտադրում կատարելու վերաբերյալ»։

Ապա Վահե Գրիգորյանն արձագանքեց․ «Դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ, իր վարքի վերաբերյալ։ Ուզում եմ Հայաստանի քաղաքացիներից եւ կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ լսում եք, ականատես եք այստեղ։ Վստահ եմ, որ Հայաստանի հանրապետությունն արժանի է շատ ավելի այլ վարք դրսեւորող Սահմանադրական դատարանի։ Խնդրում եմ անտեսել այդ ամենը ու անցնել գործի քննությանը, ողջ հանրապետությունը սպասում է  այս գործով որոշում, ինչպիսին էլ լինի այդ որոշումը»։

Արեւիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին, որպեսզի  վկայակոչի հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը՝ ուղիղ վարկաբեկում էր ՍԴ-ին ու դատական իշխանությանը։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն առաջարկեց անհապաղ ավարտել բանավեճը եւ անցնել գործի բուն քննությանը։

ՍԴ-ն որոշեց միջնորդությունը  քննարկել խորհրդակցական սենյակում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031