Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամոլեռանդ քննադատողները ներկայիս իշխանական աթոռները զբաղեցնողներն էին». Սերժ Սրապիոնյան

Հուլիս 09,2021 15:16

«Երբ սկսեցին կիրառել թեստային քննությունները, ես քննության այդ տեսակի երդվյալ հակառակորդն էի, որովհետեւ խիստ համոզված էի, որ հարցերի այն շրջանակը, որն ընտրվելու է որպես ստուգման միջոց, մեխանիկորեն պետք է կրկնվի, տարեցտարի աստիճանաբար վերանալու է հայոց լեզվի եւ հայ գրականության իմացության շեմը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով ԳԹԿ-ի հրապարակած արդյունքները` հայոց լեզու եւ գրականության առարկայի քննության վերաբերյալ:

Պարոն Սրապիոնյանի խոսքով, ոչ մի տրամաբանություն չկա, որ, oրինակ, բանասիրության ֆակուլտետ ընդունվողը գրավոր Հայ գրականություն եւ հայոց լեզու է հանձնում, հետո էլ` բանավոր: Ասում է` ժամանակին տարբերակված քննություններ էին առաջարկում, դիմորդը հայոց լեզու հանձնելու դեպքում պետք է բանական շեմը հաղթահարեր, իսկ հումանիտար բլոկի դեպքում փոքր- ինչ ավելի խորքային մոտեցում էին պահանջում: «Տարբերակումը չմտցվեց ոչ նախկինների կողմից, ոչ հիմա: Ամենամոլեռանդ քննադատողները ներկայիս իշխանական աթոռները զբաղեցնողներն էին, իրենք սուսուփուս եկան, ու թեստերն ավելի ամրակայեցին: Հիշո՞ւմ եք` նախարարի աթոռը զբաղեցնողն ասում էր` մենք թեստերը պետք է վերացնենք, բայց փոխարենը ոչինչ չէր առաջարկում»:

ԵՊՀ դասախոսի համոզմամբ, երեխայի գրագիտությունը ստուգելու լավագույն տարբերակը փոխադրությունն է, դիմորդը պետք է կարողանա մաքուր հայերենով վերաշարադրել նյութը` չխախտելով վերջինիս տրամաբանությունը: Փաստում է՝ տասնամյակներով անվստահություն է սերմանվել ուսուցիչների ու դասախոսների հանդեպ. «Ասում էին՝ կոռումպացված են, լավ փողեր ուտող են, ինչպես հիմիկվա երգը, եւ մարդկանց չէին վստահում, մինչդեռ կարելի էր ստեղծել այնպիսի հսկողական մեխանիզմ, որը թույլ չտար մարդկանց գայթակղվել եւ այդպիսով խնդիրը լուծվեր: Դպրոցն արդեն 30 տարի որոնումների մեջ է: Ամեն տարի ուսուցչին «դեմ են տալիս» նոր մեթոդով շարադրված դասագիրք` հիմնականում հիմնված մարդու հիշողության չափման վրա, եւ ուսուցիչը մինչեւ կողմնորոշվի, դասավանդի, երեխաները կմնան անգրագետ: Կրթության կարեւորությունն իսպառ վերացել է, կրթությունը դարձել է երկրորդական»:

Իր ձեւակերպմամբ, լինելով ներկա իշխանությունների եդվյալ հակառակորդ, մեր զրուցակիցը հիշում է նաեւ անցյալում եղած մերժելին. «Երբ երեխան տեսնում է, որ այնպիսի մարդիկ կարող են հայտնվել երկրի գլխավոր ատյանում` ԱԺ-ում, մինչդեռ անգամ սեփական անուն-ազգանունները սխալ էին գրում, ու այդ նույն մարդիկ գնում հասնում են եւ փողային, եւ պաշտոնական բարձունքների, բնականաբար, սովորելը դառնում էր անհետաքրքիր: Եվ ուսուցիչներից մեծ ճիգ ու ջանք էր պահանջվում, որ կարողանային երեխաներին ստիպել յուրացնել անգամ պակաս հաջողված ծրագրերը: Դա եղավ մեկ տարի, երկու տարի, հնգամյակ, տասնամյակ, ի վերջո ուսուցիչն էլ հոգնեց, չհաշված այն, որ աշխատավարձն էլ վիրավորական լինելու աստիճան ցածր է»:

Կրթության հանդեպ հետաքրքրության նվազման պատճառներից մեկն է, ըստ Սերժ Սրապիոնյանի, դիպլոմների «անպետքությունն» է, երբ մեր երկրում առաջնորդվում են ոչ թե մարդու կրթական ցենզով, այլ խնամի, ծանոթ-բարեկամ սկզբունքով:

ԱՊՀ դասախոսի խոսքով, առաջին անգամ քանդեցինք մեր բուհերի «տունը», երբ 8 միավորից ցածր ստացած դիմորդները ընդունվեցին թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներ. «Կրթությունը ծախս է պահանջում եւ անմիջական փոխհատուցում էլ չի լինում: Եթե անգամ որեւէ մասնագիտության գծով ընդամենը 5 դիմորդ կա, եւ այդ 5-ից 3-ն են ընդունվել, պարտավոր ենք նրանց իրենց նախասիրած կրթությամբ մասնագիտացնել: Թե չէ գնալով վերանում են մասնագիտացումները, այսօր խելքը գլխին քիմիկոս կամ ֆիզիկոս չես ճարի, իսկ մաթեմատիկոս դեռ իներցիայով պահպանվել է»:

Մեր զրուցակիցը մի դրվագ հիշեց, երբ ասպիրանտուրան ավարտածը թեկնածուական մինիմում էր հանձնում, սակայն 4 հարցից 3-ի վերաբերյալ պատկերացում չուներ, 4-րդ հարցն էլ, որ Պետրոս Դուրյանի մասին էր, անունը լսել էր, սակայն նրա գրականության հիմնական մոտիվները չէր կարողանում ներկայացնել, բայց հավակնում էր գիտնական դառնալ:

«Ի՞նչ ենք ուզում ենք դպրոցից: Դպրոցին պիտի տանք, որ պահանջենք, մենք չենք ընտրում ուսուցիչ, մենք ուսուցիչ նշանակում ենք հանուն մեր քաղաքական կամ չգիտեմ ինչ շահերի: Սա է ամբողջ խնդիրը, եւ եթե դիմորդների 20, 30 կամ 50 տոկոսը չի հաղթահարել նվազագույնի շեմը, ուրեմն Վազգեն Սարգսյանը երիցս իրավացի էր, որ մի առիթով հայտարարեց, թե բանակում զինվորը իր մորը նամակ է գրում, ուզում է ասել` լավ եւ ապահով է ծառայում, բայց մտքերն այնպես է ձեւակերպում, որ ծնողներն ուղիղ հակառակն են հասկանում: Այսինքն` այդքան անգրագիտություն կար: Հիմա էլ, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասում է, թե 10 երեխաների չգիտեմ քանի տոկոսն անգրագետ է, ասում է մեղադրական տոնով, այն դեպքում, երբ հիմա այդ ամենի պատասխանատուն ինքն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031