Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմիրճյանի նման մարդուն ինքը սպանեց, օրինականությունի՞ց են խոսում…Զատիկյանների ընտանիքը ոչնչացրեցիր, Քոչարյան». Փաշինյանի աջակիցների ցույցը ՍԴ-ի մոտ

Հուլիս 09,2021 16:38

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա:

Նիստի ընդմիջմանը դատարանի առջեւ հավաքված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակիցները սկսեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով դիմավորել դիմումատու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես դիմում էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանին, թե «ջահել տղա ես, չե՞ս ամաչում, «օտ ի դո» դրան պաշտպանում ես» եւ այլն: Փոխարենը՝ ջերմագին ողջունեցին ու ծափահարեցին փաստաբան Տիգրան Եգորյանին. «Աղչի, էս Եգորյանը չի՞, Եգորյան ջան, դուխո՜վ»:

Մի կին բղավում էր, որ ՀՀ հպարտ քաղաքացիներով 700 հազար ձայնով ՔՊ-ի կողքին են. «Հայաստանի քաղաքացու 700 հազար ձայնը չե՛ք կարող չեղարկել»: Մեկ ուրիշն էլ մատը թափ էր տալիս ու զգուշացնում. «Հլը փորձվեն ժողովրդին դեմ գնալ, կհավաքվենք ու կսրբենք սաղիդ»: Մեկն էլ ասում էր, որ իրենց՝ Քոչարյանին, գիտի 88-ից, ոչինչ չի ունեցել. «Քրջոտ շալվար, քրջոտ «սառոչկա», ո՞նց հարստացավ այդքան: Ամբողջ երկրի կոմունիկացիան ծախեց»:

Մի քաղաքացի էլ, որը, ինչպես պարզվեց, Կարբիի 17/15 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Ռիտա Դավթյանն էր՝ ասաց, որ ընտրությունների օրը անգամ չի ճաշել ու բնական կարիքները չի հոգացել, որովհետեւ գյուղապետը ՀՀԿ-ական է ու լսել է, որ պատրաստվում է «դեբոշ» սարքել. «Որ քվեարկել էին արդեն, հարցրեցի՝ արդա՞ր է անցել, օրինակա՞ն է անցել, ասացին՝ այո, այսօր բողոքո՞ւմ են: Իրենք այդքան վստահված անձ են ունեցել, դիտորդներ, հանձնաժողովի անդամներ, մի՞թե չեն աշխատել»:

Դավթյանը նաեւ հավելեց. «Պատերազմի ժամանակ մենք անաշխատունակ, դրսից՝ մեր հարազատներից գումարներ խնդրելով՝ մեր բանակի համար փող ենք մուծել: Իրենք «վերտալյոտներով» կոնֆետ էին շաղ տալիս: «Վերտալյոտ» հանո՞ղ էիք, գնայիք մեր արյունոտ երեխեքին բերեիք: Իրենք դարի արյունոտ հարսանիք էին անում: Միշտ էլ դա են եղել»:

Ցուցարարները հիշեցնում էին, թե նախկինների օրոք ով ինչ է «թալանել», անգամ ցեղական ոչխարների մասին էին հիշեցնում. «Ծախեցին իրանցիների վրա»: Մեկը մյուսին հերթ չտալով՝ պնդում էին. «Դեմիրճյանի նման մարդուն ինքը սպանեց: Օրինականությունի՞ց են խոսում, դարձել են հրեշտակնե՞ր: Մարտի մեկը: Հողը ծախել են: Զատիկյանների ընտանիքը ոչնչացրեցիր, Քոչարյան, իր բիզնեսն առար, չբացահայտեցին: Ու ինչքան այդպիսի ընտանիքներ կան, գիտեք չգիտե՞նք, մի բուռ Հայաստան է, ամեն ինչ գիտենք»:

Հետո սկսեցին հիշել, թե որ ցույցի ժամանակ ինչքան վնասվածքներ են կրել: Դավթյանն ասում էր. «Ես որ իմ մարմնի կապտուկը ցույց տվեցի՝ Հունան Պողոսյանը անգամ լաց եղավ: Ինչ է թե ասում էի՝ մի՛ մտի մեր գրպանը, Սերժ»:

Կանայք պնդում էին, որ իրենց անարդարությունն է ստիպել գալ ու այսօր ՍԴ-ի մոտ ցույց անել, որովհետեւ «30 տարի այս Սահմանադրական դատարանը ծառայել է բանդային: ՍԴ-ն բարձրագույն մարմին է, մեր պետության հիմքն է, եթե հիմքը լավ չկառուցվի, դրա վրա պետություն կառուցելն անհնար է: ՍԴ-ն պետք է բացահայտեր դատական համակարգում անօրինականությունը: Ինչների՞ս է պետք հիմա մեզ ՍԴ-ն, փոքր պետություն ենք: Եթե 30 տարի մենք աղքատ պետություն ենք ու ունենք այդքան միլիոնատերեր, դա ի՞նչ է նշանակում, որ ՍԴ-ն իր առաքելությունը չի կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031