Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողության իրականացման առկա խնդիրների քարտեզագրումը և դրանց լուծման ուղիները․ ՀՔԱՎ զեկույցը

Հուլիս 10,2021 12:22

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է «Ազգային անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողության իրականացման առկա խնդիրների քարտեզագրումը և դրանց լուծման ուղիները» զեկույցը։ Ավելի վաղ այս թեմայով քննարկում է եղել պետական իրավասու մարմինների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պետության ազգային անվտանգության մարմինների կողմից կիրառվող գործիքակազմը, որպես կանոն, ներառում է գաղտնիության զգալի տարրեր, ենթադրում մարդու իրավունքների էական սահմանափակումներ: Ստանալով պետության քաղաքական, իսկ երբեմն նաև ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշված խնդիրներ` ազգային անվտանգության ծառայություններն իրենց գործունեությամբ կարող են վնասել հասարակությանը, ոտնահարել քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

Հաշվի առնելով ազգային անվտանգության մարմինների գործունեության փակ, ոչ թափանցիկ լինելը, պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հետ մշտական շփումը՝ կարող ենք արձանագրել, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակվում է իրավապահ գործառույթներ իրականացնող մարմինների, ներառյալ դատական իշխանության մարմինների գործունեության դաշտը, մյուս կողմից օբյեկտիվորեն ստեղծվում է իրավիճակ, երբ շահառու անձինք կամ կազմակերպությունները կարող են տեղեկացված չլինել իրենց իրավունքների սահմանափակման վերաբերյալ կամ չպատկերացնել սահմանափակման ողջ ծավալը, հետևաբար և ձեռնամուխ չլինեն իրենց խախտված կամ «ներգործված» իրավունքների վերականգնմանը:

Այս առումով, չարաշահումների, օրինականության սկզբունքի խախտումների բացառումը մեծապես պայմանավորված է ազգային անվտանգությունն ապահովող մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողական իրատեսական կառուցակարգերի առկայությամբ։ Ակնհայտ է նաև, որ վերահսկողական արդյունավետ համակարգերի ներդրումն ինքնին չի կարող դիտարկվել ազգային անվտանգությունն ապահովող կառուցակարգերի, ազգային անվտանգության մարմինների կազմակերպական և գործառութային հիմնախնդիրներից անջատ:

Ուստի` անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն ապահովելու հիմնախնդիրը պետք է համադրել այդ մարմինների կառուցվածքային հիմնախնդիրների, ներքին և արտաքին վերահսկողական գործառույթների իրացման քննարկումների շրջանակներում, ինչպես նաև հիմք ընդունելով պետության կողմից ազգային անվտանգության սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը։ Ազգային անվտանգության մարմինների գործունեության հետ ուղղակիորեն կապված են տեղեկատվության գաղտնագրման ռեժիմի վերաբերյալ առկա իրավակարգավորումները: Անհրաժեշտ է բացահայտել տեղեկատվության գաղտնագրման և տեղեկատվության ազատության միջև սահմանված հավասարակշռության բնույթը եւ իրավաչափությունը:

Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության բովանդակությունը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել ստորև ներկայացված հարցերը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, շեշտը դնելով զարգացած անվտանգային համակարգեր ձևավորած պետությունների փորձի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետության պետական համակարգում դրանց կիրառման պայմանների համադրելիության վրա․

  • Ազգային անվտանգության մարմինների համակարգի հստակեցումը, ազգային անվտանգության մարմինների ինստիտուցիոնալ գործունեության կազմակերպում, ինչը ներառում է նաև ազգային անվտանգության կանխարգելիչ և պատժողական քաղաքականության համադրումը
  • Ազգային անվտանգությունն ապահովող ճյուղային մարմինների գործառույթների կենտրոնացված և տարանջատված համակարգերի արդյունավետության չափանիշների վերհանում,
  • Հսկողական և վերահսկողական գործառույթների հստակեցում, գերատեսչական և արտագերատեսչական կամ արտաքին վերահսկողության մեխանիզմների արդյունավետության, տեղեկատվության գաղտնագրման ռեժիմի քննարկում։

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ առկա են նաև ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա վիճակագրական տվյալներ և այլ մանրամասներ։

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031