Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանին ասացի՝ ուզում եմ, որ նա գնա, միանա իր ընտանիքին». Պարույր Հայրիկյանը՝ իր դեմ մահափորձի համար դատապարտված Վարդան Սեդրակյանի մասին

Հուլիս 09,2021 21:26

«Ես դատարանին ասացի՝ ուզում եմ, որ նա գնա, միանա իր ընտանիքին»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում էպոսագետ, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի վաղաժամկետ ազատելու հարցի օրինականությանն ու հիմնավորվածությանը նվիրված դատական նիստի մասին, հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, որ դատարանի դահլիճում նշել է՝ եթե Վարդան Սեդրակյանը ներողություն է խնդրում, զղջում իր արածի համար, ապա որպես անհատ նրան կարող է ներել, որպես ազգային գործիչ էլ կարող է ներել, եթե Սեդրակյանն ասի, թե ո՞րն էր իր դրդապատճառը:

Մեզ հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նկատեց. «Ներողություն խնդրելն այլ բան է, բայց ի՞նչն էր քեզ ստիպում գնալ այդ քայլին: Զղջում ես, լավ ես անում, որպես մարդ քեզ ներում եմ, բայց որպես քաղաքական, ազգային գործիչ՝ իմ իրավունքներից դուրս է ներելը, քանի որ դա միայն իմ դեմ չի ուղղված»:

Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ եթե դատարանի դահլիճում այսպիսի հայտարարություն չաներ, Վարդան Սեդրակյանին պետք է նորից կալանավորեին: Մեր զրուցակիցը հավելեց. «Այն երկուսին՝ կատարողներին, վաղուց էի ներել, հիմա թող ինքն էլ գնա իր ընտանիքի մոտ»: Մեր հստակեցմանը՝ փաստորեն գործը փակվե՞ց, Պարույր Հայրիկյանը դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք՝ Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը դատապարտվել էին 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա:

Պարույր Հայրիկյանը նաև հրապարակել է Վարդան Սեդրակյանի՝ իրեն ուղղված նամակը , որտեղ ընդունում է իրեն ուղղված մեղադրանքն ու զղջում կատարածի համար: Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ անձամբ իրե՞ն է նամակն ուղարկել, նա պատմեց. «Ինքն ինձ այդ նամակն ուղարկել էր մայիսի 12-ին: Ես չեմ ստացել. երևի հետ էր գնացել: Բայց, քանի որ բնօրինակը կար և կտրոնը, համարեցի, որ ինքն իմ հիմնական պահանջը՝ հանրությունից ներողություն խնդրելը չի արել, բայց ինձնից խնդրել է ներողություն: Դա է կարգը. մարդը, եթե ներողություն է խնդրել, պետք է ներել»:

Հարցին՝ ի վերջո իր համար բա՞ց մնաց, թե ինչն էր պատճառը, որ Վարդան Սեդրակյանը նման քայլի էր դիմել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես գիտեմ: Դա ասել եմ մահափորձի երրորդ օրը: Իմ վարկանիշը բարձրանում էր, քանի որ դա իսկական ընտրություն էր. ժամանակ կար, մարդիկ դիտում էին իմ մասին պատմող ֆիլմը և դիտողների 10-ից 9-ը որոշել էին, որ ձայնը պետք է տան Հայրիկյանին: Նրանք, որոնք սարսափում էին, որ ի վերջո, այսքան ճանապարհ անցնելուց հետո ես կարող է դառնամ ՀՀ-ի գլխավոր քաղաքական դեմքը, սարսափում էին բացարձակ ժողովրդավարությունից և ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումից: Նրանք, որոնք ժամանակին ինձ արտաքսում էին, նրանց ժառանգները, սարսափելով ասացին՝ ո՞նց, այս մարդը դառնում է նախագա՞հ: Մանավանդ՝ բացարձակ ժողովրդավարությունն է աշխարհի բոլոր բռնապետերի համար ահուսարսափ: Այլ բան է, երբ ասում ես դեմոկրատիա՝ խորհրդարանական համակարգ, կիսանախագահական համակարգ, օյինբազություններ: Լրիվ այլ բան է, երբ իսկապես դա կապում ես մարդու իրավունքների հետ, իսկապես մարդուն երկրի տեր ես դարձնում. մի բան, որ այս դժբախտ Նիկոլը չհասկացավ, թե ինչ մեծ առավելություն էր ստանում, եթե հավատարիմ մնար ինքն իրեն»:

Պարույր Հայրիկյանն ասաց՝ այսօր Վարդան Սեդրակյանն իրենից առանձին էլ է ներողություն խնդրել, դատարանի դահլիճում էլ: Ասել է, թե յոթ տարի մտածել է, հասկացել, որ սխալ էր:

Մեր հիշեցմանը՝ մարդիկ կային, որ ժամանակին պնդում էին, թե մահափորձ չի եղել, նրա՞նց ինչ կասի, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Բանաստեղծ Եղիշե Տերտերյանի խոսքերն են՝ մարդիկ կան, որ մարտիկ են, մարդիկ էլ կան, որ մարդուկ են: Հիմա այդ մարդկանց ի՞նչ պիտի ասեմ՝ թող մտածեն՝ ինչ պիտի ասեն իրենց զավակներին, նրանք երբեք ի վիճակի չեն հասկանալ Հայրիկյանի թռիչքը, որ մարդ կարող էր հինգ անգամ դատվել ու հետ չկանգնել իր գաղափարներից: Վնասեցին իրենց ու իրենց զավակներին: Զոհվածների կեսը, եթե ոչ ավելին, զոհվեց այն պատճառով, որ այն ժամանակ իմ ճանապարհը կանգնեցրին նախ կրակոցով, հետո էլ այդ կրակոցի առիթով այդ բամբասանքներով և Հայրիկյանի վարկանիշն իջեցնելով: Իրենք իրենց դեմ արեցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031