Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունան Թադեւոսյան. «Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մեզ չհաջողվեց վիրավորներ գտնել ու դուրս բերել». «Հայկական ժամանակ»

Հուլիս 10,2021 10:36

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին րոպեներից Արցախի փրկարարները աշխատեցին գիշեր ու զօր: Չխնայելով սեփական կյանքը՝ փրկարարներն ամենուր էին՝ հակառակորդի պայթեցրած ու հրկիզած շենք-շինություններում իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ ռումբերի չդադարող պայթյունների տակ, հավաքում ու վնասազերծում էին Արցախի ամբողջ տարածքում չպայթած ականները, տարհանում քաղաքացիներին, դուրս բերում զոհվածների աճյունները: Պատերազմը թեպետ ավարտվեց, սակայն փրկարարները մինչ օրս աշխատում են լարված վիճակում՝ հավատարիմ մնալով փրկարարի պատվաբեր կոչմանը:

«Հայկական ժամանակը» Արցախում հանդիպել է ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ, զրուցել այս ամիսներին փրկարարների շարունակվող ծանր աշխատանքի, Արցախի անվտանգության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ու մի շարք այլ հարցերի շուրջ:

– Հունան, պատերազմից անցել է ավելի քան 7 ամիս, սակայն փրկարարները մինչ օրս շարունակում են հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում հայ զինծառայողների դիերի ու մասունքների որոնողական աշխատանքները: Ի՞նչ կարող եք ասել այս առումով:

– Իրավիճակը ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական առումով շատ դժվար է, երբ գիտակցում ես, որ դու գնում ես հայկական տարածքներ՝ օկուպացված Ադրբեջանի կողմից, դա մի հարված է, եւ երկրորդ, որ այնտեղից տարհանում ես հայ զինծառայողի աճյուն: Բայց քանի որ փրկարար ծառայության առաջին նախապայմանը սառնասրտությունն է, պետք է դիմադրես ու դիմակայես:

– Առաջին անգամ, երբ գնացիք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ի՞նչ կպատմեք այդ այցից:

– Առաջին անգամ մեր այցը Շուշի էր: Երբ միշտ գնում էինք Շուշի, Շուշին մեզ համար ոչ միայն աշխարհագրական դիրքով էր Ղարաբաղի սիրտը, այլ ընդհանրապես Շուշին մեզ համար հոգեւոր-մշակութային քաղաք էր, այնտեղ կար ամեն ինչ, այնտեղ կարողանում էինք հոգեւոր բավականություն ստանալ: Ու հիմա գնալ Շուշի, այնտեղ տեսնել ադրբեջանական կախված դրոշ, ադրբեջանցի զինծառայողներ, մի տեսակ կոտրեց ու թեւաթափ արեց մեզ… բայց այդ օրերին ավելի շատ մտածում էինք զինծառայողներին գտնելու մասին, որ գուցե նաեւ նրանց մեջ ողջ մնացածներ լինեն… Միջպետական մայրուղու աջ եւ ձախ կողմերում համատարած հայ եւ ադրբեջանցի զինծառայողների դիակներ էին, մենք ավելի շատ այդ պահին աշխատանքի մասին էինք մտածում:

– Այդ օրերին փրկարարներին հաջողվե՞ց նաեւ ողջ մնացածների դուրս բերել:

– Այո՛, 6 հոգու, հետո նաեւ՝ 2 հոգի՝ հայր եւ որդի Հադրութի շրջանից: Որդին ողջ է, հայրը, ցավոք, մահացավ, տարեց մարդ էր, երեւի սիրտն էլ չդիմացավ 70 օր այդ պայմանների մեջ մնալուն: Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մեզ չհաջողվեց վիրավորներ գտնել ու դուրս բերել:

– Հունան, այն փրկարարները, որոնք մինչ օրս իրականացնում են օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնման ու դուրս բերման աշխատանքները, ենթարկվո՞ւմ են ֆիզիկական ու հոգեբանական տրավմաների: Արցախի փրկարարները պատրա՞ստ էին այս ամենին, թե՞ պատերազմի ժամանակ կոփվեցին:

– Ապրիլյան պատերազմից արդեն դառը փորձը կար, չնայած որ Ապրիլյան պատերազմը մասշտաբով փոքր էր ու տեւողությունն էր քիչ, բայց որոնողական աշխատանքներ արդեն կատարել էին: Բացի սա, տղաները նաեւ վերապատրաստումներ են անցել որոնողափրկարարական աշխատանքների: Հիմնական փորձ, որպես այդպիսին, ստացել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ, ու այն կիրառվեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո:

– Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչ օրս: Դեռ ինչքա՞ն կտեւեն այդ աշխատանքները:

– Աշխատանքների կոնկրետ ժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ այս պահին մենք անգամ չգիտենք, թե քանի հոգու ենք փնտրում, ու սա մեր տիրույթում էլ չէ: Մենք պարզապես բանակցողի ու կատարողի դերում ենք: Բանակցում ենք ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Կարմիր խաչի ներգրավվածությամբ՝ ադրբեջանական կողմի հետ: Եվ այն տարածքներում, որտեղ թեժ մարտեր են ընթացել, եւ որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդտեղ իրականացնում ենք մեր առաքելությունը: Եղել են դեպքեր, երբ որոնումները արդյունք չեն տվել, եղել են դեպքեր, երբ ընդհատումներով ենք աշխատել ոչ մեր մեղքով, բայց մինչեւ հիմա շարունակում ենք այդ դաժան աշխատանքը: Թե որքան կտեւի, չգիտեմ, բայց մենք չենք վարանելու եւ շարունակելու ենք գտնել մինչեւ վերջին աճյունը: Սա է մեր նպատակը, ու մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կհուղարկավորվի վերջին զինվորը:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդված ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031