Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց ուզածը պետությունը չէ

Հուլիս 10,2021 10:00

Ընտրություններից հետո մեր հասարակության մասին քաղաքական դիսկուրսը բաղկացած է երկու ծայրահեղություններից: Իշխանությունը, նրա քարոզիչներն ու երկրպագուներն ասում են, որ ժողովուրդն արտահայտել է իր կամքը՝ «չոքցնելով» ու «կզցնելով» բոլոր նախկիններին եւ նրանց «սպասարկուներին», այդ թվում՝ տխմար մտավորականությանը:

Ընդդիմության կողմնակիցներն էլ ասում են, որ «ժեխը», «պլեբսը» եւ մոլորված «զոմբիները» խաղում են երկրի ճակատագրի հետ: Երկու կողմից հնչող վիրավորական պիտակները մեզ ոչ մի սանտիմետր չեն մոտեցնում իրականության ադեկվատ ընկալմանը:

Բոլոր մտորումներն, ի վերջո, կենտրոնանում են Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ըստ որի, նա ժողովրդին փրկած, «նախկիններից» ազատագրած, կոռուպցիան հաղթահարած եւ արդարություն հաստատած Սասունցի Դավիթն է: Կամ էլ հակառակը՝ դավաճան է, կապիտուլյանտ, որը միտումնավոր կործանեց երկիրը:

Երկու դատողություններն էլ իմ կարծիքով, սխալ են: Երկրի ղեկավարի անհատական հատկանիշներն, իհարկե, կարեւոր են. վարչապետի ներկայիս պաշտոնակատարը անպատասխանատու, անկանխատեսելի, անհավասարակշիռ գործիչ է, որն իր ոչ կոմպետենտ ղեկավարությամբ պետությունը հասցրել է կոլապսին մոտ վիճակի:

Բայց, բացի անհատական բնութագրումներից եւ, բնականաբար, դավադրության («սորոսական») տեսություններից դուրս, կան նաեւ օբյեկտիվ օրինաչափություններ: Դրանք գնահատելու համար պետք է ընդունել երկու իրողություն. 1/ 2018 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր հեղափոխությանը, 2/ 2021 թվականին ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր քվեարկել Փաշինյանին:

«Ժողովրդին խաբել են», «ընտրությունները կեղծվել են», «ես 18-ին փողոց չեմ փակել», «ես Նիկոլին ձայն չեմ տվել» տիպի արդարացումները գուցե հարմարավետ իրավիճակ են ստեղծում «արդարացողի» համար, բայց չեն կարող չեղարկել օբյեկտիվ օրինաչափությունները:

Մյուս կողմից էլ եկեք ձեւ չանենք, որ ոչ մի վատ բան չի պատահել: Հարեւան երկրի զինծառայողները ոչ մի ռազմական խոչընդոտ չունեն առաջ շարժվելու Տավուշի եւ Սյունիքի մարզերում. նրանց ախորժակներն առայժմ սահմանափակում է Ռուսաստանը: Արցախում էլ մենք որեւէ լծակներ չունենք ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը՝ այդ գործառույթը նույնպես ամբողջությամբ փոխանցվել է ռուս խաղաղապահներին:

Արտգործնախարարության, այսինքն՝ բանակից հետո կարեւորությամբ երկրորդ գերատեսչության գործունեությունը պարալիզացված է: Պուտինը, Ալիեւը եւ Էրդողանը որոշումներ են ընդունում Հայաստանի վերաբերյալ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ՌԴ նախագահը տեղյակ է պահում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին: Այս պայմաններում ասել, որ ամեն ինչ լավ է, քանի որ տնտեսական ակտիվությունն ավելացել է, ԵՄ-ն փող է տալիս եւ պարեկային ծառայություն է ստեղծվել՝ իրականությունից հեռու արձանագրումներ են:

Բայց ո՞վ ասաց, որ մեր քաղաքացիների մեծ մասին պետք է պետությունը՝ իր օրենքներով, եւ Արցախը՝ այնտեղ դեռեւս ապրող հայերով: Այդ մեծամասնությանը ինչ-որ ուրիշ բաներ են պետք: Պետք է հասկանալ, թե ինչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Armen says:

    Իսկ իմ կարծիքով 2021 -ի ընտրություններին մասնակցած քաղաքացիները կողմ են քվեարկել հեղափոխության շարունակականությանը՝ այսինքն չվերադառնան նրանք, որոնց համար անձնական հարստությունը բացարձակ արժեք է, որի համար պատրաստ են հոշոտել, սպանել, խաբել, գող հռչակվել: Երկու ղարաբաղյան ծագմամբ նախագահներին Ղարաբաղյան հարցը առաջնային պլանում է՞ր, հաճախ էի՞ն մտաբերում: Մեծ կասկածներ ունեմ՝ հակառակ դեպքում չէր լինի հոկտեմբերի 27-ը, իրենց մանկլավիկներով հանդերձ միլիոնների և միլիարդների տեր չէին դառնա, Հայաստանի ժողովրդին չէին վերաբերվի ինչպես կվերաբերվեին օտարի հետ: Որոշ մարդկանց թվում է ժողորդի հիշողությունը վատ է գործում՝ սխալվում եք: Մեր ժողովուրդը մի բանում էլ համոզված է՝ ներկա վիճակի մեկնարկը տրվել է 1999թ-ի հոկտեմբերի 27-ին: Իսկ թե ով է եղել հեղինակը կամ համահեղինակը, միայն շաաատ միամիտները չգիտեն:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ողջու՛յն, «սյունեցի» Արմեն: Սրտանց շնորհավորում եմ ձեզ ստի եւ կեղծիքի հեղափոխության շարունակականության առթիվ: Հայտնի փաստ է, որ հեղափոխությունները ունեն սկիզբ, բայց ոչ ավարտ: Իհարկե՝ դրանց արդյունքում իշխանությունը զավթած բռնապետները անվերջ ճամարտակելու են «արդարության» մասին, «կոռուպցիայի» դեմ պայքարի մասին, «ժողովրդից թալանածը» վերադադարձնելու մասին, «նախկինների» գլուխը ջարդելու մասին, բայց անխուսափելիորեն գալու է եւ այն պահը, երբ նրանք հայտնվում են իրենց իսկ երազներում տպավորված պատերի տակ, երբ նրանք ստիպված են լինում կտրել իրենց երկու ձեռքերը, երբ նրանք կոխկրտվում են իրենց իսկ իշխանության բերած ամբոխի սմբակների տակ…

      Անչափ ուրախ եմ, որ «սյունեցի» Արմենը հոգով-սրտով ողջունում է սյունեցի համայքնապետերի նկատմամբ իրականացվող հաշվեհարդարը: Իհարկե՝ սյունիքյան ծագման բոլոր պետերը պետք է անցնեն ողջույնի արժանացած փնթի բռնապետի թրի տակով: Իհարկե՝ «նոր Հայաստանին» այլեւս պետք չէ տեղական ինքնակառավարություն. մուրճով զինված խեղկատակը «ժողովրդի վարչապետը» թքած ունի եւ ժողովրդավարության, եւ երեք միլիոն վարչապետի վրա…

  2. Լավատես says:

    Առանց դժվարություններ հաղթահարելու ու խնդիներ լուծելու առաջընթաց չի լինում, այսօրվա մեր դժվարություններն ու խնդիրները խոչընդոտ են հանդիսանում մեր ընդհանուր ազգային նպատակների ճանապարհին եւ մենք ազգովին էլ պետք է հաղթահարենք ու լուծենք դրանք:
    Սովետը եւ հետագայում նաեւ այլ հզոր պետություններ սուբյեկտից’ ինքնիշխանից վերածվեցին օբյեկտի’ սուբյեկտի կամակատարի, երբ վերպետական ուժերին’ այսօրվա ինքնիշխան սուբյեկտին հաջողվեց այլասերել նրանց ազգային դիմադրողականության համակարգը եւ այդ համակարգը սկսեց գործել ազգային շահերի դեմ: Բայց ժողովուրդների մեջ դեռեւս պահպանվում է իրենց պետությունների ինքնիշխան լինելու պատրանքը:
    Վերպետական համակարգը պետությունների միջեւ կռիվ է գցում’ բոլորը բոլորի դեմ սկզբունքով եւ հասնում բաժանիր որ տիրես սկզբունքի արդյունավետ արդյունքին: Այստեղից էլ լուծումը’ միավորված պետություններից ստեղծել վեպետական ինքնիշխան սուբյեկտ եւ նոր միայն ի վիճակի կլինես արդյունավետ պայքարես մրցակից վերպետական բաժանարար ուժի դեմ:
    Սկսենք ստեղծել մեր վերպետական կառույցը Հայ դատի գրասենյակներ բացելով ողջ Սփյուռքով եւ հայ պետականության սահմաններում: Մեր Հայ դատի օրենքներն ու դատարանի էությունը պետք է լինեն կանխարգելիք եւ խրախուսիչ, ցանկացած օրինազանություն պետք է ոչ թե պատժվի, այլ խթանի նոր կանխարգելիք միջոցառումների մշակմանը եւ կիրառմանը, որը կբացառի նման օրինազանցության գիտակցաբար կամ անգիտակից կատարմանը, ծայրահեղ դեպքում մեկուսացնելով օրինազանցին հատուկ պայմաններում, որ ոչ մեկին եւ ինքն իրեն նույնպես վնաս չտա: Մեր օրենքների յուրահատկությունը պետք է լինի խրախուսիչ օրենքների գոյությունը օրենսդրության մեջ, օրենքը գրվում է միջին խավի համար, օրինազանցները’ դրանք ցածր խավն է եւ պետք է լինեն բարձր խավի համար օրենքները, որոնց կատարելու դեպքում դու խրախուսվում ես եւ դառնում ազգի էտալոն’ պատերազմում հերոսանալու համար, գիտական հաջողությունների համար եւ լիքը նման բաներ, որոնք պետք է դատարանով հաստատվեն եւ խրախուսվեն: Մեր Հայ դատը պետք է սկզբունքային լինի, եթե որեւէ այլ ազգի ներկայացուցչի օրինակը մեզ համար բարձր է գնահատվում, մենք նրան էլ պետք է խրախուսենք, այլ ազգի ներկայացուցչի վատ արարքը, եթե նույնիսկ մեզ վնաս չի տալիս, բայց վատ օրինակ է մեր ցածր խավի համար, դրանց հետ էլ պետք է կանխարգելիք միջոցառումներ իրականացնել: Հաղթելով մրցակին, որի դրածոներն են հիմա ղեկավարում մեր պետությունները, մենք դրանով կհզորացնենք մեր պետությունները:

  3. Հայ մարդ says:

    Այս իրավիճակում, երբ իշխանությունը ետընտրական վենդետաներ է սկսել կիրառել ՔՊ- ին քիչ քվեներ տված համայնքների ղեկավարների նկատմամբ, մեր ընդդիմությունը էշի ականջում քնած է և էական քայլեր չի ձեռնարկում քաղհալածյալ մարդկանց շահերը պաշտպանելու, բողոքի ակցիաներ կազմակերպելու ուղղությամբ։ Եթե մեր ընդդիմությունն այսքան անտարբեր է իր համակիրների նկատմամբ, ապա դրանից հետևում է, որ մենք ունենք 2 լուրջ պրոբլեմ.
    ա) ապաշնորհ և հիշաչար իշխանություն,
    բ) ապաշնորհ և անտարբեր (անթասիբ) ընդդիմություն։

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “«ժեխը», «պլեբսը» եւ մոլորված «զոմբիները»”

    Բա «բոմժերը», «նախիրը», «պողոսները» ու՞ր մնացին: Огласите весь список, пожалуйста… 🙂

    “Բայց ո՞վ ասաց, որ մեր քաղաքացիների մեծ մասին պետք է պետությունը՝ իր օրենքներով, եւ Արցախը՝ այնտեղ դեռեւս ապրող հայերով: Այդ մեծամասնությանը ինչ-որ ուրիշ բաներ են պետք: Պետք է հասկանալ, թե ինչ:”

    Նախ ճշտենք, որ այդ «քաղաքացիներն» այնուամենայնիվ մեծամասնություն չեն կազմում. նույնիսկ նիկոլական, այսինքն՝ կեղծված եւ ուռճացված, տվյալներով ընդամենը 25 տոկոս: Իհարկե՝ սա էլ փոքր թիվ չէ, եւ այս խայտառակությունը, ազգային արժանապատվության այսպիսի աննախադեպ կորուստը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Իսկ թե ինչ է ուզում ինքնապաշտպանության բնազդը կորցրած նախիրը՝ բոլորին է հայտնի. սկզբից չարչիական առեւտուր թուրքի հետ՝ ստրուկի կարգավիճակով, հետո՝ թուրքի յաթաղան: Սա է ժեխապետի երազած ապագան, հենց սա է լեւոնանիկոլիզմի ողջ իմաստն ու բովանդակությունը…

  5. Ruben says:

    Եթե դուք կարողանայիք կռվել այնպես ինչպես երգում եք, հանրապետության գեղաքաղաքացիներ …

    • Ջորդանո Գալիլյան says:

      Տարօրինակ պատերազմ էր: Նույնիսկ «նորմալ» կռիվն էր արգելված. գերագույն գլխավոր հողատուն թույլատրել էր միայն նահանջել ու հանձնել, խեղվել ու զոհվել: Առ ոչինչ՝ ինչպես ժամանակին պատգամել էր գերագույն գլխավոր էռատոն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031