Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն դասավանդելը սկզբում կարոտ էր, հիմա՝ ապրելաձեւ»

Հուլիս 10,2021 12:30

Հարցազրույց Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցի տնօրեն, Հայոց լեզվի ուսումնական ձեռնարկների հեղինակ Երազիկ Հարությունյանի հետ

– Տիկին Հարությունյան, հայ ազգի առջեւ ծառացած խնդիրները շատ են, սակայն նաեւ հայապահպանության խնդիրն է օրակարգային։ Ի՞նչ կասեք այս առումով։

– Ես վերջերս սկսել եմ մտածել, որ եթե նայում ես ժամանակի հովերով տարված մարդու, այսպես կոչված՝ «համամարդկային» գաղափարների պրիզմայով, ապա հայ լինելը ծանր խաչ է, մեր գենը մի տեսակ հոգնել է ազգապահպանական խնդիրներ լուծելուց եւ ուզում է պարզապես վայելել միակ կյանքը՝ հարազատների, համախոհների հետ։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված նաեւ մեր դարեր տեւած հայրենաթողությունը, սա մի տեսակ փախուստ է ծանր ճակատագրից, անվերջանալի պարտականություններից։ Մեր համարյա բոլոր մեծ մտածողների մոտ կա այն միտքը, որ հայրենիքի դառը բախտը փակում է հանճարի զարգացման, վեր սավառնելու ուղին։ Եվ ես ինչ-որ չափով հասկանում եմ հեռացողներին։ Սակայն կա մի պարզ ճշմարտություն. այս հեռանալը ֆիզիկապես հեռու լինելու հետ շատ քիչ կապ ունի։ Եթե դու ապրում ես հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու, սակայն օրդ սկսվում եւ մարում է Հայաստանի հետ, հայկական հոգսով եւ հայի առօրյայով, ուրեմն դու չես հեռացել։ Եվ հակառակը. եթե դու կարող ես մշտապես գտնվել հայրենիքում, անգամ քո հարազատին ճանապարհել պատերազմ, հավուր պատշաճի, սակայն հազարավոր զոհեր եւ վիրավորներ, հազարավոր կիլոմետրեր հայրենի հող կորցնելուց հետո շարունակել ապրել քեֆ-ուրախությունների մեջ, թեթեւ եւ անդարդ, սա է հենց հայրենիքից հեռանալը։ Ասում են՝ կյանքը շարունակվում է, ուրախությամբ պետք է հաղթել ցավին, միգուցե… ուղղակի եթե այսքանից հետո մարդ ունի նման տրամադրություն, ուրեմն նա հեռացել է հայրենիքից ու թոթափել է նրա ցավը։

Հայապահպանությունը միշտ էլ օրակարգային է եղել։ Արտաշիսյանների անկումից հետո մենք աստիճանաբար կորցրել ենք մեր պատմական բնօրրանը՝ կտոր առ կտոր, եւ արդեն Խորենացու դարաշրջանում «փոքր ածու էինք»՝ հզոր տերություններով շրջապատված, եւ ինքնության խնդիր կար։ Մեր ասացվածքը ասում է՝ «Էշը, որ էշ է, երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Ես չգիտեմ՝ ում համար են դա հորինել, մենք 100-րդ անգամ ազգովին նորից հայտնվում ենք նույն անդունդում։ 500 տարի թուրքի հետ ապրել ենք, նրա բնույթը չգիտենք, նրա կողքին գոյատեւելու ստրատեգիա չենք մշակել, իսկ նա վաղո՜ւց համրել է մեր ատամները։

Ես համոզված եմ, որ կան հայի գեներին հավատարիմ մարդիկ եւ կան դրանից շեղվածներ, համոզված եմ նաեւ, որ գնալով քչանում են հավատարիմները, եւ համապատասխանաբար փրկվում է այնքան Հայաստան, ինչքան հայրենասեր իրական հայ է մնում աշխարհում։ Մեծամասնության մտածողությունը ապազգային է, օտարասեր են եւ ուզում են ապրել ուղղակի որպես մարդ, ոչ որպես հայ։ Այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում, մոտ 100 հազար հայ կա, հայկական եկեղեցիների, համայնքային կազմակերպությունների եւ դպրոցների շուրջ 1000-2000-ն են, ոչ ավելի, մնացածը իրապես հեռացել են եւ հետդարձի ճանապարհ չունեն, ոչ միայն դեպի հայրենիք, այլեւ դեպի հայկականություն։ Խորենացու «Ողբից» մինչեւ հիմա ոչինչ չի փոխվել – անդիմադրելի ցավոտ իրականություն։

– Ինչպե՞ս եք առաջնորդվում եւ ի՞նչ գաղափարներով եք առաջնորդում Ռուսաստանում հայերեն սովորող աշակերտներին։

– Ես չհեռացողներից եմ, ապրում եմ իմ հայկական աշխարհում, որը ինձ ավանդել է իմ հայրը։ Որտեղ էլ ապրել եմ, ինձ միշտ շրջապատել եմ ինձ նմաններով։ Արդեն մոտ 20 տարի է, աշխատում եմ օտար միջավայրում, ունեցել եմ հարյուրավոր աշակերտներ, որոնց սովորեցրել եմ գրել-կարդալ մայրենի լեզվով, հայ գրականություն, հայոց պատմություն, ստեղծել եմ հեղինակային ծրագրեր եւ ուսումնական ձեռնարկներ, հորինել եմ ուսուցողական տեքստեր եւ ոտանավորներ, 100 հազարավոր դիտումներով տեսադասեր։ Սակայն այս ամենը ածանցյալ է, ամենակարեւորը հայկականության ներարկումն է. ով ունի պարարտ հող իր հոգում, այնուհետ հայ է մնում, ով չունի գենետիկ հիմք, դադարում է առնչվել իմ, մեր աշխարհին, հեռանում է։ Եվ բացարձակապես կապ չունի՝ որտեղ է ծնվել, որտեղ է ապրել, ինչ ազգանուն կամ հայրանուն է կրում։ Ես աշակերտ ունեմ, որ 4-5 տարի է՝ հաճախում է մեր դպրոց, այդպես էլ հայերեն խոսել չի սովորում, լեզվական ունակություններ չունի, ինքն էլ գաղթածների 4-րդ սերունդ է, ազգանունն էլ է փոխած, սակայն ամեն անգամ գալիս է «Հայաստանի զարգացման» մի նոր ծրագրով, որի վրա անքուն գիշերներ է լուսացնում եւ անմնացորդ հավատում է, որ ամեն մեկը պետք է ունենա հայրենափրկության իր ուղին… որովհետեւ հայ է, ավելի հայ, քան ողջ կյանքը Հայաստանում ապրած շատ սահուն ճառ ասողներ։ Ես Սպարտակ Արեւջանյան աշակերտ ունեի, երբ Հայաստանի մասին խոսում էր, ոչ միայն ձայնը, ձեռքերն էլ էին դողում, կամավոր մեկնեց ծառայելու հայոց բանակում՝ անսալով ծնողների կամքին, որոնց մինուճար զավակն էր, եւ զոհվեց որպես հայրենիքին նվիրված գաղափարի զինվոր։

Մեր սկզբունքը մեկն է՝ ինչ եմ անում ես Հայաստանի համար եւ ինչ կարող եմ անել։ Նրանց մեծ մասը դեռ կայացած չէ, սակայն բոլորը անխտիր հայ մնալու ճանապարհն են ընտրել։

Ամեն նոր խմբի առաջին դասի ընթացքում խոսում եմ բարու եւ չարի հավերժական պայքարի մասին, աստիճանաբար զարգացնում եմ թեման եւ ստեղծում եմ բարու կրողի՝ իրական հայի կերպարը։ Իսկ որտե՞ղ է այն, մեր բանահյուսության մեջ, մեր պատմական զրույցներում, էպոսում, հայ ժողովրդական երգերում, պարերում, հուշարձաններում։ Մենք աշխատանքային երգերի հատուկ ժանր ունենք չէ՞, «Հորովելը», համաշխարհային մարդաբանության մեջ անվիճելի ճշմարտություն է, որ հողագործի, հողին նվիրված մարդու կերպարը ամենադրականն է մյուս բոլորից։ Մեր բոլոր ազգային պարերը խմբակային են, այդ ժառանգության աննշան մասն են կազմում հատուկենտ մենապարերը։ Իսկ խմբապարերը դրանք միասնության, միավորվելու, ընդհանուր որեւէ նպատակ արտահայտելու եւ դրա համար միասին պայքարելու լավագույն արտահայտությունն են… որտեղ շեղվեցինք, ինչպես կորցրինք մեր վերընթաց երամը…

– Խոսենք արժեհամակարգից. ինչի՞ կարիք ունի ժողովուրդը։

– Ազգային հստակ գաղափարախոսության։ 2006 թ.-ից ես մասնակից եմ եղել Հայաստանում կազմակերպվող ամենամյա բոլոր կրթական համաժողովներին եւ ամեն անգամ հնչեցրել եմ այն միտքը, որը բոլորովին էլ օրիգինալ չէ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակությունը սկսվում է դպրոցից։ Դպրոցը, կրթությունը, դաստիարակությունը պետք է լինեն ազգային։ Ոչ մեկը մեզ չի զարմացնի ոչ ժողովրդավարությամբ, ոչ լիբերալիզմով, ոչ էլ բարոյական բարձրագույն արժեքներով։ Դրա կլասիկ արտահայտությունը մեր միջնադարյան մտածողների գործերն են, պոեզիան։ Ավելի համամարդկային, քան Նարեկացին է, ավելի արդարասեր, քան Ֆրիկն է, ավելի օրինասեր, քան Գոշն է կամ ավելի լիբերալ, քան Քուչակն է, հնարավոր չէ լինել։ Ես իմ համոզմունքն ունեմ, թե ինչու ենք մենք առաջինը ընդունել քրիստոնեությունը, խոսքս նորից իրական հայի մասին է, որովհետեւ քրիստոնեական բարոյականությունը շատ հարիր է մեր բնույթին։ Այն բարձր աստվածային արժեքները, որ մենք ունենք, մեր շրջապատին հասանելի չէ։ Եվ եթե պետք է նահանջ լինի ազգայինից, ապա միայն շրջապատի անմարդկային եւ անբարոյական մարտահրավերները դիմակայելու համար եւ միայն փոխհարաբերությունների դաշտում։

Թուրքի հետ ոչ լիբերալ կարող ես լինել, ոչ քրիստոնյա, ոչ էլ անգամ մարդկային։ Քանի անգամ, քանի կուսակցություն եւ իշխանություն է փորձել, ձախողել են, նորից հույս դնել, թե թուրքը կամ կքաղաքակրթվի, կամ ինչ-որ մի ուժ կազդի նրա վրա, ըստ իս, միամտություն է։ Թուրքը ազգություն չէ, երեւույթ է։ Նա հափշտակում եւ զավթում է միշտ, ամեն ճանապարհով, ամեն գնով։ Իսկ մենք, «Պեպո» ֆիլմը հիշո՞ւմ եք, քանի հարյուր տարի է՝ «պոդիսպանսկի լեզգինկա» ենք պարում։

Այն, ինչ կարելի է եվրոպացուն կամ ռուսին, մեզ հակացուցված է, դա իջեցնում է մեր դիմադրողականությունը։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է էությանը դեմ գնալ, սակայն երկուսից մեկը՝ կամ դիմացինի հետ պետք է վարվենք իր մեթոդով, կամ այնքան ուժեղացնենք մերը, որ ընկրկեն, երրորդ ճանապարհ չկա։ Սա տեսակի պայքար է։ Թուրքը 500 տարում ոչնչից կայսրություն կերտեց, մենք մեր 5000 տարվա արմատի վրա չենք կարողանում բողբոջել։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե մեր ազգը նման է հանճարեղ ստեղծագործողի, որը կենցաղային հարցերում անօգնական է, ունի մեկենասի կամ պրոդյուսերի կարիք…

Կարծում եմ, պետք է ամրացնենք արմատից պտուղ կապը, սնուցենք։ Իսկ սնուցողը դարձյալ կրթությունն ու մշակույթը պետք է լինեն։ Միայն ազգային մշակույթը եւ արվեստը կարող են դաստիարակել եւ ձեւավորել ազգային հարազատ արժեհամակարգ, ազգային սերունդ։ Մշակույթը եւ արվեստը զվարճացնելու համար չեն, այլ հոգեկերտվածք ձեւավորելու։

– Հայրենիքից հեռու հայերեն լեզու դասավանդելը կարո՞տ է, թե՞…

– Սկզբում կարոտ էր, հիմա՝ նպատակ, հոգու մղում եւ ապրելաձեւ։ Ես աշխատում եմ հենց այս իմ ասած ուղղությամբ, գիտակցելով, որ եթե մշակույթը դարձավ ժամանց, ազգայինը կմեռնի։ Հայի ողջ էությունը նրա էթնիկ պարերի, նրա բնիկ երաժշտության, նրա բանահյուսության մեջ է, սա բարձր բարոյականության եւ քաջության անհատակ ծով է, սրանով պետք է կրթել։ Ես մեր դպրոցում ստեղծել եմ երաշխավորելի երաժիշտների, երգիչների, գրական ստեղծագործությունների, ֆիլմերի, կտավների եւ արվեստի այլ ժանրերի ազգայինը խորհրդանշող գործերի ցուցակներ։

– Պետք է փաստել, որ դժվար ու ծանր իրավիճակ է…

– Մեզ մոտ 30 տարվա կայանալու եւ հաստատվելու հնարավորություն էր տրված, չհաջողեցինք, հիմա էլ 5 տարվա մի փոքր հանդարտություն է շնորհվել՝ ծանր վերքերը վիրակապելու, ուշքի գալու, միգուցե որոշ խաղաքարտեր վերադասավորելու համար… մի տարի արդեն կորցրինք՝ միմյանց ազգ ու տակով քրքրելու եւ ընտրական անիմաստ քաշքշուկի վրա։ Պարզ բան է, մենք պատերազմել չենք սիրում, խաղաղ արարել ենք սիրում։ Մեր Հայկը գլուխն ազատեց, հեռացավ, կռիվը եկավ, փաթաթվեց նրա ոտքերին, ստիպված կռվեց ու հաղթեց, ստիպվա՛ծ։ Դավիթը զինվեց, երբ այլ ելք չկար… Այս չորս տարում կամ առաջ կգան նոր նժդեհ-անդրանիկ-մոնթեներ, կամ էլ Փոքր Մհերի պես կրկին կփակվենք քարայրում։ Մհերը վերջակետեց մեր պետական հզորությունը, Աստված չանի, որ վերջակետվի նաեւ ազգային գոյությունը…

Կարծում եմ, մեծ հեղաշրջում է պետք կրթության դաշտում. մանկապարտեզ-դպրոց-բուհ։ Ողջ ուսումնական նյութը պետք է կազմված լինի ազգ-բանակ, հայրենիքի հզորացում եւ հարատեւում, հայկական ապրելաձեւ եւ նման հասկացություններ բովանդակող հյուսվածքներից։ Բեմի վրա եթե տեղադրենք ամենատարբեր ռեկվիզիտներ, եւ հմուտ լուսարարը վառի դեղին գույնը, դրանք բոլորը ունենալու են դեղին երանգ, ապա սեղմի կապույտ լույսի կոճակը՝ ամեն ինչ կապտելու է։ Ինչպես հասկանում եք, ամբողջ ուսումնական նյութը պետք է ընտրվի ազգային ճշգրիտ «գույներով», եւ դա պետք է անեն տաղանդավոր եւ հայրենասեր հեղինակներ, իսկ հմուտ լուսարարը ուսուցիչն է, որի հեղինակությունը պետք է բարձրացնել եւ վստահել նրան գիտության լույսի վահանակը։ Պիտի հստակ պատկերացում լինի, թե մեր կրթությունը ի՞նչ արդյունքի է ձգտում – իսկ արդյունքը հանուն հայրենիքի պայքարելու պատրաստ, իր արմատների վրա ամուր կանգնած, հայրենի մշակույթով սնվող, արդի գիտության բոլոր զարգացումները հայրենիքի հզորացմանը ծառայեցնող եւ քոչվորի բնույթը իր ափի պես պարզ տեսնող ու նրան դիմակայող քաղաքացին պետք է լինի։ Նման կրթական համակարգ ունենալուց հետո հանգիստ կարող ենք ասել՝ հեռացողներին բարի ճանապարհ, վերադարձողներին բարի գալուստ։ Կայանալու է այնքան Հայաստան, ինչքան նրան իր կյանքով նվիրվելու եւ պաշտպանելու պատրաստ հայ կա։

– Ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ինչի հիման վրա եք կառուցում։ Ե՞րբ են այդ հարաբերությունները հաջողությամբ պսակվում։

– Երբեք ոչինչ չեմ պարտադրում, փորձում եմ հետաքրքրել։ Երեխան ինձնից վախենալուց չէ, որ լռում եւ լսում է, այլ հետաքրքրությունից։
Այժմյան սերունդն ավելի լայն հետաքրքրություններ ունի, նրան գրավելն ավելի դժվար է։ Պիտի ինքդ էլ անընդհատ կրթվես։

Պիտի կարողանաս ներթափանցել նրա աշխարհ, վստահություն շահել, հետո նրան տանել քո հետեւից։ Ամենաքիչ աչքի ընկնող երեխան անգամ մի ուրույն աշխարհ է, անհատականություն, որին պարտավոր ես հարգել եւ կարեւորել։ Հենց կարեւորություն տվիր երեխայի, պատանու մտքին, կարծիքին, նա կսկսի վստահել քեզ, այնուհետեւ նրա հետ աշխատելը փոխադարձ հաճույք է։ Մի սկզբունք էլ ունեմ՝ անընդհատ անտեսում եմ աշակերտի բնավորության, արարքների ստվերոտ կողմերը, եւ պարբերաբար շեշտում դրականը։ «Դու դա չէիր ուզում ասել, դու այդպես չէիր ուզում անել, ես գիտեմ, դա պատահական արարք է։ Չի կարող պատահել, որ նման բան արած լինես։ Ես իհարկե չեմ հավատում, այնուամենայնիվ, ուշադիր եղիր, որ քեզ սխալ չհասկանան», քանի՜-քանի անգամ իմ այսպիսի խոսքերից հետո ամաչել են իրենց վատ արարքի համար, ուղղվել ավելի արագ, քան եթե քննադատեի, փնովեի կամ պատժեի։ Շատ կարեւոր է նաեւ ունենալ ընդհանուր նպատակ, երազանք, սրբություն, ինչը մեր պարագայում միշտ կապված է հայրենիքի հետ։ Պատերազմի օրերին որոշները մեկնեցին հայրենիք՝ օգնելու, որոշները բարեգործական միջոցառումներ էին կազմակերպում, մյուսները հավաքվում էին միասին լացելու եւ ելք գտնելու…

Երբ 10 տարի առաջ ուզում էի հայկական կիրակնօրյա դպրոցում նախադպրոցական խումբ բացել, շատերը ընդդիմացան, հիմա համարյա բոլոր դպրոցները ունեն, գոնե 4 տարեկանից պետք է ապահովել երեխայի մուտքը հայկական աշխարհ։

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

09.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել