Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականից որեւէ համատիրությունում ֆինանսական ստուգումներ չեն իրականացվել

Հուլիս 10,2021 13:00

Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, եւ ամբողջ հանրապետության տարածքում հատուկենտ համատիրություններ կգտնվեն, որոնց գործունեությունը թափանցիկ է, արդարացված։ Շատ բնակիչներ համատիրության մասին քիչ բան գիտեն, միայն գիտեն, որ համապատասխան վճար պիտի կատարեն ու դրա դիմաց որոշ ծառայություններ ստանան։ Էլ չասած, որ բնակիչների վճարներով կազմված համատիրության բյուջեի ծախսերի հաշվետվություն բնակիչներին չի էլ ներկայացվում, կրկին, հատուկենտ համատիրություններ կլինեն, որոնք ծախսերը՝ կոպեկ առ կոպեկ ներկայացնում են բնակիչներին։

Երբ, օրինակ, շենքի տանիքի վերանորոգման հարց է ծագում, հաճախ համատիրությունը մերժում է, հիմնավորմամբ, թե՝ գումար չկա, բնակիչներից շատերը ամիսներով կամ տարիներով վճարում չեն կատարել։ Գուցե հենց համատիրության ոչ թափանցիկ աշխատանքն է, որ վստահություն չի ներշնչում բնակիչների մոտ, հետեւաբար նրանք էլ հրաժարվում են վճարումներ կատարել։

Հայաստանում գործող 450 համատիրությունների նկատմամբ վերահսկողական գործառույթներ սահմանված չեն, եւ պետական որեւէ մարմին համատիրություններում ֆինանսական ստուգումներ չի իրականացրել 2017 թվականից սկսած։ Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն, որը շրջանառության մեջ է դրել «Համատիրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծում նշված է, որ մինչեւ 2016 թվականը համատիրությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը, այդ թվում ստուգումները եւ պատասխանատվության միջոցների կիրառումը իրականացրել է արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը, որի լիազորությունները դադարեցվել են կառավարության՝ 2016 թվականի որոշմամբ, իսկ 2017 թվականի օրենսդրական փոփոխությունների հետեւանքով համատիրությունների նկատմամբ վերահսկողական գործառույթներ չեն իրականացվում:

Շրջանառության մեջ դրված նախագծով ՊԵԿ-ն առաջարկում է «անձամբ» վերահսկել համատիրությունների գործունեությունը, ավելի կոնկրետ՝ ֆինանսական շարժերը, իսկ դրա գործունեությունն ապահովելու համար ստեղծել համատիրությունների հաշվետվությունների հրապարակման մեխանիզմներ եւ իրականացնել վերահսկողություն վերջիններիս գործունեության նկատմամբ:

ՊԵԿ-ի առաջարկած օրենսդրական այս փոփոխությամբ համատիրությունները պարտավորվելու են իրենց գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնել, որը ներառում է որոշակի տեղեկատվություն։ Օրինակ՝ համատիրության նախագահի, կառավարչի անունը, ազգանունը, համատիրության անդամների քանակը, հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը, հաշվետու տարվա ընթացքում հրավիրված վարչության նիստերի քանակը, տարեկան մուտքերի (դրամական կամ գույքային) ընդհանուր գումարը, օգտագործված կամ ծախսված դրամական միջոցների չափը, վարձու աշխատողների թիվը, համատիրության մեջ ընդգրկված շենքերի, շինությունների քանակը եւ դրանց հասցեները։ Այս տեղեկատվությունը համատիրությունները պետք է ներկայացնեն ՊԵԿ-ին՝ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի անձնական էջի միջոցով։

Ուշագրավ է, որ 2002 թվականին ընդունված օրենքով էլ է սահմանված համատիրության հաշվետվության ձեւը, ըստ այդմ՝ յուրաքանչյուր տարվա համար կառավարիչն ընդհանուր ժողով է ներկայացնում այդ տարվա համատիրության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաեւ համատիրության հաջորդ տարվա եկամուտները եւ ծախսերը։ Համատիրությունը ֆինանսական հաշվետվությունն, ըստ գործող օրենքի, պարտավոր է ներկայացնել ընդհանուր ժողովի հաստատմանն ու այլ համապատասխան մարմիններին։

Օրենքի ընդունումից հետո, ըստ էության, համատիրությունները հաշվետու են լինելու պետական եկամուտների կոմիտեին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Շատ լավ առաջարկ է ՊԵԿ ի կողմից,բացի բնակիչներից բոլորը օգուտ ունեն համատիրություններից։Թող հիմա էլ ՊԵԿ ը օգտվի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031