Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Գյումրի է ներկրվել նոր միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա։ Մինչև օգոստոսի 15-ը կներկվի նաև մյուս խմբաքանակը, մեքենաների ընդհանուր թիվը 67 է։ Ներկրողը «Մուլտի մոթորս» ընկերությունն է։
Գյումրու տրանսպորտային ցանցը մինչև սեպտեմբեր փոխվելու է, կոնկրետ այս ծրագիրը սուբվենցիոն է, արժեքը 900 միլիոն դրամ է, գումարի կեսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, կեսը՝ Գյումրու համայնքապետարանը։
Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ներկրված 20 մեքենաներն արտադրվել են Գորկու մեքենաշինական գործարանում, «Gazelle Next» մակնիշի 2021 թվականի արտադրության են։
Կարդացեք նաև
«Երկու ամսվա արտադրված մեքենաներ են,17 տեղանոց են, շարժիչները բենզինով են աշխատում, բայց մենք պայմանավորվել էինք, որ շահող կազմակերպությունը տեղադրի բնական գազ։
Մրցույթներ պիտի հայտարարվեն, պիտի որոշվեն՝ ինչ եղանակով պիտի շահագործվեն այս մեքենաները, մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ 67 մեքենաները, 3 հատ էլ ունենք, այսինքն` 70 միկրոավտոբուսները կշահագործվեն։ Խոստացել ենք ունենալ քաղաքակիրթ տրանսպորտ, մեր խոստմանը տերը դարձանք» , -մեծ ոգևորությամբ ասաց տրանսպորտի բաժնի պետը։
Նշենք, որ 5 էլեկտրավտոբուսներ էլ ձեռք են բերվելու Եվրամիության ծրագրով, որը կոչվում է «Եվրամիությունը՝ հանուն կայուն և կանաչ կառավարման»։
Այն փորձարկվելու է Գյումրի, Վանաձոր և Լեհաստանի Պիլա քաղաքներում։ Եվրամիության ծրագրի նախնական արժեքը մոտ 450 հազար եվրո է։
5 ավտոբուսների գործարկման հետ միաժամանակ կներդրվի միասնական տոմսի քարտային համակարգը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները Գյումրու քաղաքապետարանի ՖԲ էջից