Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվեց «Արմատ» ինժեներական լաբորատորիայի ամենամյա տեխնոլոգիական ճամբարը։
Մեզ հետ զրույցում «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ ծրագրի համակարգող Անի Ղազարյանը նշեց, որ տեխնոլոգիական ճամբարում ընդգրկվում են ոչ միայն Արմատի սաները, այլ նաև 12-14 տարեկան ոչ սան հանդիսացող դպրոցականները․ «Այս տարի ունենք 207 մասնակիցներ Հայաստանի համարյա բոլոր մարզերից, այդ թվում՝ 50 մասնակից Արցախից և 27 աշակերտ Սյունիքից։ Այսօր ճամբարի 9-րդ օրն է և մասնակիցները, որոնք այս օրերի ընթացքում բաժանվել էին խմբերի և իրենց խմբավարների հետ մշակել են ռոբոտներ, կցուցադրեն իրենց ստեղծած ռոբոտն ու վերջում ժյուրին կընտրի հաղթող թիմին»։
Ղազարյանը նաև փոխանցեց, որ այս տարի մասնակիցները պետք է ստեղծեին խելացի ռոբոտ, որը իրեր է տեղափոխում։
«Ճամբարում կազմվել է 15 ջոկատ՝ 13-14 մասնակիցներով, որոնք ամբողջ ընթացքում իրենց ջոկատավարների գլխավորությամբ թիմային աշխատանք են կատարել, ինչի արդյունքում կարողացել են պատրաստել մրցույթին մասնակցող իրենց ռոբոտը։ Ճամբարի ընթացքում նաև կազմակերպվել են միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենաճանաչությանը, որն էլ բերում է հայրենասիրության։
Այս տարի, օրինակ, կազմակերպել էինք արշավ տարածաշրջանի մշակութային կոթողներ, կազմակերպվել էր միջոցառումներ ՌՄԱ-ի հետ համատեղ, եղել են ազգային պարերի դասընթացներ ևս»։
Կարդացեք նաև
Անի Ղազարյանը հատկապես ընդգծեց, որ նմանատիպ ճամբարներն առաջին հերթին երեխաների մոտ առաջացնում են ոգևորվածություն՝ ոլորտում իրենց ուժերը փորձելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև թիմային աշխատանք կատարելու հարցում․ «Այս 9 օրերի ընթացքում որոշ մասնակիցներ, որոնք չէին հաղթահարել ռոբոտաշինության շեմը, կարողացան հասնել ռոբոտ պատրաստելու փուլին։ ԻՆչպես նաև շատ ոգևորիչ է, որ ոչ արմատցի դպրոցականները, լինելով այս միջավայրում, ոգևորվում են և սկսում են հաճախել լաբորատորիա»։
Սաթենիկ Հովսեփյան