Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջարկություն-միջնորդություն ներկայացրեց. «Դիմումատուները իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնք պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետեւ իրենց իրավասությունից դուրս են: Առաջինը վերաբերում է ՀՀ նախագահին, թե ինչ պարագայում ու ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է եւ ես խնդրում եմ ՀՀ նախագահին սույն գործով պարզաբանման ենթակա հանգամանքների համար որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին»:
Հետո Հրայր Թովմասյանը միջնորդեց ՄԻՊ-ից պահանջել 2021-ի ընտրական գործընթացներում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ տեղեկատվություն, եթե կա զեկույց, հաղորդումներ: Եթե դա անհնարին լինի, Թովմասյանն ասաց, որ կմիջնորդի Մարդու իրավունքների պաշտպանին ներգրավել որպես վկա:
Կարդացեք նաև
Թովմասյանի երրորդ առաջարկը Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջելուն է վերաբերվում. «Ինչպես են դատարանները մեկնաբանել ու կիրառել ՀՀ ՔրՕրով սահմանված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր եւ բռնությունը հրապարակայնորեն քարոզել բառակապակցությունները: Ես վստահ չեմ, որ ունենք դատական պրակտիկա, բայց եթե կա, դա մեզ համար էական է լինելու»:
Արեւիկ Պետրոսյանը միջնորդության վերաբերյալ դրական դիրքորոշում հայտնեց: Երվանդ Խունդկարյանը նույնպես կողմ էր, որ ՀՀ նախագահին որպես վկա կանչեն դատարան:
Վահե Գրիգորյանը հարցրեց՝ տարբերություն կա՞ որպես վկա՞ են կանչում նախագահին, թե՞ նա պաշտոնական գրությամբ պատասխանում է: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ կա ու գտնում է, որ պետք է կանչեն նախագահին, զգուշացնեն կեղծ ցուցմունք տալու մասին: Վահե Գրիգորյանը գտավ, որ պաշտոնական գրությամբ պետք է դիմեն:
ՍԴ դատավոր Վաղարշյանը համաձայն չէր, որ Արմեն Սարգսյանին որպես վկա կանչեն, բավարար է տեղեկատվություն պահանջելը: Դիլանյանը առաջարկեց այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ՝ ժամը 18-ից հետո՝ խորհրդակցական կարգով:
Էդգար Շաթիրյանն առաջարկեց Հրայր Թովմասյանի միջնորդությունները դնել քվեարկության: Որոշվեց Թովմասյանի միջնորդությունը քննարկել խորհրդակցության սենյակում՝ ժամը 18-ից հետո: Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե այս պահին իր միջնորդությունները չքննարկվեն, ինքը չի մասնակցի այդ հարցի քննարկմանը խորհրդակցության սենյակում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ