Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գալչյան․ «Հայերն էլ չունեն քարտեզը, որ ցույց տան, թե սովետական սահմանով սա Հայաստան է, քանի որ քարտեզը պահվում է գաղտնի». «Ազգ»

Հուլիս 10,2021 09:33

Հարցազրույցի սկիզբը՝ «Ազգ»-ի նախորդ համարում:

– Պարոն Գալչյան, անկլավների հարցի մասին խոսենք: Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը առաջին հանրապետության իրավահաջորդն է: Իսկ մենք խոսում ենք 1926 թվականին եւ դրանից հետո եղած քարտեզներին հղում անելով: Իրենք էլ մոռանում են իրենց հայտարարությունը եւ GPS-ով վախեցնելով որեւէ տարածք պահանջում:

– GPS-ը թղթի վրա գծվածը ցույց է տալիս հողի վրա: Բայց ի՛նչ են գծել թղթի վրա, դա տարբեր բան է: 1918 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քարտեզներ գոյություն չունեին: Հայաստանի հսկողության տակ էին Քարվաճառն ու Լաչինը, Արեւելյան Զանգեզուրը եւ նույնիսկ՝ Լեռնային Ղարաբաղի մի մասը: Այդ տարածքները 1921 թվականին Ստալինը տվեց Ադրբեջանին: Իսկ իրենց քարտեզների մեջ իրենք գծում են, թե մինչեւ Սեւ ծովի ափը իրենց երկրամասն է: Ուրեմն միջազգային իրավական որեւէ քարտեզ գոյություն չունի: Որքան էլ իրենք ասեն, մինչ օրս որեւէ սահման գծված չէ: Տպագրված առաջին քարտեզը 1926-ինն է, կա Հայաստանի 1922-ի քարտեզ, որ նույնպես ցույց է տալիս, թե դրանք Հայաստանի մաս են:

– Չե՞նք կարող հենվել 1922 թվականի քարտեզի վրա:

– Կարող ենք, բայց դա պաշտոնական չէ: Պաշտոնականն իմ ակնարկած քարտեզներն են, որոնցից մեկի օրինակը Մոսկվայում, մյուսը Թբիլիսիում է: Մենք չունենք դրանցից: Պաշտոնական նշանակում է, որ դրա տակ կա Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների կնիքը: Այդ քարտեզները թեեւ պահվում են գաղտնի, բայց… ինտերնետում կան: Դրանք պատրաստվել են ԽՍՀՄ գլխավոր շտաբի կողմից՝ 1:100 000-երորդ, 1:50 000-երորդ, նույնիսկ 1:25 000-երորդ մաշտաբով: Իսկ այն քարտեզը, որ ասում եմ, գծվել է նախքան 1922 թվականը, որի օրինակները կան, բայց դա պաշտոնական քարտեզ չէ, քանի որ կնիք, ստորագրություն, վավերացում չունի: Եթե քարտեզը պաշտոնական է, պիտի կնքված լինի երկու հարեւան պետությունների կողմից: Այսօր խոսում ենք սահմանագծման մասին: Դա երկու երկրների միջեւ պիտի կատարվի: Այդ երկու երկրները պիտի դիվանագիտական հարաբերություն ունենան իրար հետ համաձայնագիր կնքելու, որ սահմանը գծվի, սահմանը խնդրո առարկա է, պիտի վերագծվի: Դրանք չեն կատարվելու, քանի որ մենք Ադրբեջանին պաշտոնապես չենք ճանաչում, Ադրբեջանն էլ մեզ չի ճանաչում:

– Ալիեւն անցած օրերին ճանաչման պահանջը ներկայացրեց:

– Դա անելու ճանապարհը կա: Ճանաչում ենք՝ ժամանակավորապես եղած սահմանով: Եթե սահմանագծման խնդիր կա, ուրեմն սահմանի հարցում խնդիրներ կան, որ պաշտոնապես այսօր վավերական չեն: Ուրեմն պիտի ժամանակավորապես ընդունել ԽՍՀՄ քարտեզը, եւ երբ սահմանագծումը լինի, այն ժամանակ վերջնականացնել: Բայց եթե մենք հարաբերություն չունենք Ադրբեջանի հետ, Ռուսաստանի միջոցով ենք դա անելու, Ռուսաստանը մի անգամ արել է այդ գործն ի վնաս մեզ, տվել է մեր հողերն Ադրբեջանին: Երկրորդ անգամ ինչո՞ւ պիտի փոխի իր արածը: Եթե մեզ բարեկամ է, Ադրբեջանին ավելի շատ բարեկամ է, քանի որ ֆինանսական խնդիրներ կան: Պիտի կարողանանք դիվանագիտորեն այն տերմինը դնել Ադրբեջանի պաշտոնական ճանաչման մեջ, որ սահմաններն այսօր ճանաչում ենք խորհրդայինով, բայց այս սահմանները խնդրո առարկա են, այդ պատճառով պիտի սահմանագծման հանձնախումբ ստեղծենք: Սահմանագծումը տարիներ կտեւի: Բարեկամ երկրների հետ տարիներ է տեւում. Այսօր Վրաստանի հետ մեր սահմանագծումը դեռ չի ավարտվել՝ 25 տարի աշխատում են: Ադրբեջանի հետ որքա՞ն կտեւի, քայլ առ քայլ պիտի այդ ճանապարհն անցնել, ոտքով քայլելով, գծելով, համաձայնելով, սակարկելով:

– Իրանի հետ սահմանագծո՞ւմը… այդտեղ կա՞ խնդիր:

– Խնդիր չկա, Արաքս գետն է, այդպես էլ մնացել է: Հիմնականը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանն է:

Գիտականությունից հեռու, Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները փաստող սույն քարտեզը տեսանք Ռուբեն Գալչյանի գրադարանում:

– Վարչապետը անկլավների մասին ԱԺ-ում հնչեցրած ելույթում ակնարկեց Արծվաշենի մասին: Դուք ի՞նչ կարծիքի եք փոխանակության մասին:

– Ադրբեջանական անկլավները տեղադրված են Հայաստանում՝ նպատակ հետապնդելով մեր ճանապարհները փակել: Նույնը կատարվել է Շուռնուխի՝ Գորիսից Կապան ճանապարհի շրջանում, հայկական մայրուղին բազմիցս մտնում է Ադրբեջանի տարածք, դուրս է գալիս: Նույնն է Տավուշում: Ադրեջանական հատվածը սեպի նման խրվել է, կտրել Հայաստանի մայրուղին: Մինչդեռ իրենք այնտեղ գյուղ չունեն, ոչինչ չունեն: Անկլավները ստեղծվել են, որ Հայաստանի արտաքին կապը տան ադրբեջանցիների ձեռքը: Դա ո՞վ է արել: Խորհրդային Միությունը: Եվ այսօր դրա դեմ ոչինչ չես կարող անել: Եթե ասում են, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, դրա համար պիտի լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ղարաբաղում էլ հայեր էին ապրում, ուրեմն այն Հայաստանին պիտի տրվեր՝ որպես ամբողջական անկլավ: Բայց այսօր եթե գումարում ենք Տիգրանաշենի եւ Տավուշի երկու անկլավները, դրանց ընդհանուր տարածքը կազմում է 54 քառ կմ: Արծվաշենը 52-53 քառ կմ է՝ մոտավորապես նույն չափ: Իմ կարծիքով, մեր ձեռքում եղած անկլավները պիտի մեզ մնան, Արծվաշենը իրենց ձեռքն է, թող իրենց մնա: Այս խնդրի շուրջ խոսել ենք տարբեր մասնագետների հետ, բոլորը համաձայն են, որ սա այսպես մնա:

– Դուք երկար ժամանակ բնակվել եք Լոնդոնում, հիմա Երեւանում եք ապրում: 2020-ի պատերազմի կազմակերպիչների մասին տարբեր կարծիքներում շրջանառվում է Մեծ Բրիտանիայի անունը: Դուք նշեցիք, թե մեր գիտնականների ստեղծածը չի թարգմանվել, չի ներկայացվել աշխարհին: Այդուհանդերձ՝ մի երկրում, որի անունը շրջանառում են պատերազմ հրահրելու մեջ, մենք գիտնականների մեջ բարեկամ ունե՞նք, որ կարող են սահմանների ճիշտ գծման հարցում օգտակար լինել, ձայն բարձրացնել: «Չկան մշտական բարեկամներ» ասույթը, կարծում եմ, գիտությանն այնքան էլ չի վերաբերում:

– Սրանից 15 տարի առաջ, երբ Ադրբեջանի հրատարակած Ադրբեջանի պատմության դասագիրքն ուղարկեցի մի երկու անգլիացի պատմաբանի, մեկը զանգահարեց եւ իր վրդովմունքը հայտնեց, թե ի՞նչ ես այս հիմարություններն ուղարկել: Ասաց՝ գիրք չէ, աղբաման է, իրականության հետ աղերս չունի: Գիտական աշխարհը, գիտնականների 90 տոկոսը գիտե իրականությունը եւ Հայաստանի կողմն են: Մոսկվայում Զախարով անունով մի մասնագետ կա, մեր պատմության եւ աշխարհագրության մասնագետ է, հայանպաստ հոդվածներ շատ ունի: Կոնֆերանսի ընթացքում մոտեցավ, ինձ պատմեց, թե ստանում է մոտավորապես 800 դոլար ամսական: «Ադրբեջանցիներն առաջարկել են ամսական 5000 դոլար, որ ի նպաստ իրենց հոդվածներ գրեմ, ասաց, բայց չեմ ընդունել»: Կան, որ փողի դիմաց ընդունում են: Բրիտանացի դիվանագետներից ոչինչ չենք կարող սպասել. Այսօր իրենց երկրից դուրս ամենամեծ ներդրումն անգլիացին անում է Ադրբեջանում: Կարող ենք դիմել, որ նրանցից էլ մասնագետ գա եւ տեսնի, թե սահմանազատումն ինչպես է կատարվում: Ուրիշ սպասում չենք կարող ունենալ:

– Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ փաստորեն Հայաստանի սահմանի ներսում արտոնություն տրվեց, որ հայ գյուղացին իր հնձած խոտը հավաքի: Այստեղ սահմանային թյուրըմբռնում չկա՝ որեւէ քարտեզով դա Հայաստան է: Ադրբեջանցիներն ասել էին, թե ավելի լավ է այս արոտավայրին չմոտենաք: Տարիներ շարունակ այսպես են առաջ եկել: Սա ինչի՞ն վերագրել:

– Պաշտոնական քարտեզները փոխել են իրենց ուզած ձեւով, տվել իրենց զինվորներին, ասել են՝ սա է մեր սահմանը: Այդպես են առաջ գալիս: Հայերն էլ չունեն քարտեզը, որ ցույց տան, թե սովետական սահմանով սա Հայաստան է, քանի որ քարտեզը պահվում է գաղտնի, ե՛ս նույնիսկ իրավունք չունեմ այդ քարտեզը տեսնել:

Հարցազրույցը վարեց Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031