Շատ հաճախ հանրության համար շոկային են թվում այն իրավիճակները, երբ պետությունը հանդիպում է շատ լուրջ մարտահրավերների՝ անվտանգայինից սկսած, քաղաքականով վերջացրած՝ հաշվի առնելով, որ մինչ այդ թվում էր, թե ամեն ինչ կարգին է և իր հունով է ընթանում։
Դրանով է պայմանավորված, որ անընդհատ մենք բախվում ենք հանկարծակիության ու անպատրաստ լինելու հանգամանքին։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խնդիրներն ու մարտահրավերները չեն կարող մի օրում առաջ գալ, քանի որ անցնում են որոշակի զարգացման շրջան ու հասնում իրենց պիկին։ Հարցն այլ է, որ այս իշխանություններն իրենց կառավարման ընթացքում փորձում են անուշադրության մատնել պետության համար ռիսկեր պարունակող վտանգները և փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև ճգնաժամը ուղտի պես չոքում է Հայաստանի դռանը։
Բոլորս ենք հիշում, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի մեծ համոզվածությամբ էին հայտարարում, թե Սյունիքն անվտանգ է, բայց տեսանք, թե արդյունքում ինչ ունեցավ։ Հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ նաև Սյունիքի հատվածում, և ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև ամեն անգամ սադրանքների է դիմում բախումներ հրահրելու նպատակով։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի հրապարակած Ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում էր «Զինված ուժերի բարեփոխումների հաստատում և բարեփոխումների մեկնարկ», սակայն արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամիսներն անցնում, իսկ ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, զինված ուժերի վերակառուցման ու մարտունակության բարձրացման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Դրա արդյունքում է, որ Հայաստանն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր սահմանների անվտանգությունը։
Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը, որ ՀՀ ինքնիշխանության մասին ճառեր ասող իշխանությունները ճարահատյալ փորձում են գտնել, ռուսական կողմին օրուգիշեր պաղատելն է, որ ռուսական սահմանապահներ տեղակայվեն մեր սահմանների երկայնքով։ Մեծ հաշվով, կանգնած ենք այնպիսի հանգրվանի առաջ, որ իշխող քաղաքական թիմը միայն իշխանությունը պահելու հարցն է լուծում և ընդհանրապես ի վիճակի չէ ժամանակը Հայաստանի օգտին աշխատեցնել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում, այդ երկիրը չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով և ավելիին է ձգտում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր զորամասեր է բացում, նախատեսում է ընդլայնել իր զինված ուժերի անձնակազմը և նոր արդիական սպառազինություններ ձեռք բերել։
Կարդացեք նաև
Նույն անմխիթար վիճակն է նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ այս տարվա մարտին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում էր, թե այս տարի ջրային պաշարների հետ կապված խնդիր չենք ունենալու և «աչքալուսանք» էր տալիս գյուղացիներին, բայց այսօր պարզվում է, որ հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման, իսկ բերքը փչանում է։ Խնդրին համակարգային լուծում տալու փոխարեն իշխանությունների հույսը կրկին Սևանա լճից ջրառի ավելացումն է։ Դեռևս մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե առաջիկայում սպասվում է, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում