Հուլիսի 18-ին տեղի կունենա տարվա ռոբոտաշինական ամենակարևոր իրադարձությունը Հայաստանում՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլը։ Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն վեցերորդ անգամ՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, և նպատակ ունի զարգացնելու այս ոլորտը՝ բացահայտելով նոր տաղանդների։
Այս տարի ՌՀՕ–ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ունի. մրցույթին զուգահեռ տեղի կունենա «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում կցուցադրվեն հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։ Օլիմպիադան նաև ընդլայնել է իր գործընկերների շրջանակը. «ՌՀՕ 2021»-ի ազգային փուլի մշտական հովանավորը «Ռոստելեկոմ» Հայաստանն է, գլխավոր գործընկերը՝ SoftConstruct ընկերությունը։
ՌՀՕ–ի հայաստանյան փուլին մասնակցելու հայտ ներկայացրել է 18 թիմ։ Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կունենան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարող են մասնակցել ազգային փուլին։ Ազգային փուլի հաղթող թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը:
Սա հարթակ է, որտեղ նոր սերունդը փորձում է գտնել մարդկությանն ամենահուզող հարցերը և դրանց տալ իրական լուծումներ։ ՌՀՕ-ի այս տարվա թեման է՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրն է լինելու վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումը։ Տարբեր տարիքային խմբերի թիմերի համար առանձնացված են տարբեր առաջադրանքներ։
Կարդացեք նաև
- Տարրական դպրոցի տարիքային խմբի աշակերտի պատրաստած ռոբոտը խաղադաշտում օգնում է տունը ժամանակակից դարձնել. ռոբոտը պետք է փոխարինի հին լամպերը նոր՝ էներգախնայող լամպերով և արևային մարտկոցներ տեղադրի տանիքին։ Այս աշխատանքը կօգնի լավագույնս օգտագործելու վերականգնվող էներգիան։
- Կրտսեր տարիքային խմբի աշակերտի ռոբոտը պետք է վերցնի ավտոկանգառի մուտքի մոտ կանգնած մեքենաները և բերի կայանման ճիշտ տարածք։ Այնուհետև պետք է բաշխի լիցքավորման մարտկոցները հիբրիդ և էլեկտրական մեքենաներին։
- Ավագ դպրոցի տարիքային խմբի խաղադաշտում ռոբոտը պետք է տներն ապահովի վերականգնվող էներգիայի աղբյուրներով՝ ըստ յուրաքանչյուր տան կարիքի։
Այս օլիմպիադայով «Այբ»-ը ձգտում է խթանել Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներում հայ աշակերտների մասնակցությունը:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։
2004 թ.-ից անցկացվող համաշխարհային այս մրցույթում նախորդ տարի ներգրավվել է 75 000 մասնակից՝ 75-ից ավելի երկրից։ Հայաստանից հինգ տարվա ընթացքում օլիմպիադային արդեն մասնակցել է 160 դպրոցական, հայկական 6 թիմ մասնակցել է նաև միջազգային փուլին։
«Այբ» կրթական հիմնադրամ