Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը
Հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը:
Բացման խոսքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները.
• Ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ:
Կարդացեք նաև
• 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինարարական թույլտվություն:
• Գույքերի իրացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել շուրջ 50 ընտանիքի հետ՝ այսպիսով ավարտելով իրացման աշխատանքները:
• Գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:
• 5 լոտերի մասով հավանական ներդրողների հետ ընթանում են բանակցություններ, որոնք պիտի ավարտին հասցվեն առաջիկա ամիսներին:
• Բոլոր լոտերի մասով արդեն տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն:
• Կառուցապատման տարածքում առկա բոլոր հուշարձանների մասով ներկայացվել են նախագծային առաջադրանքներ, որոնք կառուցապատողների համար հիմք կհանդիսանան հուշարձանների բակային տարածքները բարեկարգելիս: Ընդ որում՝ թաղամասի հուշարձանները պահպանվելու են, ինչպես նաև ապահովվելու են ՀՀ Կառավարության կողմից նախկինում հայտարարված պայմանները:
Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է: Ըստ նրա՝ թեպետ պրոցեսը բարդ է ու ժառանգված, սակայն պետք է հասցվի տրամաբանական հանգրվանին:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունի ինչպես պատմական, այնպես էլ քաղաքային առողջ ու հարմարավետ միջավայրի կառուցման տեսանկյունից:
Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ընթացիկ հարցերին, որոնց թվում՝ համալիր փորձաքննություններ, քանդման ենթակա գույքերի ցանկ ու քանդման թույլտվություններ, մի քանի լոտերի նախագծերի ու շինարարության մեկնարկի հարցեր: Նիստի երկրորդ մասում աշխատանքային խմբի քննարկումներին միացել են նաև 33-րդ թաղամասի կառուցապատողների ներկայացուցիչները:
Առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ:
Տիգրան Ավինյանի գրասենյակ