Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ու Պուտինի շահերն էլ համընկան

Հուլիս 10,2021 12:00

Այն, ինչ ցանկանա Պուտինը՝ կիրագործի Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ նա հանդիպեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում էին հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ԼՂ-ի բնակչությանը հումանիտար աջակցության, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցերը։

Փաշինյանի առաջին այցը Մոսկվա Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, անշուշտ, իր համար կարեւոր խորհուրդ ուներ՝ ամրագրել հաղթանակը Կրեմլում: Եվ Պուտինը հրապարակավ ի ցույց դրեց այդ հանգամանքն, ավելի ճիշտ՝ որ Մոսկվան հաշվի է նստում այդ փաստի հետ: Ողջունելով Փաշինյանին՝ Պուտինն ասել է. «Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարեւոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարեւոր պայմանն է հետագա զարգացման»: Պուտինը նաեւ ակնարկեց, որ քննարկելու են հարցեր, որոնք մանրամասն քննարկվել են վերջերս եւ որոնք որոշումների կարիքն ունեն:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը խոսեց անվտանգային ոչ կայուն վիճակի մասին, կարեւորելով ռուսական ջանքերը եւ ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում: Նա նկատեց, որ՝ «իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ»: Ապա Փաշինյանը հավելեց. «Նաեւ ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, եւ ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»: Փաշինյանն ընդգծել էր նաեւ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը:

Այն, որ Հայաստանի սահմաններում անկայուն վիճակ է՝ դրա համար Փաշինյանի այցից առաջ, կարծես, արձանագրվեցին նոր ապացույցներ: Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն էր հրահրել, հայ-ադրբեջանական սահմանին հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Հայկական կողմից մեկ զինծառայող էր թեթեւ վիրավորում ստացել, իսկ ադրբեջանական կողմից՝ երկուսը: Ի դեպ, Վերին Շորժա գյուղի հարեւանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել էր, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Այսպես, Փաշինյանին ընդունելիս ուշագրավ էր Պուտինի հետեւյալ ակնարկը, թե՝ գոյություն ունեն զգայուն, սուր հարցեր, որոնք պետք է լուծել, եւ դրանք լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի: Թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկել ու ինչ պայմանավորվածությունների եկել Պուտինն ու Փաշինյանը առայժմ տեղեկություն չկա, սակայն կարելի է ենթադրել, որ հայ-ռուսական բանակցություններում են եղել «Զանգեզուրի միջանցքի», Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի եւ իհարկե հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցերը: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն ակնհայտորեն Հայաստանից ակնկալում է արագ որոշումներ: Կարելի է չկասկածել, որ այդ որոշումներն ընդունելու ճանապարհին Անկարան ու Բաքուն ակնկալում են Մոսկվայի միջամտությունը: Պուտինը, վստահաբար, հենց այդ խնդիրները նկատի ուներ, երբ Փաշինյանին ընդունելիս ակնարկեց՝ Հայաստանի համար զգայուն թեմաների մասին:

Նկատենք, որ այս փուլում բացահայտ Հայաստանից ակնկալվում են ինչ-ինչ քայլերի ընդունում՝ այն դեպքում, երբ դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հայ ռազմագերիներին պահել Բաքվի բանտերում, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Հայաստանի ինքնիշխան տարածքում մնալ: Արձանագրենք նաեւ, որ Մոսկվայում Փաշինյան-Պուտին բանակցություններում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման եւ կամ դրա դեմ ոտնձգությունների դատապարտման հրապարակային հստակ հայտարարություն չարվեց:
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիներին, ապա նկատենք, որ օրերս 15 հայ գերիների վերադարձի համար, որի դիմաց, հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին էր հանձնել ականապատված տարածքներից եւս երկուսի քարտեզները, Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման թեման վաղուց է հրապարակային քննարկվում: «Այո, քննարկումներ կան այն մասին, թե ինչպես է հնարավոր ընդլայնել ռուս սահմանապահների ներուժը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի՝ ելնելով ՀՀ-ի անվտանգությունից, սահմանին իրավիճակի կայունությունից եւ պարտավորությունների կատարումից»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում ռուս սահմանապահների թվաքանակի ավելացման մասին տեղեկություններին՝ օրերս ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ինչպես հայտնի է, Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, արդեն իսկ կան ռուս սահմանապահներ, որոնք նպաստում են իրավիճակի կայունությանը, հանգստությանը։ Շատ կարեւոր է, որպեսզի տեղի բնակչությունն իրեն հարմարավետ զգա այդ նոր՝ իր համար անսովոր իրավիճակում»,-նշել էր դեսպանը։ Լրագրողները դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները եւ հայ ռազմագերիներին մաս-մաս է վերադարձնում, Կոպիրկինը նշել էր. «Գերիների հարցը ռուսական ղեկավարության ու ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության առաջնահերթություններից է։ Ապացույցը գործադրվող քայլերն են։ Մեր մոտեցումը հայտնի է ի սկզբանե՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»։

Մոսկվան Բաքվին ու Անկարային նյարդայնացնող որեւէ քայլ չի անելու ու որեւէ սուր գնահատականով հանդես չի գալու, սա ակնհայտ է: Ավելին, Կրեմլը տանում է Բաքվի ու Անկարայի հետ համագործակցությունն ավելի խորացնելու ու ավելի բազմաշերտ դարձնելու քաղաքականություն: Հետպատերազմյան այս փուլում Մոսկվան էլ իր ակնկալիքներն ունի այս տարածաշրջանում եւ մաքսիմալ ձգտում է ստանալ այն, ինչ հնարավոր է: Այս առումով, Փաշինյանի ու Պուտինի շահերը նույնիսկ կարելի է ասել, որ համընկնում են. Փաշինյանն ապացուցեց Պուտինին, որ վայելում է ժողովրդի վստահությունը, իսկ դա նշանակում է ռուսական կողմի ակնկալիքները տարածաշրջանային խնդիրներում պետք է կյանքի կոչի հենց Փաշինյանը: Այսինքն՝ այն, ինչ կցանկանա Պուտինը, կիրագործի՝ Փաշինյանը:

Պուտինը փոխշահավետ քաղաքականություն պետք է վարի նաեւ Բաքվի հետ, սա նույնպես աներկբա է: Օրերս հայտնի դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է հիմնել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք կստանան խորհրդատվական ձայնի իրավունք: Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ ենթադրվում է դիտարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար նոր գործընկերության ինստիտուտ հիմնելու հարցը, եւ գործընկերներն իրավունք կստանանք խորհրդատվական ձայնի, փաստաթղթերի պատրաստման եւ հավաքական որոշումների մշակման: Վոլոդինի խոսքով՝ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն ԵԱՀԿ ԽՎ շրջանակում ցուցաբերում են մի շարք պետություններ: Այս պահին ՀԱՊԿ ԽՎ-ում անդամներից բացի կան դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը եւ Սերբիան: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն օրերս ասել է, որ նոր ձեւաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում բազմաթիվ երկրներ, բայց նշել է նրանցից երկուսին՝ Ադրբեջանը եւ Պակիստանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել