Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Մինչեւ սեպտեմբեր կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»

Հուլիս 09,2021 15:08

«Այս պահին չենք կիրառում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր գործիքակազմը, բայց դրա որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են։ Կարանտինը վեց ամսով կրկին կերկարաձգվի»,-այսօր այս մասին ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ որոշ սահմանափակումների կամ պատվաստումների ավելի խիստ ներդրումը եւս մի գործիքակազմ է, որը եւս կիրառելի է շատ երկրներում, բայց ՀՀ-ն առայժմ կամավորության սկզբունքով է աշխատում եւ գնում է քաղաքացիներին կրթելու, տեղեկացնելու, նրանց համոզելու եւ ճիշտ տեղեկատվություն փոխանցելու ճանապարհով․ «Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ բավական հաջողում ենք։ Իհարկե, մենք մշակում ենք եւ մինչեւ սեպտեմբեր պիտի ներկայացնենք նոր սահմանափակումների փաթեթ, որովհետեւ որքան էլ մեր թվերն այս պահին բարվոք վիճակում են, մենք գիտենք, որ սեպտեմբերին՝ ուսումնական տարեսկզբին շարժի մեծ աճ կլինի եւ պետք է հստակ պատրաստվել դրան»։

Նա ասաց, թե որպեսզի չունենանք իրավիճակի վատթարացում՝ կրթական գործընթացի սկսվելուն պես, չունենանք համընդհանուր լոքդաուն եւ հեռակա ուսուցման պահանջ չառաջանա, պետք է ձեռնարկեն կանխարգելիչ միջոցառումներ՝ պատվաստումներ․«Եթե պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինի՝ դասերը կարող են լինել առցանց։ Իսկ սպասարկման ոլորտի աշխատողները եթե չեն ցանկանում պատվաստվել, ուրեմն պարբերաբար ՊՇՌ թեսթ պիտի հանձնեն։ Սա ազգային անվտանգության հարց է, օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կիրառելի են եւ պատրաստվում ենք օգտվել բոլոր հնարավոր միջոցառումներից։ Բայց կրկնեմ ՝ ընդունել ենք կամավորության սկզբունքը»։

Անդրադառնալով նախընտրական շրջանում իրավիճակի սրման հնարավորությանը, տիկին Ավանեսյանն ասաց, որ պատկերացնում էին, թե կլինի նոր դեպքերի որոշակի աճ․ «Հարցը աճի չափն էր եւ այն գործողություններն էին, որ մեր կողմից իրականցվեցին, որպեսզի զսպվի այդ աճը։ Հիմնական միջոցառումներն իրականացվում էին բացօթյա։ Ընտրությունների օրը ենթադրվում էր քաղաքացիների ամենամեծ շարժը, բացառիկ թերացումները հաշվի չառնելով ՝ընդհանուր առմամբ պահպանվեցին մեր առաջադրած բոլոր կանոնները, եւ չունեցանք նոր դեպքերի շեշտակի աճ, փոքր աճ ունենք»։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին Հայաստանի բուժաշխատողների մինչեւ 40%-ն է պատվաստված, ընդ որում՝ մարզերում բավական լավ իրավիճակ է։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում ՊՇՌ թեստավորման գները չեն նվազում, նախարարի պաշտոնակատարն ասաց՝ թեստավորումը մասնավոր ընկերություններն են իրականացնում, նախարարությունը չունի իրավունք միջամտելու գների կարգավորման գործընթացին․ «Բայց եթե դուք նայեք այլ երկրներում թեստավորման արժեքները, կտեսնեք, որ մեզ այն շատ բարձր չէ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031